Պորտալարի պաթոլոգիա

Պորտալարի անոմալիաները ենթադրում են դրա երկարության փոփոխություններ (կարճ, երկար), հանգույցների առաջացում, անոթների սխալ զարգացում, հեմատոմաներ, կիստաներ, հեմանգիոմաներ, տերատոմաներ և այլն։
Տարբերում են բացարձակ և հարաբերական կարճ պորտալար։ Բացարձակ կարճ է համարվում 40սմ-ից կարճ պորտալարը։ Հարաբերական կարճ պորտալարը, որը հաճախ է հանդիպում, սովորական երկարություն է ունենում (40-70սմ), կարճանում է պտղի մարմնի մասերին փաթաթվելու կամ իսկական հանգույցների առաջացման արդյունքում։
Կարճ պորտալարը կարող է պտղի սխալ դիրքի պատճառ դառնալ, իսկ ծնդաբերության ժամանակ ծանր բարդություններ առաջ բերել, քանի որ դանդաղեցնում է պտղի շարժը, ձգվում է և հանգեցնում ընկերքի շերտազատման, երբեմն էլ պոկվում է։ Այդ բոլոր բարդությունները հանգեցնում են պտղի սուր հիպոքսիայի։
Երկար պորտալարը (70սմ-ից ավել) ամենից հաճախ հանդիպող շեղումն է և կարող է փաթաթվել պտղի մարմնի մասերին կամ իսկական հանգույցների պատճառ դառնալ։ Հանգույցը ձևավորվու է հղիության սկզբնական ժամկետներում, երբ պտուղը փոքր է լինում և կարողանում է անցնել հանգույցի օղերի միջով, որոնք հետագայում ձգվում են։ Ձգումը հղիության և ծննդաբերության ընթացքում կարող է պտղի սուր հիպոքսիայի և մահվան պատճառ դառնալ։
Կարդացեք՝ Ինչ է պորտալարի փաթաթումը
Կեղծ հանգույցները պորտալարի երակների վարիկոզ լայնացման հետևանքով առաջացած հաստացումներ են, որոնք բացասաբար չեն ազդում պտղի վրա։
Պորտալարի ախտաբանական ամրացումը լինում է եզրային և թաղանթային։ Եզրայինի դեպքում այն ամրացած է լինում ընկերքի ծայրամասին։ Հղիությունն ու ծննդաբերությունն այդ դեպքում ընթանում են առանց խնդիրների։
Թաղանթայինի դեպքում պորտալարն ամրացած է լինում ոչ թե ընկերքին, այլ պտղաթաղանթին։ Այդ դեպքում ծննդաբերության ընթացքում մեծանում է անոթների պատռման և հիպոքսիայի առաջացման, որպես հետևանք՝ պտղի մահվան վտանգը։
Թաղանթային ամրացման դեպքում մեծ է նաև պտղի աճի հապաղման և վաղաժամ ծննդաբերության վտանգը։
Պորտալարի միակ արտերիան երբեմն համակցվում է պտղի զարգացման արատների հետ՝ սրտի, երիկամների, միզուղիների, սեռական օրգանների, հենաշարժողական համակարգի արատներ։ Այդ շեղման անտենատալ ախտորոշումը դժվար չէ․ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում նկատվում է երկու արտերիա և մեկ երակ։
Պորտալարի միակ արտերիայի հայտաբերման դեպքում պահանջվում է մանրակրկտորեն հետազոտել պտղինև նորածնին՝ բացահայտելու զարգացման հնարավոր արատները։