Սննդային թունավորումը հղիության ընթացքում

Սննդային թունավորումը հղիության ընթացքում

Սննդային թունավորումներից ապահովագրված չէ ոչ ոք: Հղի կանայք պետք է առանձնահատուկ զգոն լինեն․ չէ՞ որ դրանից է կախված հղիության ընթացքը, ընդհանուր ինքնազգացողությունը և պտղի վիճակը: Թունավորման ախտանշանները կարող են երկար ժամանակ անհանգստացնել, նույնիսկ հանգեցնել ավիտամինոզի և ջրազրկման: Պետք է սովորել լսել ինքներդ ձեզ և անհրաժեշտության դեպքում ժամանակին սկսել բուժումը: Թունավորումները հաճախ են հանդիպում ամռան ամիսներին և տոների շրջանում: Վերջին դեպքում պատճառն այն է, որ մարդիկ երկար ժամանակ են սառնարանում պահում սնունդը: Ի վերջո սննդի վրա սկսում են բազմանալ տարատեսակ միկրոօրգանիզմներ և բակտերիաների թույներ:

Սննդային թունավորումների մեկ այլ պատճառ է օրգանիզմի համար վնասակար նյութերի պարունակությամբ սնունդ ուտելը (ֆորմալդեհիդով մշակված հավի միս, թունաքիմիկատներով աճեցրած մրգեր): Հազվադեպ չեն նաև թունավոր բույսերից, սնկերից թունավորումները: Վարակի աղբյուր կարող են լինել նաև վաճառողների կեղտոտ ձեռքերը և արկղերը, որոնցում պահվում է սնունդը: Սննդային թունավորումները հաճախ կրում են սեզոնային բնույթ և մեծամասամբ բնորոշ են տաք կլիմայով և բնակչության ցածր կենսամակարդակով երկրներին: Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում հիվանդածին բակտերիաները մի քանի անգամ արագ են բազմանում:

Սննդային թունավորումների նշանները

Սննդային թունավորումների ախտանշանները նման են և էական չէ, թե որ միկրոօրգանիզմներն ու նյութերն են այն հարուցել: Տարբերությունը միայն թունավորման բնույթի և ընթացքի ծանրության մեջ է: Անորակ սննդի ընդունումից մոտ 30 րոպե անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները: Թունավորման բնորոշ ախտանշաններն են՝

  • տանջող, ուժեղ սրտխառնոց, 
  • առատ թքարտադրություն, 
  • սարսուռ, ջերմություն, 
  • փորլուծություն (կղանքում կարող են հայտնվել կերած սննդի մնացորդներ),
  • կերած սննդի և ստամոքսահյութի պարունակությամբ փսխում, 
  • գլխապտույտ, թուլություն, 
  • նյարդային համակարգի խանգարումներ:

Բոլոր վերոնշյալ ախտանշաններն անհետանում են 1-3 օրվա ընթացքում, բայց թուլությունը, փորի փքվածությունըը և որովայնի ցավերը կարող են շարունակվել մեկ շաբաթ:

Վտանգները հղիության ընթացքում

Թունավորումները հղի կնոջ համար բնականաբար չեն կարող անհետ անցնել, այդ պատճառով անհրաժեշտ է ջանք չխնայել դրանցից խուսափելու համար: Ին՞չ վտանգներ է պարունակում այս հիվանդությունը: Առաջին՝ փորլուծությունն ու փսխումն ուղեկցվում են ջրի կորստով, ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման: Վերջինիս նշաններն են գլխացավը, ծարավը, բերանի չորությունը, սրտխառնոցը: Անհրաժեշտ է անմիջապես լրացնել հեղուկի պակասը: Դրա համար կարելի է խմել աղային լուծույթ և եռացրած ջուր: Նվազում է նաև շրջանառվող արյան ծավալը և նրանում բարձրանում է օքսիտոցինի խտությունը: Դա արգանդի կծկումներ առաջացնող հորմոն է, և դրա բարձրացումը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության:

Երկրորդ՝ ինքնաթունավորման արդյունքում խանգարվում է նյութափոխանակությունը և պտղին արյան մատակարարումը:

Երրորդ՝ փսխման արդյունքում կնոջ օրգանիզմից դուրս են գալիս հանքային նյութերը, վիտամինները, որոնք այնքան կարևոր են զարգացող պտղի համար: Ինքնազգացողության լավացումից հետո կարևոր է այդ անբավարարությունը լրացումը:

Չորրոդ՝ արյան խտացման և թրոմբագոյացման պատճառով խնդիրներ են ունենում այն կանայք, ովքեր ունեն վերջույթների երակների վարիկոզ լայնացում: Այն հարցը, թե արդյոք մոր թունավորումը կարող է վնասել պտղին, շատերին է անհանգստացնում:

