Զարկերակային հիպերտոնիան հղիության ընթացքում

Հղիությունն ընթանում է օրգանիզմում կատարվող տարաբնույթ փոփոխություններով։ Զարկերակային հիպերտոնիան սիստոլային զարկերակային ճնշման բարձրացումն է։
Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս երեխային տալ հնարավոր ամեն բան և պահպանել սեփական առողջությունը։ Անհոգ եղեք, կօգնենք կողմնորոշվել և ստանալ մտահոգող այս և այլ հարցերի պատասխանները։
Զարկերակային հիպերտոնիայի աստիճաններն են՝
- 1-ին աստիճան 140/90 – 159/89 մմ սս,
- 2 –րդ աստիճան 160/90 – 179/109 մմ սս,
- 3-րդ աստիճան 180/110 մմ սս-ից բարձր։
Ախտանշանները
Հղիության ընթացքում զարկերակային բարձր ճնշման ախտանշաններն են՝
- գլխացավ, գլխապտույտ, ականջներում՝ խշշոց,
- տեսողության խանգարում,
- հոգնածություն, թուլություն,
- սրտխփոց, ցավ կրծքավանդակում,
- քթի արնահոսություն և այլն։
Ազդեցությունը հղիության վրա
Զարկերակային հիպերտոնիան միշտ ծանրաբեռնում է սրտի անոթները, իսկ հղիության ընթացքում այդ ծանրաբեռնվածությունը մեծանում է։
- Մեծանում է շրջանառվող արյան ծավալը։
- Մարմնի զանգվածի մեծացումը նոյնպես նպաստում է սրտի և զարկերակների ծանրաբեռնմանը։
- Մեծացող արգանդի պատճառով կրծքավանդակի խոռոչը «փոքրանում» է, փոքրանում է թոքերի տարածությունը, կլինիկորեն այդ արտահայտվում է շունչը կտրվելու զգացմամբ։
Ֆիզիոլոգիական այս բոլոր առանձնահատկությունները հանգեցնում են այն բանին, որ հղիության ընթացքում հնարավոր է դառնում զարկերակային ճնշման բարձրացումը։
Հղիության նախապատրաստումը հիպերտոնիայի ֆոնին
Քրոնիկական ցանկացած հիվանդության դեպքում հարկավոր է շրջահայաց լինել, հաշվի առնել սպասվելիք հնարավոր բարդությունները։ Եթե հղիությունն անկանխատեսելի է եղել, չի նշանակում, որ դրա բնականոն ընթացքն ու ծննդաբերությունն անհնար են։ Որքան շուտ դիմեք մանկաբարձ-գինեկոլոգի, այնքան լավ։ Բացի նրանից, նաև թերապևտի կարիք կզգացվի։
Բուժումը
Զարկերակային ճնշման բուժումը ենթադրում է հատուկ դիետայի և դեղամիջոցների համադրում։
Դիետա
- Խորհուրդ է տրվում ուտել հետևյալ մթերքները՝ կաթնամթերք, սեզոնային բանջարեղեն և մրգեղեն, կանաչեղեն, ընկուզեղեն, լոբեղեն, չրեղեն։
- Անհրաժեշտ է պահպանել կալցիումի (քունջութ, բրոկոլի, կաթնամթերք, պանիր), մագնիումի (գազար, կանաչեղեն, լոբազգիներ) և կալիումի (կարտոֆիլ, բանան, դդում, ցիտրուս, կաթ) մակարդակը։
- Արգելված սննդամթերքներն են՝ տապակած ուտեստներ, մսի և ձկան ճարպոտ տեսակներ, պահածոյացված և մարինացված մթերքներ։
- Հարկավոր է սահմանափակել աղի քանակությունը։
- Անհրաժեշտության դեպքում հեղուկի սահմանափակում՝ օրական 1.5լ։
Դեղորայքը նշանակում է միայն բժիշկը՝ հաշվի առնելով հղիության առանձնահատկությունները։
Հղիության բարդացում
- Հիպերտոնիկ կրիզ։
- Սրտային սուր անբավարարություն կամ քրոնիկական սրտային անբավարարության դեկոմպենսացիա։
- Սրտի ռիթմի խանգարում։
- Պրեէկլամպսիայի և էկլամպսիայի զարգացում։
- Բնականոն տեղակայված ընկերքի շորտազատման մեծ վտանգ։
- Աչքի ցանցաթաղանթի շերտազատման վտանգ։
Բարդություններ, որոնք պայմանավորված են երեխայով՝
Պտղի հիպոքսիա։ Հանգեցնում է ախտաբանական մի շարք վիճակների՝ ինքնաբեր վիժման և վաղաժամ ծննդաբերության մեծ վտանգ, ներարգանդային զարգացման հապաղում և արյան շրջանառության ծայրահեղ խանգարումներ, ընդհուպ մինչև պտղի անտենատալ մահ։
Ծննդաբերությունը
Ծննդաբերությունը կարող է լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ վիրահատական միջամտությամբ։ Հեմոդինամիկայի կոմպենսացված վիճակի (զարկերակային ճնշման և անոթազարկի սովորական ցուցանիշներ), սրտային անբավարարության նշանների և պրեէկլամպսիայի ախտանշանների բացակայության դեպքում թույլատրվում է ինքնուրույն ծննդաբերել։
Կեսարյան հատման ցուցումները
Անհետաձգելի ցուցումներ՝
- մոր և երեխայի կյանքին սպառնացող հիպերտոնիկ կրիզ,
- բնական տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում,
- ծանր պրեէկլամպսիայի զարգացում քրոնիկական զարկերակային հիպերտենզիայի ֆոնին,
- էկլամպսիայի նոպա,
- ծննդաբերական գործունեության անոմալիաներ,
- պտղի զարգացման II-III աստիճանի հապաղում, պտղի պորտալարում արյունաշրջանառության խանգարում։
Երեխայի վիճակը
Նորածինն սկզբում գնահատվում է համընդհանուր չափանիշներով (Ապգարի սանդղակ), այնուհետև մնում նեոնաթոլոգի վերահսկողության ներքո։ Թոքերի խզզոցի, շնչառության թուլացման, սրտի աղմուկի և այլ նշանների դեպքում կատարվում է ընդհանուր հետազոտություն (թոքերի ռենտգենոգրաֆիա, էխոկարդիոսկոպիա և այլն)։
Եթե ունեք զարկերակային բարձր ճնշում, սակայն հստակ որոշել եք երեխա ունենալ, ապա իմացեք, որ ձեզնից շատ բան է կախված։ Բուժման գլխավոր մասը ապրելակերպն է և ինքնակառավարումը, իսկ դեղամիջոցներն ու բժշկի վերահսկողությունը կօգնեն դրական արդյունքի հասնել։