8 ամսական երեխայի զարգացումը

8 ամսական երեխայի զարգացումը

Երեխան ակտիվորեն մեծանում է. չորեքթաթ սողում է, կարողանում է ինքնուրույն նստել, բռնվելով կանգնում է, ձեռքերից բռնելիս՝ քայլելու փորձեր անում, սիրում է երաժշտություն լսել, մեղեդու տակ պարային շարժումներ է անում:

8 ամսականում երեխան կարողանում է ինքնուրույն և բավականին ձիգ նստել: Հենարանի օգնությամբ նա կանգնում է և նույնիսկ քայլեր անում: Ակտիվորեն սողում է չորեքթաթ:

Երեխան հասկանում է պարզ բառերի իմաստը, գիտի ինչ չի կարելի, կատարում է որոշ խնդրանքներ (գնացինք, տուր խաղալիքը, իջեցրու գլուխդ և այլն): Եթե սովորեցնեք, նա կծափահարի, թաթիկով հաջողության կմաղթի: Երեխան երկար խաղում է խաղալիքներով. բացում, փակում, պտտում, սեղմում և այլն: Ատիվորեն շրջում է հասանելի ողջ տարածքով, իսկ աթոռի, սեղանի կամ այլ հենարանի բախվելուց բռնվելով կանգնում է:

Մեծամասամբ այս հասակում երեխան արդեն 4 կաթնատամ է ունենում, երկուսը վերևում, երկուսը՝ ներքևում: Կարողանում է կծել և ծամել փափուկ մթերքներ: Երեխան ազատորեն կարողանում է ըմպել բաժակից՝ մեծահասակի ձեռքից:

Եթե փոքրիկը որևէ իր հավանի, ապա կփորձի խլել այն ուրիշի ձեռքից: Իր համար տհաճ գործողությունների դեմ բողոք է արտահայտում, հրում է մեծահասակի ձեռքերը:

Բառեր արտասանել չի կարողանում, սակայն արտաբերվող վանկերն ավելի պարզ և բազմազան են: Բառերի պասիվ պաշարն ավելանում է: Հասկանում է իրեն ուղղված խոսքը, պարզ խնդրանքն ու հանձնարարությունները:

8 ամսականում երեխան բավականին ակտիվ է, շատ հետաքրքրասեր և միևնույն ժամանակ՝ զուրկ ինքնապաշտպանվելու զգացումից: Նա դեռ չի գիտակցում իրեն վնաս հասցնելու հնարավոր վտանգները, և ծնողների կարևոր խնդիրը երեխայի անվտանգության ապահովումն է: Հեռացրեք փոքրիկի ճանապարհից մանր, սրածայր իրերը, թունավոր նյութերը և այլն:

Ինչպես նշվեց, երեխան կաողանում է հենարանի օգնությամբ կանգնել, սակայն միշտ չէ, որ նույն հաջողությամբ կարողանում է նստել: Փորձեք սովորեցնել փոքրիկին ոտքերը ծալել և փափուկ նստել:

Լինում է նաև, որ 8 ամսականում երեխան դեռ չի կարողանում ինքուրույն նստել կամ չորեքթաթ սողալ, սակայն սա անհանգստանալու պատճառ չէ, քանի որ երեխայի զարգացումը շատ անհատական է:

Այս հասակում երեխայի հույզերը փոխվում են գրեթե վայրկենապես: Սա իր դրական կողմերն ունի. հեշտ կլինի երեխայի ուշադրությունը շեղել տհաճ իրավիճակից և հանգստացնել լացելիս: Զգալիորեն բարելավվում է հիշողությունը:

Երեխան քնում է օրական 13-14 ժամ, որից 3-4-ը ցերեկը, իսկ գիշերը շուրջ 10 ժամ:

Երեխայի սնունդը բազմազան է. մայրական կաթ և հավելյալ սնունդ: Երեխան արդեն ծանոթ է նոր համերին, և այժմ հավելյալ կերն իր համար նաև սննդանյութերի աղբյուր է և աստիճանաբար փոխարինելու է մայրկան կաթին: Երեխան ուտում է տարատեսակ շիլաներ, այդ թվում՝ մրգերի հավելումով, կաթով: Ավելի նպատակահարմար է երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ ճաշի ժամանակ, որպեսզի ընտանիքի հետ միասին սնվելը վերածվի բարի ավանդույթի: Բացի այդ, տեսնելով, թե ինչպես են մեծահասակները սնվում՝ երեխան կրկնօրինակում է նրանց գործողությունները՝ այդպիսով սովորելով մեծահասակի պես սնվել:

Թույլատրվում է երեխային տալ մսի արգանակ, կամ մսային պյուրե: Նախընտրելի է թռչնամիսը: Հեղուկները պետք է տալ բաժակով, ապուրը՝ խորը ափսեյով, պլաստիկե գդալով: Սնվելուց առաջ լվացեք երեխայի ձեռքերը:

Ցանկալի է երեխային լողացնել երեկոյան ժամերին: Սովորաբար այս պրոցեսը երեխային մեծ բավականություն է պատճառում: Պարզապես ուշադիր եղեք, որպեսզի օճառաջուրը չլցվի աչքերի մեջ, և փոքրիկին չանհանգստացնի: Դրսի զբոսանքը ցանկալի է օրական մոտ երկու ժամ:

8-րդ ամսվա վերջից կարելի է սկսել երեխայի հետ մանկական զարգացնող խաղերով զբաղվել:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…