Մեկ տարեկան երեխա

Ահա և երեխայի առաջին տարեդարձն է: Ծնունդից 12 ամիս անց փոքրիկն ակտիվ, հետաքրքրասեր և բավականին ինքնուրույն է դարձել:
Մեկ տարեկանում երեխայի գլխավոր ձեռքբերումը ինքնուրույն քայլելն է: Այս տարիքի երեխաների մեծ մասն ազատորեն կանգնում է և մի քանի քայլ անում առանց ուղեկցողի կամ հենարանի:
Չորեքթաթ սողում է ամբողջ տարածքով, կանգնում է ոտքի և հետ նստում: Մի քանի պարզ բառեր է արտասանում: Տարբեր մարդկանց հանդեպ ունի տարբեր վերաբեմունք: Ճանաչում է ձեռքերն ու ոտքերը և հագնվելիս ճիշտ է պատասխանում մեծահասակի հրահանգին՝ ոտքը կամ ձեռքը բարձրացնելով:
Կարողանում է պինդ մթերքները կծել, ծամել: Ավելի լավ է հաջողվում գդալից և բաժակից օգտվել:
Սկզբնական շրջանում, երբ երեխան առանց հենարանի է փորձում քայլել, ավելի հաճախ է ընկնում: Նա անփույթ է և հնարավոր է վնասի իրեն: Փոքրիկի ընկնելուց պետք չէ բղավել կամ բարկանալ նրա վրա, այլ պետք է հանգիստ տոնով խոսել նրա հետ, փորձել հանգստացնել լացը, շեղել երեխայի ուշադրությունը: Եթե մեկ տարեկան երեխան ինքնուրույն քայլեր է անում, ծնողների խնդիրն է սատարել երեխային, թույլ չտալ, որպեսզի վնասվածքները քայլելու հանդեպ վախ առաջացնեն:
Քանի որ շարժումային ակտիվությունը բարձրացել է, երեխան ավելի դանդաղ է քաշ ավելացնում: Երբեմն երեխան ինքն է հրաժարվում սնվելուց, քանի որ այժմ նա այլ հետաքրքրություններ ունի: Պետք չէ երեխայի սնունդն ավելացնել և ստիպել նրան շատ ուտել, փոխարենը նրան ճաշի ժամին ընդհանուր սեղանի շուրջ նստացրեք և առաջարկեք ինքնուրույն ուտել, քանի որ դա երեխայի մոտ հետաքրքրություն կառաջացնի:
Մեկ տարեկանում երեխան ունի պասիվ բառապաշար: Նա հասկանում է ավելի շատ, քան կարողանում է արտահայտվել: Սովորաբար նա սիրում է արտասանել կրկնվող վանկեր՝ մա-մա, պա-պա և այլն:
Քնում է օրական մոտ 13 ժամ, որից 10-11-ը գիշերը, իսկ 2-3-ը՝ ցերեկը:
Մեկ տարեկանում դեռ խրախուսվում է մայրական կաթը: Հավելյալ սնունդը ներառում է մրգեր, բանջարեղեն, միս, ձուկ, կաթնաշոռ, կաթմաթերք, թխվածքաբլիթ: Ցանկալի է կերակրել 3-4 ժամ ինտերվալներով: Հաճույքով ուտում է շիլաներ, և մանր կտրատած մթերքներ: Սովորաբար մեկ տարեկանում երեխան 6-8 կաթնատամ է ունենում:
Ցանկալի է երեխային լողացնել միևնույն ժամերի: Շատերը դա վերածում էն ավանդույթի՝ երեխային լողացնում են երեկոյան, այնուհետև կերակրում կրծքով, ինչից հետո փոքրիկն ավելի լավ և հանգիստ է քնում:
Խորհուրդ է տրվում երեխայի համար գնել ակներով խաղալիքներ, որոնք նա կկարողանա գլորել առաջ: Այդպես կզարգանա փոքրիկի շարժումների կոորդինացիան: