Էնդոմետրիումի պոլիպ

Էնդոմետրիումի պոլիպը բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի խոռոչում։ Էնդոմետրիումի պոլիպի ձևավորումը հիպերպլաստիկ պրոցես է, այսինքն՝ հավելուրդային, ոչ բնորոշ գոյացություն է, որն առաջանում է էնդոմետրիալ շերտից։ Բազմաթիվ պոլիպների առաջացման կամ կրկնման դեպքում խոսքն արդեն հիվանդության՝ պոլիպոզի մասին է։
Կարդացեք՝ Էնդոմետրիում․ հաստությունը և խանգարումները
Տեսակները
Պոլիպն առհասարակ ախտաբանական գոյացություն է՝ կազմված մարմնից և ոտիկից, որով տարբեր օրգանների ներսում ամրանում է իր հենքին։ Էնդոմետրիումի պոլիպը, ըստ կառուցվածքի և բջիջների կազմի, լինում է՝
- գեղձային՝ կազմված ստրոմալային բջիջներից՝ ներառյալ արգանդային գեղձերը,
- գեղձային-ֆիբրոզային, ունենում է հիմնականում ֆիբրոզային կառուցվածք և հազվադեպ է ներառում արգանդային գեղձերը,
- ֆիբրոզային՝ կազմված բացառապես ֆիբրոզային բջիջներից,
- ադենոմատոզ՝ կազմված գեղձային էպիթելից, օժտված պրոլիֆերացիայի նշաններով և գեղձերի կառուցվածքային վերափոխմամբ։
Պատճառները և ռիսկի գործոնները
Էնդոմետրիումի պոլիպը կարող է առաջանալ ցանկացած տարիքում՝ անկախ սեռական կյանքից, հղիության և ծննդաբերության առկայությունից։ Հիմնականում, սակայն, պոլիպն առաջանում է 30-35 տարեկանում, իսկ պոլիպոզի վտանգն աճում է հիսունում։ Երիտասարդ տարիքում, երբ կինը հղիանում և ծննդաբերում է, հաճախ առաջանում է գեղձային տեսակի պոլիպ, մեծ տարիքում՝ մենոպաուզայից հետո՝ ֆիբրոզային և ադենոմատոզային գոյացություններ, իսկ այ ֆիբրոզային-գեղձային պոլիպը կարող է առաջանալ ցանկացած տարիքում։
Առաջացման հիմնական պատճառներն են՝
- հորմոնային խանգարումներ՝ էստրոգենների ավելցուկի կամ պրոգեստերոնի անբավարարության ֆոնին,
- արգանդը վնասող միջամտություններ՝ աբորտ, քերում, ներարգանդային պարույրի երկարատև կրում,
- հղիության ընդհատում, վիժում կամ ծանր ծննդաբերություն,
- հորմոնային համակարգի խանգարումներ (վահանագեղձի աշխատանքի խանգարում, գիրացում կամ շաքարային դիաբետ), որոնք խաթարում են սեռական հորմոնների փոխանակությունը,
- փոքր կոնքի շրջանում բորբոքային քրոնիկական պրոցես, սեռավարակներ՝ էնդոմետրիտի զարգացմամբ, արգանդի ներքին թաղանթի բորբոքում և այլն։
Կարդացեք՝ Կնոջ վերարտադրողական համակարգի հորմոնակախյալ հիվանդություններ
Ախտանշանները
Ախտանշանները տարաբնույթ են՝ կախված պոլիպների քանակից և չափերից։ Մեկ փոքրիկ պոլիպի դեպքում հնարավոր է, որ ախտանշաններ ի հայտ չգան, և այն հայտնաբերվի պատահականորեն։ Եթե պոլիպը մեծ է կամ մի քանի հատ, ապա ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները՝
- դաշտանային ցիկլի խանգարում (քսվող կամ միջդաշտանային արնահոսություն),
- առատ կամ երկարատև դաշտան,
- ցավոտ դաշտան,
- ցավ որովայնի ստորին հատվածում, որն ուժգնանում է սեռական հարաբերությունից կամ օրգազմից հետո,
- առատ արտադրություն, հատկապես մեծ պոլիպի դեպքում,
- մենոպաուզայի ժամանակ հնարավոր է փոքրաքանակ արնահոսություն նկատվի ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո։
Ախտորոշումը
Հնարավոր է հայտնաբերել հայելիներով զննման ընթացքում, եթե պոլիպն արգանդի պարանոցի արտաքին օղից դուրս է գալիս, սակայն եթե այն արգանդի մարմնի ներսում է, ապա ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Ճշգրիտ ախտորոշման նպատակով անցկացվում է՝
- փոքր կոնքի ՈւՁՀ,
- ախտորոշիչ հիստերոսկոպիա, որի ընթացքում միաժամանակ հեռացվում է նաև պոլիպը, որի հիստոլոգիական ուսումնասիրությունից հետո պարզվում է նրա տեսակը, կառուցվածքը և հաստատվում է ախտորոշումը։
Հարկավոր է պոլիպը տարբերել փոքրիկ սուբմուկոզ միոմայից, էնդոմետրիոզից և հղիության սկզբնական փուլից։
Բուժումը
Էնդոմետրիումի պոլիպը ցուցում է ախտորոշիչ հիստերասկոպիայի և հեռացման համար։ Հիստերոռեզէկտոսկոպիայի ժամանակ պոլիպը հեռացվում է, իսկ արգանդի այն հատվածը, որտեղ ամրացած է եղել այն, կտրվում և այրրում են։ Վիրահատությունն արագ է կատարվում՝ ն/ե կամ սպինալ անզգայացմամբ։ Մոտ տասն օր հնարավոր է, որ արյունային արտադրություն նկատվի արգանդի խոռոչից:
Վարակների կանխարգելման նպատակով վիրահատությունից հետո կարող է բժիշկը հակաբիոտիկներ նշանակել։ Վիրահատության ընթացքում վերցված նյութն ուղարկվում է պաթոհիստոլեգիական քննության, քանի որ ադենոմատոզ պոլիպի հայտնաբերման դեպքում բուժումն այլ բնույթ է կրում։
Բարդությունները
Հիմնական բարդությունն անպտղությունն է, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարումները, անեմիան։ Բացի այդ հնարավոր է, որ պոլիպը կրկնվի՝ առաջացնելով պոլիպոզ։ Հազվադեպ էնդոմետրիումի պոլիպը (հիմնականում ադենոմատոզային ձևը) վերածվում է չարորակ ուռուցքի, էնդոմետրիումի քաղցկեղի։