Հիմքային ջերմաստիճան է կոչվում այն ջերմաստիճանը, որը չափվում է առավոտյան ժամը 07:00-ից մինչև 07:30-ն ընկած ժամանակահատվածում, առնվազն ութժամյա քնից հետո, 10 րոպեի ընթացքում, նախապատրաստած սնդիկային ջերմաչափով, առանց անկողնուց վեր կենալու, հեշտոցում կամ հետանցքում (ուղիղ աղիքում):
Հիմքային ջերմաստիճանը հորմոնային վիճակի կարևոր ցուցանիշ է: Այն չափելն ու գրաֆիկ կազմելը հետևյալ նպատակներն է հետապնդում.
բեղմնավորման (հղիության) համար բարենպաստ և անբարենպաստ օրերի որոշում,
հորմոնային վիճակի անուղղակի որոշում հետագայում՝ անհրաժեշտության դեպքում առավել խորն ուսումնասիրելու նպատակով:
Թեստը հիմնված է գլխուղեղի ջերմականոնավորող կենտրոնի վրա պրոգեստերոնի ունեցած ազդեցությամբ (պրոգեստերոնի` հիմքային ջերմաստիճանը բարձրացնելու հատկությունը):
Ինքնազգացողության յուրաքանչյուր վատացում` ռինիտ (հարբուխ), տարբեր տեղակայման ցավեր և այլ առիթներ, տկարություն, ուշացած քուն, վաղ արթնացում, ջերմաչափի փոխում և այլն, անպայման պետք է արտացոլվեն ջերմության թերթիկում (հիմքային ջերմաստիճանի գրաֆիկում), քանզի նշված գործոնների ազդեցությամբ ջերմային կորագիծը կարող է փոփոխվել: Բնականոն դաշտանի (հորմոնների անհրաժեշտ մակարդակ և ճիշտ հարաբերակցություն) դեպքում ձվազատման հետ հիմքային ջերմաստիճանի կորը երկու, հստակ արտահայտված փուլից է բաղկացած. համեմատաբար ցածր (37.0°С-ից ցածր) և համեմատաբար բարձր (37.0°С-ից բարձր) ջերմաստիճանի փուլ: Ձվազատման դաշտանային ցիկլում փուլերի տատանման տարբերությունը (ամպլիտուդա) օրվա ընթացքում կազմում է 0.4-0.6°С: Աննշան տատանումը (0,1 - 0,2°С) ձվազատման բացակայության կամ հիմային ջերմաստիճանի չափման ձևի փոփոխության մասին է վկայում: Նախադաշտանային 1-2 օրը համեմատաբար բարձր (հիպերթերմիկ) ջերմաստիճանը սովորաբար իջնում է:
Հեղինակների մեծ մասի կարծիքով ձվազատումը տեղի է ունենում հիմքային ջերմաստիճանի նվազագույն (ամենացածր) ջերմաստիճանի պայմաններում կամ դրա բարձրանալու սանդղակի սկզբում, թեև հնարավոր են հիմքային ջերմաստիճանի կորագծից 3-4 օրվա շեղումներ: Հիմքային ջերմաստիճանի կորագծի բարձրացման սկզբի հենց այդ 3 օրն էլ բեղմնավորման համար ամենաբարենպաստն են: Հղիությունից խուսափելու պարագայում խորհուրդ է տրվում այդ նույն 3 օրը, առանց հակաբեղմնավորման մեթադների, ձեռնպահ մնալ սեռական հարաբերությունից: Կանոնավոր դաշտանով, առողջ, 18-35 տարեկան կինը տարվա ընթացքում կարող է 1-2 անգամ ձվազատում չունենալ: Առողջ, 36-40 տարեկան կինը տարվա ընթացքում կարող է 2-3 անգամ ձվազատում չունենալ:
Հիմքային ջերմաստիճանի միափուլ, ցածր կորագիծը բնորոշ է ձվազատման բացակայությանը: Հարկ է նշել, որ սուր և քրոնիկական հիվանդությունների սրացման փուլում գտնվող հիվանդությունների ժամանակ հիմքային ջերմաստիճանը բարձրանում է:
Հիմքային ջերմաստիճանը չափվում է միայն`
առավոտյան, ժամը 07:00-ից մինչ 07:30-ն ընկած ժամանակահատվածում,
առնվազն 8-ժամյա քնից հետո,
10 րոպեի ընթացքում,
նախապատրաստված սնդիկային ջերմաչափով,
առանց անկողնուց վեր կենալու (նախքան զուգարան գնալը),
հեշտոցում կամ հետանցքում (ուղիղ աղիքում):
Հավաստի (համարժեք) տվյալներ ստանալու համար ջերմաչափումը մշտապես նույն կերպ պետք է լինի` միշտ հեշտոցում կամ միշտ հետանցքում (ուղիղ աղիքում): Էլեկտրոնային ջերմաչափերը ցանկալի չեն:
Հիմքային ջերմաստիճանի չափումը առավոտյան ժամը 7-ից առաջ կամ 07:30-ից հետո ընկած ժամանակահատվածում, անբավարար գիշերային քնից (8-ժամից պակաս), ուշ (ժամը 23:00-ից հետո) կամ անհանգիստ, ընդհատումներով (զուգարան գնալով կամ առանց դրա), տոթ սենյակում քնելիս, 10 րոպեից քիչ ջերմաչափը պահելիս, վարակիչ,բորբոքային հիվանդությունների կամ ցանկացած տեղակայման ցավերի առկայության դեպքում հիմքային ջերմաստիճանի ցուցումները չեն կարող հավատ ներշնչել, այսինքն` չեն կարող հաշվի առնվել հիմքային ջերմաստիճանի գրաֆիկը վերլուծելիս: Հիմքային ջերմաստիճանի վրա կարող են իրենց դրոշմը թողնել հոգեկան ապրումները, արևահարումը, ֆիզիկական ակտիվությունը, նախօրյակի խնջույքը, ոգելից խմիչքը, ակտիվ սեռական հարաբերությունը և այլն:
Հիմքային ջերմաստիճանի տվյալների հավաստիության, բեղմնավորման բարենպաստ կամ անբարենպաստ օրերը որոշելու համար (հղիանալու համար) անհրաժեշտ է հիմքային ջերմաստիճանի գրաֆիկ կազմել առնվազն երեք ամիս ժամանակով:
Գրաֆիկ 1. Հիմքային ջերմաստիճանի չափման ճիշտ կազմած օրինակ իր պարզաբանումներով:
Գրաֆիկ 2. Տվյալ օրինակում ձվազատում տեղի չի ունեցել:
Գրաֆիկ 3. Տվյալ գրաֆիկը կազնված է հարբուխի ժամանակ: