Պատրաստվում ենք գնալ ծննդատուն

Պատրաստվում ենք գնալ ծննդատուն

Ժամանակն աննկատ անցնում է, և հղի կնոջ կյանքում մոտենում է ամենահուզիչ պահը՝ ծննդաբերությունը: Սովորաբար ծննդաբերությունն սկսվում է հղիանալուց 280 օր (40 շաբաթ) հետո, երբ պտուղը դառնում է հասուն և ունակ արտարգանդային կյանքին: Հղի կնոջը սովորաբար մտահոգում է մի հարց՝ ինչպե՞ս կզգամ, որ ծննդաբերությունն սկսվում է, և ծննդատուն գնալու ժամանակն: Մոտեցող ծննդաբերության նախանշաններն ավելի հաճախ նկատում են հղի կնոջ հարազատները, քան հենց ինքը` հղին:

Ծննդաբերությունից մի քանի օր առաջ հղի կինը բնակարանում ինչ-որ բան փոխելու ցանկություն է ունենում: Նա «բույն է կառուցում», պատրաստվում է երեխայի հետ հանդիպմանը: Շատ կանայք գիտեն, որ ծննդաբերությունից առաջ հեռանում է լորձային խցանը: Այս երևույթը նկատվում է հղիության 38-րդ շաբաթում, ինչը կապված է հորմոնային փոփոխությունների հետ: Արգանդի վզիկի ուղին բացվում է, կնոջ սեռական օրգաններից առանձնանում է վզիկը պատող լորձային զանգված: Վերջինս նման է դեղնաշականակագույն մածուկի: Հաճախ լորձի հեռացումն ուղղեկցվում է որովայնի ստորին հատվածի թույլ, միալար ցավով:

Ծննդաբերության նախանշաններից է արգանդի հատակի իջեցումը: Ոչ մասնագիտական, առօրյա ընկալման մեջ այս երևույթը կոչվում է «որովայնի իջեցում»: Այս ամենը նկատելի է միայն այն ժամանակ, երբ երեխան ճիշտ դիրքում է, այսինքն` գլխով դեպի առաջ (ներքև): Ծննդաբերությանը մոտ ժամանակահատվածում երեխան մղվում է դեպի փոքր կոնք, որի միջով նա պետք է դուրս գա: Արգանդի հատակը իջնում է, և հղի կինն սկսում է հեշտությամբ շնչել, դադարում են այրոցը եւ հևոցը, որոնք ուղեկցում էին հղիության վերջին ամիսներին: Ծննդաբերության վերջին շաբաթների ընթացքում նկատվում է հղի կնոջ քաշի նվազում 0,5-2կգ-ով: Այս երևույթը նույնպես կապված է ծննդաբերությունից առաջ հորմոնային փոփոխությունների հետ. էստրոգեն հորմոնները նպաստում են մարմնից ավելորդ հեղուկի հեռացմանը:

Կեղծ նախածննդաբերական կծկումներ: Դրանք ամենից շատն են շփոթեցնում հղի կնոջը: Նախածննդաբերական կեղծ կծկումները սովորաբար դադարում են 2-3 ժամվա ընթացքում: Այս կծկումներն անկանոն են, այսինքն՝ լինում են տարբեր ընդմիջումներով (օրինակ 20ր, ապա 10ր, ապա 30ր եւ այլն): Լավագույնը, որ կարելի է անել այս դեպքում, քնելն է. չ՞է որ առջևում ծննդաբերությունն է և պետք է խնայել ուժերը: Եթե կծկումներն ավելի հաճախակի են դառնում, ուժեղանում են, ձեռք են բերում կանոնավոր բնույթ, նշանակում է, որ ծննդաբերությունն սկսվում է, եւ ժամանակն է գնալու ծննդատուն: Երբեմն ծննդաբերությունն սկսվում է պտղաջրերի հեռացումով: Այդ դեպքում անհապաղ պետք է գնալ ծննդատուն: Ամեն դեպքում, եթե չեք կարող գնահատել ձեր վիճակը, ավելի լավ է գնալ բժշկական հաստատություն, որպեսզի բժիշկը զննի ձեզ և փարատի ձեր կասկածները:

Նախքան հիվանդանոց գնալը հարկավոր է ձեզ հետ որոշ փաստաթղթեր և իրեր վերցնել։

  • Փաստաթղթեր՝ անձնագիր, ծննդյան վկայական։
  • Անձնական իրեր և հիգիենայի պարագաներ: Ծննդատներում այժմ թույլատրվում է օգտագործել գործարանային արտադրության մեկանգամյա օգտագործման հիգիենիկ տակդիրներ։ 
  • Հանքային ջուր կամ հյութ։
  • Երեխայի համար նախատեսված գլխարկ, գուլպաներ, տակդիրներ։

Ծննդատուն գնալուց առաջ պետք է անել անհրաժեշտ հիգիենիկ պրոցեդուրա: Պարտադիր է ցնցուղ ընդունել: Նախքան ծննդատուն գնալը հոգնա կատարելը պարտադիր չէ: Դուք կարող եք անել ինքներդ կամ կանեն ծննդատանը: Շատ ծննդատներում ծննդաբերության ժամանակ ամուսնու (կամ այլ ուղեկցողի) ներկայությունը թույլատրելի է:

Ծննդատուն ընդունվելու ժամանակ տեղեկացրեք ձեր ցանկության մասին: Ուղեկցող ամուսինը պարտավոր չէ որևէ տեղեկանք ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ:

Ծննդատունն այն հիվանդանոցն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ծննդաբերությունն ապահով անցկացնելու եւ որակյալ բուժօգնություն տրամադրելու համար:

Ծննդաբերության ընթացքը եւ ելքը մեծապես կախված է ձեզնից: Մի եղեք գործընթացի պասիվ մասնակիցը, հարցեր ուղղեք բուժաշխատողներին, մասնակցեք ծննդաբերությանը վերաբերող քննարկումներին, արտահայտեք ձեր ցանկությունները:

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում