Լակտացիա․ 3 միֆ գինու և ոչ ալկոհոլային գարեջրի մասին

Լակտացիա․ 3 միֆ գինու և ոչ ալկոհոլային գարեջրի մասին
Շատերի կարծիքով գինին և ոչ ալկոհոլային գարեջուրն օգտակար են կրծքով կերակրման շրջանում, քանի որ նպաստում են առատ կաթնարտադրությանը և երեխայի լավ քնին։ Ահա մի քանի թյուր պատկերացում և իրականությունը։
Միֆ 1. Գարեջուրը կրծքով կերակրման շրջանում խթանում է լակտացիան։
Իրականում ալկոհոլը ոչ մի կերպ չի շատացնում արտադրվող կաթի քանակը։ Երեխան ավելի հաճախ է ծծում կուրծքը, սակայն քիչ քանակությամբ կաթ է ստանում, եթե մայրն ակոհոլ է խմել։ Ավելին՝ ալկոհոլ օգտագործելու դեպքում կաթի քանակը նվազում է։
Միֆ 2. Գինին կրծքով կերակրման շրջանում օգնում է, որ երեխան ավելի լավ քնի։
Հետազոտությունը [1] ցույց է տվել, որ ալկոհոլ օգտագործելու դեպքում փոփոխություններ են դիտվում երեխայի քնի և արթնանալու ռեժիմում։ Այդ երևույթն ամենայն հավանականությամբ բացատրվում է այն բանով, որ ալկոհոլի մեկանգամյա ընդունումն առողջ մարդու մոտ առաջացնում է էյֆորիայի վիճակ, որը հետո վերափոխվում է կենտրոնական նյարդային համակարգի ճնշված վիճակի։ Այդ վիճակն էլ դրսևորվում է քնկոտությամբ և արգելակվածությամբ։
Քունը կարճանում է, խորը քնի փուլը կարճ է տևում և մարդը լիարժեք չի հանգստանում։ Այդ վերաբերում է նաև երեխային, որի մայրն ալկոհոլ է օգտագործել․ երեխան իսկապես արագ քնում է, սակայն հաճախ է արթնանում կամ համեմատաբար ավելի քիչ է քնում, խանգարվում է ռիթմը։
Միֆ 3. Ավելի լավ է ոչ ալկոհոլային գարեջուր խմել։
Ոչ ալկոհոլային գարեջուրն իրականում փոքր քանակությամբ ալկոհոլ է պարունակում։ Սովորաբար էթանոլի պարունակությունը ոչ ալկոհոլային գարեջրում և գինու մեջ 0,5% է, սակայն մի շարք արտադրողներ այն հասցնում են 1-2%-ի։
Հետազոտությունները [2] ցույց են տվել, որ կրծքով կերակրման շրջանում անգամ մեծ քանակությամբ ոչ ալկոհոլային գարեջուր և գինի խմելու դեպքում կաթի մեջ էթանոլի մակարդակը չի հասնում վտանգավորության աստիճանի, բայց չպետք է մոռանալ օրգանիզմի անհատական առանձնահատկությունների մասին։ Մեկին կարող է չվնասել, իսկ մյուսի համար նույն քանակությունը կարող է վտանգավոր լինել։
Ամփոփելով կարելի է ասել, որ կրծքով կերակրման շրջանում հազվադեպ և փոքր քանակությամբ թեթև ալկոհոլային խմիչքներ օգտագործելու դեպքում երեխային վտանգ չի սպառնում։
Եթե որևէ միջոցառման եք գնում և գիտեք, որ ալկոհոլ եք օգտագործելու, ավելի լավ է նախապես կթեք կաթը և դրանով կերակրեք երեխային։
Աղբյուրը
- Mennella J., Gerrish C,.Effects of exposure to alcohol in mother’s milk on infant sleep.//Pediatrics. 1998 May; 101(5)
- Schnieder C., Thierauf A., Kempf J., Auwater V., Ethanol concentration in breastmilk after the consumption of non-alcoholic beer//Breastfeeding Med 8(3): 291–293, 2013