Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում: Ստորև մենք կթվարկենք սեռական ցանկության անհետացման պատճառները։

1. Հոգեբանական սթրես

Սթրեսը և հոգնածությունը նվազեցնում են մտերմության ցանկությունը, գրգռվելու և հաճույք ստանալու ունակությունը: Գիտնականները պարզել են, որ առօրյա հոգսերն ու անհանգստությունները նվազեցնում են սեռական բավարարվածությունը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ։ Ցանկությունը վերականգնելու համար, առաջին հերթին, արժե բացահայտել սթրեսային գործոնները և հնարավորության դեպքում վերացնել դրանք։ Եթե չեք կարողանում հեռացնել անհանգստության պատճառը, փորձեք շեղել ձեզ դրանցից:

Ահա մի քանի առողջ միջոց սթրեսի դեմ պայքարելու համար.

• Մարզվել. սա չի լուծի խնդիրները, բայց կօգնի նվազեցնելու բացասական հույզերի ինտենսիվությունը և բարելավելու տրամադրությունը։

• Զրուցեք ընկերների և ընտանիքի անդամների հետ: Դուք կարող եք կիսվել ձեր խնդիրներով, ստանալ աջակցություն և հասկացողություն կամ պարզապես զվարճանալ:

• Շաբաթական առնվազն մի քանի ժամ հատկացրեք ձեզ համար հաճելի զբաղմունքի համար։

• Նոր բան սովորեք: Օրինակ՝ գրանցվեք օտար լեզվի դասընթացի, սովորեք նոր արհեստ կամ մարզաձև: Սա կօգնի ձեռք բերելու ինքնավստահություն և շեղվելու խնդիրներից:

• Խուսափեք անառողջ սովորություններից՝ ալկոհոլից, ծխելուց։ Մի բաժակ գինին և ծխախոտը կարող են հանգստացնել ձեզ այս պահին, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք կախվածություն են առաջացնում և միայն մեծացնում են ձեր կյանքում սթրեսի մակարդակը:

• Օգնեք այլ մարդկանց: Սա լավ է ձեր հոգեկան առողջության համար, քանի որ որքան շատ եք տալիս, այնքան ավելի երջանիկ և ավելի դիմացկուն եք դառնում:

• Երախտապարտ եղեք: Ավելի հաճախ մտածեք ձեր ունեցածի, քան չունեցածի մասին: Սովորություն դարձրեք ամեն օր գրել երեք բան, որոնց համար երախտապարտ եք:

• Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ կարող եք փոխել: Կան շատ բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են, օրինակ՝ այլ մարդկանց մտքերն ու գործողությունները, տնտեսական ճգնաժամը և համաճարակը: Ձեր անհանգստությունը չավելացնելու համար փորձեք մտածել միայն այն մասին, թե ինչ կարող եք կառավարել։

2. Հարաբերությունների հետ կապված խնդիրներ Սա ցածր լիբիդոյի ամենատարածված պատճառներից մեկն է: Ինչպես սթրեսի դեպքում, զույգի խնդիրներն ավելի շատ են ազդում կանանց, քան տղամարդկանց վրա: Նախկին կիրքը վերականգնելու համար աշխատեք զուգընկերոջ հետ անկեղծ ու բաց խոսել։

Փորձեք պարզել խնդիրների պատճառները և լուծել դրանք։ Եթե արդեն փորձել եք վերականգնել հարաբերությունները, բայց փորձերը ձախողվել են, գուցե արժե դիմել ընտանեկան հոգեբանի։

3. Ալկոհոլ Ալկոհոլի փոքր քանակությունը բարելավում է տրամադրությունը, նվազեցնում է անհանգստությունը և մեծացնում սուբյեկտիվ գրգռվածությունը և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ: Այլ կերպ ասած, մի գավաթ գինուց հետո մարդիկ հանգստանում են և հարաբերություն ունենալ ավելի շատ են ցանկանում, քան սթափ վիճակում: Սակայն էթանոլի կանոնավոր օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ցանկության, գրգռվելու և հաճույք ստանալու ունակության վրա:

