Ի՞նչ անել, եթե ծննդաբերությունից հետո մազերն սկսում են թափվել

Սովորաբար ծննդաբերությունից հետո՝ կրծքով կերակրման շրջանում, կանայք բախվում են մազաթափության խնդրին։ Այդպես է լինում, որովհետև անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի մեծ մասն ընկերքի միջոցով անցնում է պտղին։
Կարդացեք՝ Մազաթափություն հղիության ընթացքում
Յուրաքանչյուր մարդ ամեն օր մազ է կորցնում։ Բնական է համարվում օրական 100 մազի անկումը, սակայն որոշ հղիներ և կերակրող մայրեր կարող են օրական կորցնել մինչև 500 մազ, ինչը չափից շատ է։ Այդ պրոցեսն ուղղակիորեն կապված է էստրոգեն հորմոնի մակարդակի անկման հետ։
Ծննդաբերությունից հետո մազերի կորստի հիմնական պատճառներն են՝
- չհավասարակշռված սննդակարգ,
- սթրեսներ,
- կալցիումի, սննդանյութերի ու հանքանյութերի պակաս,
- հորմոնային փոփոխություններ։
Մազաթափությունը ծննդաբերությունից հետո կարող է տևել վեց ամիս, իսկ եթե շարունակվում է, պետք է դիմել մասնագետի և բուժում ստանալ։
Բուժումը
Առաջին բանը, որ պետք է անել մազաթափության դեպքում, մազերը կարճ կտրելն է, ինչը կնպաստի դրանց արագ վերականգնմանը։ Հավասարակշռել սնունդը։ Սննդի օրաբաժինը պետք է ներառի կենդանական սպիտակուցներ, որոնք խթանում են մազերի աճը, ինչպես նաև կալցիում ու ասկորբինաթթու պարունակող մթերքներ։
Կարդացեք՝ Պայքարում ենք մազաթափության դեմ
Կոսմետիկ միջոցներ օգտագործել։ Այսօր ցանկացած դեղատնից կամ սովորական խանութից կարող եք գտնել մազերի վերականգնմանը նպաստող միջոցներ, դիմակներ, բնական յուղեր, ինչպես նաև մերսող սանրեր ու խոզանակներ։ Հաշվի առեք, որ սանրը պետք է լինի բնական նյութերից, մազերը սանրեք ամեն օր քնելուց առաջ։
Մազաթափության կանխարգելումը
Մազաթափությունը կանխարգելելու նպատակով հարկավոր է բազմազան սնունդ ուտել՝ ձուկ, միս, բանջարեղեն, մրգեղեն, ձիթապտղի յուղ և այլն։ Խուսափեք մազերի հարդարման տարատեսակ սարքերից։
Հրաժարվեք վնասակար սովորություններից՝ ծխելուց, ալկոհոլի և սուրճի չարաշահումից։ Ընտրեք մազերի տեսակին համապատասխան շամպույն՝ հարուստ վիտամիններով, փայտե սանր, մի օգտագործեք ձիգ մազակալներ։