Այլ նյութեր
Անհավատարմություն և խանդ
Չեպմենի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են խանդում։
Լայնամասշտաբ հետազոտությանը մասնակցել է տարբեր տարիքի և սեռական նախասիրությունների 64․000 տղամարդ և կին։ Մասնակիցներին առաջարկվել է երկու սցենար, որոնցից յուրաքանչյուրը պետք է ընտրեր մեկը՝ այն, որն իրեն ամենաշատն է տխրեցրել։ Արդյունքում գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե ինչպես են տղամարդիկ և կանայք արձագանքում ֆիզիկական և հուզական դավաճանությանը։
1. Հայտնաբերել եք, որ ձեր զուգընկերը սեռական հարաբերություն է սկսել այլ մարդու հետ, սակայն չի սիրում նրան։
2. Իմացել եք, որ ձեր զուգընկերը սիրահարված է այլ մարդու, սակայն սեռական հարաբերություն չի ունենում նրա հետ։
Պարզվել է, որ հետերոսեքսուալ տղամարդկանց, ի տարբերություն հետերոսեքսուալ կանանց, ավելի շատ տխրեցնում է ֆիզիկական դավաճանությունը, քան հուզականը։ Հետերոսեքսուալ կանայք, հոմոսեքսուալ տղամարդիկ և կանայք ավելի շատ ցավում են, որ իրենց զուգընկերը սիրահարված է։
Որ հետերոսեքսուալ տղամարդիկ ավելի բացասաբար են ընդունում սեռական դավաճանությունը բացատրվում է այն հանգամանքով, որ տղամարդը երբեք ամբողջովին չի կարող վստահ լինել իր հայրության հարցում, եթե իհարկե ԴՆԹ հետազոտություն չանի, ի տարբերություն կնոջ, ով չունի նման խնդիր։ Հենց այս պատճառով էլ տղամարդու հակազդումը ֆիզիկական դավաճանությանն ավելի արտահայտված է։
Կանայք իրենց հերթին վախենում են տղամարդուն կորցնելուց, իսկ նրա հետ նաև այլ բաներ՝ պաշտպանվածություն, ապրուստի միջոցներ, ապահովություն ․․․ Հենց այս պատճառով էլ կանայք ավելի սուր են արձագանքում հուզական կապվածությանը, ուշադրությանը, որ տղամարդը տալիս է ուրիշ զուգընկերուհու: Սա հաճախ դառնում է ընտանիքի քայքայման պատճառ։
Մյուս վախը, որ տղամարդկանց ստիպում է ավելի հիվանդագին ընկալել ֆիզիկական դավաճանությունը, սեփական առնականության և սեքսուալ կարողությունների հանդեպ վստահության կորուստն է։ Մտածողության տրամաբանությունն այսպես է՝ եթե կինն անկողինը կիսում է այլ տղամարդու հետ, նշանակում է, որ նա գոհ չէ սեռական ոլորտում։
Հարցված տղամարդկանց կեսը խոստովանել է, որ դավաճանում է իր զուգընկերուհուն, իսկ կանանց դեպքում՝ միայն 34%-ը։ Հետաքրքիր է, որ հետերոսեքսուալ տղամարդիկ, ովքեր ամենաշատն են դավաճանել, ավելի քիչ են ցավում իրենց զուգընկերուհու անհավատարմության համար, քան կանայք՝ 46%-ն ընդդեմ 65%-ի։