4. Քնի խանգարումներ Նախորդ գիշերվա քնի պակասը կարող է մեծացնել սեռական գրգռվածությունը և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ: Բայց չնայած աճող լիբիդոյին, սակայն քնից զրկված մարդիկ հակված չեն հարաբերություն ունենալուն:

Ավելին, գիշերային հանգստի հետ կապված խնդիրները բացասաբար են անդրադառնում սեռական գործառույթի վրա։ 5. Դեղորայքի ընդունում Որոշ դեղամիջոցներ կարող են նվազեցնել լիբիդոն.

• արյան բարձր ճնշման դեղամիջոցներ, ներառյալ միզամուղներ,

• հակափսիխոտիկներ,

• հակադեպրեսանտներ,

• ֆինաստերիդ՝ նյութ, որը ներգրավված է տեստոստերոնի նյութափոխանակության մեջ,

• ցիմետիդին՝ հիստամինային H2 ընկալիչների արգելափակում, որը նշանակվում է պեպտիկ խոցի դեպքում,

• ցիպրոտերոնը հակաանդրոգեն է, որը նվազեցնում կամ վերացնում է արական սեռական հորմոնների ազդեցությունը հյուսվածքների և օրգանների վրա:

Տղամարդկանց շրջանում դեղեր ընդունելը կարող է ոչ միայն նվազեցնել լիբիդոն, այլև խնդիրներ առաջացնել էրեկցիայի և սերմնաժայթքման հետ:

6. Հղիություն և փոքր երեխայի խնամք

Հղիության ընթացքում որոշ կանայք կորցնում են հետաքրքրությունը սեռական կյանքի նկատմամբ և ավելի ու ավելի քիչ են զբաղվում դրանով։ Պատճառը կարող է լինել սեփական մարմնից ամաչելը, որը ուժեղ փոփոխություններ է կրում երեխա ունենալու ընթացում:

Բացի այդ, որոշ կանայք վախենում են, որ սեռական հարաբերության ժամանակ ինչ-որ կերպ կարող են վնասել պտղին: Այնուամենայնիվ, սեռական ցանկությունը միշտ չէ, որ երեխայի ծնվելուց հետո վերադառնում է:

Լակտացիայի ընթացքում հորմոնալ տատանումները կարող են ճնշել լիբիդոն և առաջացնել հեշտոցային չորություն, դե իսկ քնի պակասը և երեխայի խնամքը կարող են ճնշել սեռական հարաբերության մասին մնացած մտքերը: Եթե ձեր սեռական ցանկությունը անհետանում է հղիության ընթացքում կամ երեխայի ծնվելուց հետո, ասեք այդ մասին ձեր գինեկոլոգին:

7. Հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը

Հորմոնալ հակաբեղմնավորիչների որոշ տեսակների օգտագործումը կարող է նվազեցնել ձեր սեռական ցանկությունը: Դրանք ներառում են.

• համակցված հակաբեղմնավորիչ միջոցներ, ներառյալ համակցված հաբեր, հեշտոցային օղակներ և հակաբեղմնավորիչ միջոցներ,

• պրոգեստերոնի հաբեր,

• հակաբեղմնավորիչ իմպլանտներ,

• Դեպո-Պրովերի ներարկում:

Որպես կանոն՝ այս մեթոդների կողմնակի ազդեցությունները անհետանում են մի քանի ամիս օգտագործելուց հետո: Բայց եթե չեք ուզում սպասել, դիմեք գինեկոլոգին: Միգուցե նա խորհուրդ կտա հակաբեղմնավորման այլ միջոցներ։