Հնարավո՞ր է արդյոք վարակը փոխանցվի պտղին և առաջանա ներարգանդային վարակում: Այս առումով անհանգստանալ պետք չէ, քանի որ պտղին վարակ կարող է անցնել միայն սնկերից թունավորվելու դեպքում, երբ թույները ներթափանցում են՝ հաղթահարելով ընկերքային արգելքը: Նման դեպքեր հազվադեպ են լինում: Ընդհանուր առմամբ սննդային թունավորումը վտանգավոր է ապագա մայրիկի համար:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ բժշկի դիմել

Երբեմն սննդային թունավորումներն այնքան վտանգավոր կարող են լինել, որ պահանջվի մասնագիտական բժշկական օգնություն: Հարկավոր է դիմել բժշկի ստորև նշված դեպքերում։

  • Կասկած կա, որ թունավորումը սնկերից է, քանի որ դրանք մահացու վտանգավոր կարող են լինել և ինչպես արդեն նշվեց վերևում, հնարավոր է նաև պտղի վարակում: 
  • Սննդի ընդունումից որոշ ժամանակ անց նկատվում է շնչառության դժվարացում, խոսքի խանգարում, մեզի կանգ կամ կոպերը բարձրացնելու դժվարացում: 
  • Փորլուծությունը շարունակվում է ավելի քան 24 ժամ և ուղեկցվում է արյունային կամ ջրային արտադրությամբ: 
  • Նկատվում է մաշկի, աչքերի դեղնում, մեզի գույնը մգանում է: 
  • Կան ջրազրկման նշաններ՝ մեզի բացակայություն, կախված աչքեր, ճաքճքած շրթունքներ): 
  • Առաջացել է ցան կամ հոդերի ուռածություն:

Ցանկացած դեպքում բժշկի խորհրդատվության կարիք կա, մի վտանգեք ձեր և ձեր փոքրիկի առողջությունը:

Սննդային թունավորման բուժումը

Թունավորումների բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է բուժման թերապիա անցկացնել, հատկապես, եթե թունավորումը տեղի է ունեցել հղիության առաջին եռամսյակում: Բուժումը կօգնի կանխել արգանդի կծկումային ակտիվության բարձրացումը, վերացնել ինքնաթունավորման և ջրազրկման հետևանքները: Չի կարելի ստամոքսի լվացում կատարել, քանի որ դա լի է վտանգավոր հետևանքներով: Շատ արդյունավետ են ընդհանուր ինքնաթունավորման վերացմանն ուղղված միջոցառումները (դեզինտոքսիկացիոն թերապիա): Հատուկ լուծույթների կիրառմամբ հնարավոր է դառնում կարգավորել հղի կնոջ վիճակը և դադարեցնել թունավոր նյութերի տարածումն օրգանիզմում:

Բացի այդ, անհրաժեշտ է ընդունել սորբենտներ թունավոր նյութերի դուրս բերման համար, օրինակ՝ ակտիվացված ածուխ և այլ միջոցներ, որոնք թույլատրելի են հղիության ընթացքում: Որպես կանոն հակաբակտերիալ դեղամիջոցներ չեն նշանակվում՝ բացառությամբ ծանր դեպքերի: Հղիության ցանկացած ժամկետներում փորլուծության դեղորայքն անհրաժեշտ է զգուշությամբ ընդունել: Պետք է համոզվել, որ դրանցում չեն պարունակվում նատրիում կամ նատրիումի բիկարբոնատ, որոնք հակացուցված են հղի կանանց:

Սննդային թունավորումից հետո անհրաժեշտ է պահպանել բեռնաթափման սննդակարգ: Կարելի է խմել քաղցր, թունդ թեյ, ոչ յուղալի ապուրներ, բանջարեղենային պյուրեներ: Պետք չէ ուտել հում մրգեր, բանջարեղեն, միս և ձուկ մինչև ամբողջությամբ ապաքինվելը:

Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել պարզ կանխարգելիչ միջոցների՝ ուտելուց առաջ միշտ լվանալ ձեռքերը, լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը, չօգտագործել մթերքներ, եթե կան պահանման ժամկետների հետ կապված կասկածներ: Պետք է հրաժարվել ուտելիքը սեղանին թողնելու սովորությունից, քանի որ սենյակային ջերմաստիճանում բակտերիաները շատ արագ են բազմանում: Պետք է սննդակարգից հանել մսային պահածոները, չպաստերիզացված պանիրները, պաշտետը, հում ձուն:

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…