4 ամսական երեխայի զարգացումը

4 ամսական երեխայի զարգացումը

4 ամսականում երեխան դառնում է ավելի հանգիստ, իսկ նրան խնամելը՝ հեշտ: Ծնողներն արդեն սովոր են նոր ռեժիմին: Երեխայի գիշերային քունն ավելի է երկարում, քանի որ նրա ստամոքսը մեծանում է և այժմ նա կարողանում է 6 ժամ անդադար քնել՝ առանց քաղցելու:

Ի՞նչ է կարողանում անել երեխան 4 ամսականում

Գլխավոր ձեռքբերումն այն է, որ երեխան ավելի լավ է կառավարում ձեռքերը. նա բռնում է իր հավանած առարկան և անմիջապես տանում է դեպի բերանը, կամ նետում է այն: Նախկինում նույնպես ստացվում էր իրեր բռնել, սակայն այժմ նա ավելի վստահ և հստակորեն է ձեռքն ուղղում առարկայի ուղղությամբ և վերցնում այն:

Երեխան շատ լավ ճանաչում է մայրիկին կամ խնամակալին, և սիրում է գրավել նրա ուշադրությունը: Նա գիտի իր անունը և այն լսելիս հայացքն ուղղում է խոսացողի կողմը: Երեխան հասկանում է երբ իրեն են դիմում, զգում է նաև էմոցիաները, կարողանում է տարբերել մայրիկի ձայնը մյուսներից:

Այս հասակում երեխան կատեգորիկ չի սիրում մենակ մնալ, լաց է լինում, կապրիզներ անում: Նա ձգտում է խաղալ մայրիկի հետ, կամ մնալ նրա գրկում:

4 ամսականում երեխան քնում է օրական 16-17 ժամ, որից 10-ը՝ գիշերը: Քնում է ավելի խորը և երկար: Անկողնու մեջ շարժվում է, կողքի դիրքից շրջվում է որովայնի վրա: Սովորաբար նա ինքն է արթնանում քաղց զգալիս, և նրան հատուկ արթնացնելու կարիք չկա:

Մեջքի վրա պառկած դիրքից նա կարողանում է գլուխն ու ուսերը մի փոքր վեր բարձրացնել, փորձում է նստել: Արտաբերում է առաջին վանկերը: Ունի սիրելի խաղալիքներ, որոնց հետ նախընտրում է խաղալ:

Եթե երեխայի ձեռքերից բռնեք, նա կձգվի և կնստի, իսկ եթե թևատակերից պահեք, նա կկարողանա կանգնել թաթիկների վրա: Չնայած սրան, խորհուրդ չի տրվում երեխային ստիպել մանկասայլակում կամ բարձերի օգնությամբ նստած դիրքում մնալ: Այս հասակում երեխայի ողնաշարը դեռ թույլ է, մկաններն էլ լավ զարգացած չեն:

4 ամսականում, համեմատած ծննդյան քաշի հետ, երեխայի քաշը գրեթե կրկնապատկվում է՝ դառնալով 6.5-8 կգ:

Երեխայի կերակրումը կատարվում է բացառապես կրծքով: Նա հետաքրքրվում է մեծահասակների սնունդով, նայում է սեղանին, փորձում է վերցնել մթերքները և տանել բերանը: Այսպես նա ծանոթանում է շրջակա աշխարհին, սակայն դա չի նշանակում, որ պետք է թույլ տալ նրան համտեսել մթերքները: Նրա օրգանիզմը դեռ պատրաստ չէ այլ սննդատեսակներ յուրացնելուն:

Կրծքով կերակրման ժամանակ երեխան սկսում է շրջել գլուխը, դադարել ուտելը, սակայն նրա կապրիզները չեն նշանակում, որ պետք է նրան հեռացնել կրծքից և համարել կերակրումն ավարտված: Այս երևույթը երեխայի աճի առանձնահատկություններից է, և դրան պետք է ըմբռնումով և համբերատարությամբ մոտենալ:

Ժամանակ գտեք երեխայի հետ շփվելու համար: Այս հասակում երեխայի արտաբերած ձայներն ու վանկերն ավելի տարրաբնույթ են, և նա ակտիվորեն օգտագործում է դրանք՝ կարծես խոսում է «իր լեզվով»: Այդ ընթացքում նաև փոխում է դեմքի արտահայտությունը, շարժում է ձեռքերն ու ոտքերը: Անհրաժեշտ է ընդառաջել երեխայի խոսելու փորձերին:

4 ամսական երեխան ճանաչում է իրեն հայելիում և տարբերում է իր արտացոլումն այլ մարդկանց արտացոլումից: Ուսումնասիրում է նոր միջավայրը, ժպտում է, երբ հանդիպում է իրեն ծանոթ մարդկանց, անծանոթներին սկբում դժգոհությամբ է նայում:

4 ամսականում երեխային կարելի է լողացնել ամեն օր: Սովորաբար երեխան սիրում է լողանալը, ծիծաղում է, ուրախ ձայներ արձակում, շարժում ոտքերն ու ձեռքերը: Լոգանքը խորհուրդ է տրվում կատարել 37 C ջրով, 5-10 րոպե տևողությամբ: Լվացեք երեխայի դեմքն ամեն օր, մաքրեք քիթիկը և խնամեք եղունգները:

Խորհուրդ է տրվում նաև ամեն օր երեխային տանել զբոսանքի, կարելի է մինչև 2 ժամ տևողությամբ:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…