8. Գիրություն Գիրությունը մեծապես նվազեցնում է կյանքի որակը, մեծացնում է վտանգավոր հիվանդությունների վտանգը և բացասաբար է անդրադառնում մարդկանց սեռական գործառույթի վրա։ Եթե ձեր մարմնի զանգվածի ինդեքսը 40 կգ/մ²-ից բարձր է, օգնության համար դիմեք բժշկի: Նա կստուգի ձեր առողջությունը, կգնահատի ռիսկերը և կտրամադրի անվտանգ և արդյունավետ քաշի կորստի ծրագիր:

9. Էրեկտիլ դիսֆունկցիա Էրեկցիայի հետ կապված դժվարությունն ինքնին չի նշանակում, որ տղամարդու մոտ լիբիդոն նվազում է։ Այնուամենայնիվ, այս պայմանները հաճախ ընթանում են միասին:

Շատ տղամարդիկ տառապում են դեպրեսիվ ախտանիշներից և անհանգստությունից՝ կապված էրեկցիայի հասնելու անկարողության և ամաչելու վախի հետ: Դա ստիպում է նրանց խուսափել սեռական ակտիվությունից և բացասաբար է անդրադառնում նրանց լիբիդոյի վրա:

10. Հորմոնալ խնդիրներ

Ցածր լիբիդոն կարող է առաջանալ հիպոթիրեոզի դեպքում. սա պայման է, որի դեպքում վահանաձև գեղձը բավարար քանակությամբ հորմոններ չի արտադրում: Այս վիճակը հաճախ ուղեկցվում է մշտական հոգնածությամբ, քաշի ավելացումով և դեպրեսիվ տրամադրությամբ: Բացի այդ, լիբիդոյի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ հիպերպրոլակտինեմիայից՝ պրոլակտին հորմոնի մակարդակի բարձրացումից: Եթե կասկածում եք նման խանգարումների մասին, դիմեք էնդոկրինոլոգի։ Բժիշկը կնշանակի անհրաժեշտ հետազոտություններ և կօգնի նվազեցնելու հորմոնների մակարդակը:

11. Դեպրեսիա (ընկճախտ)

Սա լուրջ հիվանդություն է, որի դեպքում մարդը երկար ժամանակ ապրում է հուսահատության և խորը տխրության զգացում և կորցնում է հետաքրքրությունը նախկինում հաճույք պատճառող բաների նկատմամբ: Դեպրեսիան կարող է ուղեկցվել նաև հոգնածությամբ, վատ քնով, ախորժակի և սեռական ցանկության կորստով: Եթե խանգարման ախտանիշներ եք զգում երկու շաբաթվա ընթացքում, օգնություն խնդրեք հոգեբույժից կամ հոգեթերապևտից:

12. Տարիքը Շատ մարդիկ տարիքի հետ կորցնում են հետաքրքրությունը սեռական ցանկության նկատմամբ: Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում է, ինչը բացասաբար է անդրադառնում էներգիայի մակարդակի, տրամադրության և լիբիդոյի վրա։

Բացի այդ, սեռական կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կարող է անհետանալ դեղեր ընդունելու, դեպրեսիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառով: Կանանց համար ամեն ինչ ավելի վատ է:

Կանանց մեծամասնությունը դաշտանադադարի է հասնում մոտ 50 տարեկանում. ձվարանների ձվաբջիջները սպառվում են, դաշտանները դադարում են, էստրոգենի մակարդակը նվազում է և դրա հետ նաև՝ գրգռվելու ունակությունը: Կապվեք ձեր բժշկի հետ, եթե ունեք բողոքներ լիբիդոյի նվազումից:

Նա կարող է նշանակել հորմոնալ թերապիա, խորհուրդ տալ ապրելակերպի փոփոխություններ կամ բացահայտել հիմքում ընկած պայմանները, որոնք պահանջում են բուժում:

 

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ինչու է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Ինչու է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո առաջացող որովայնի ցավը կոչվում է դիսպարեունիա