Պարը հղիների համար․արդյո՞ք կարելի է

Պարը հղիների համար․արդյո՞ք կարելի է

Կարելի՞ է հղիներին պարել․․․Այս հարցը հաճախ իրենց տալիս են այն կանայք,
ովքեր մինչ հղիությունը վարել են ակտիվ կենսակերպ, բայց իմանալով իրենց
կարգավիճակի մասին, շատերը վախենում են շարունակել խորեոգրաֆիկ
պարապմունքները, կարծելով, որ այժմ կյանքի ռիթմը պետք է լինի չափավոր և
սահուն։ Այսպիսով, կարելի՞ է պարել այս կարգավիճակում։ Արդյո՞ք դա չի
վնասի ապագա բալիկին։

Կարդացեք նաև Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պե՞տք է հղիության ընթացքում

 Հղիությունը հիվանդություն չէ,իսկ համեմատաբար հանգիստ պարերը, որոնք
չեն ծանրաբեռնում կնոջ օրգանիզմը (միայն առաջին եռամսյակի ավարտից հետո),
կարող են օգտակար լինել ապագա մայրիկի և երեխայի համար և՛ ֆիզիոլոգիական,
և՛ հոգեբանական առումով։

Պարի օգտակարությունը հղիության ժամանակ

Չափավոր ֆիզիկական գործունեությունը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը,
փոխանցում է էներգիա և կենսունակություն։ Ամրացնում է ոտքերի, հետույքի,
մեջքի, հեշտոցի մկանները՝ նախապատրաստելով ծննդաբերությանը։ Բացի այդ,
այս ամենի շնորհիվ կինը ֆիզիկապես ավելի արագ է վերականգնվում երեխայի
ծննդից հետո։ Վարժեցնում է շնչառական համակարգը։ Իսկ ճիշտ շնչառությունը
հաջող ծննդաբերության գրավականն է։ Բարելավում է արյան շրջանառությունը։
Արդյունքում կարգավորվում է հղիի արյան ճնշումը, նվազում է երակների
լայնացման (վարիկոզ) ռիսկը և հետագա տոքսիկոզը։ Կանոնավոր պարապմունքները
բարձրացնում են տրամադրությունը (ֆիզիկական գործունեության ընթացքում
արտադրվում են հաճույքի հորմոնները) և օգնում կանխել դեպրեսիվ վիճակը նաև
ծննդաբերությունից հետո։ Պտուղը իր զարգացման որոշակի փուլում սկսում է
արձագանքել դրսից լսվող հնչյուններին: Նա դրանք զգում է թրթռանքների
ձևով, և եթե մայրը պարում է հաճելի մեղեդային երաժշտության ներքո, ապա դա
հանգստացնող ազդեցություն է ունենում երեխայի վրա։ Պարը հղի կնոջ համար
հրաշալի միջոց է՝ տրամադրությունը բարձրացնելու և անհանգստացնող մտքերից
խուսափելու համար։

Հղիության ժամանակ պարի հակացուցումները

Ինչ վերաբերում է հղիության կոնկրետ ժամկետներին, ապա առաջին եռամսյակում
պետք է սահմանափակել ցանկացած տեսակի ֆիզիկական գործունեությունը,
ներառյալ՝ պարելը։ Պարել կարելի է, սակայն պետք է լինել գերուշադիր՝ ճիշտ
գնահատելով ինքնազգացողությունը։ Այս փուլում օրգանիզմը հարմարվում է իր
նոր կարգավիճակին։ Բացի այդ, շատ ապագա մայրիկներ երեխային կրելու
սկզբնական շրջանում ունենում են տոքսիկոզ (սրտխառնոց) և չեն էլ մտածում
պարելու մասին։ Բայց հաջորդ երեք ամիսները լավագույնն են խորեոգրաֆիկ
պարապմունքների համար եթե չկան բժշկի կողմից հակացուցումներ կամ
ծանրաբեռնված մանկաբաձական անամնեզ։  Սրտխառնոցն այլևս անցյալում է, փորը
 շատ մեծ չէ, կնոջն առանձնապես չի անհանգստացնում մեջքի ցավը, ոտքերի
ծանրությունը: Պարելու համար առավել բարենպաստ ժամանակն է երկրորդ
եռամսյակը, երբ մարմինը արդեն հարմարվել է իր վիճակին, և փորը նույնպես
շատ մեծ չէ: Վերջին եռամսյակում փորի մեծ չափերի պատճառով պարելն այնքան
էլ հարմար չէ: Ծանրաբեռնվածությունը, ինչպես հղիության վաղ շրջանում,
այնպես էլ վերջում պետք է կրճատել:

Հղիության ժամանակ պարով զբաղվելու կանոնները

Պարերը չպետք է ներառեն կտրուկ շարժումներ, արագ շրջադարձեր, պտույտներ,
ցատկեր, ձեռքերի՝ չափից շատ բարձր դիրք։  Բացի այդ, անհրաժեշտ է խուսափել
որովայնի մկանների ծանրաբեռնումից. այն կարող է հանգեցնել արգանդի
տոնուսի առաջացման: Ավելի լավ է ընտրել դանդաղ և հեշտ պարեր, քանի որ այդ
կարգավիճակում կարևորը ոչ թե տեխնիկան է, այլ ստացած հաճույքը։
Պարապմունքից առաջ պետք է կատարել նախավարժանք․սա կօգնի խուսափել
մկանների հնարավոր վնասվածքներից և լարվածությունից։ Եթե հղիությունից
առաջ կինը չի պարապել և միայն վերջերս է սկսել,ապա պետք է
ծանրաբեռնվածությունն ավելացնել աստիճանաբար։ Խորհուրդ է տրվում
պարբերաբար պարապել, բայց ոչ ավելի, քան շաբաթական երեք անգամ:
Յուրաքանչյուր դասի տևողությունը 20-30 րոպե պետք է լինի։
Այնուամենայնիվ, եթե կինը զգա հոգնածություն կամ որևէ տհաճ ախտանիշ
ունենա (արագ սրտխբոց, շնչարգելություն, գլխապտույտ), ապա պարապմունքը
պետք է անհապաղ դադարեցնել: Պարելը պետք է միայն ուրախություն պատճառի և
ոչ թե բեռ լինի: Պարի սրահ պետք է միշտ տանել մեկ շիշ ջուր՝ չջրազրկվելու
համար։ Բայց պետք է խմել ոչ թե միանգամից, այլ փոքր կումերով։ Քանի որ
պարելը ֆիզիկական գործունեություն է համարվում, այն ապագա մայրիկից խլում
է կալորիաներ։ Հետևաբար կնոջն անհրաժեշտ է շատ լավ սնվել, որպեսզի
էներգիան ամեն ինչին բավարարի։ Պարապմունքի ավարտից հետո խորհուրդ է
տրվում պառկել՝ ոտքերը բարձրացրած դիրքով։ Դա կբարելավի ստորին
ծայրամասերից արյան արտահոսքը և կօգնի խուսափել այտուցներից։
Պարապմունքերի  համար հարկավոր է ընտրել բնական գործվածքներից կարված
հարմարավետ հագուստ: Ավելի լավ է հրաժարվել սինթետիկ գործվածքից, և բացի
այդ հանդերձանքը չպետք է շատ ձգի փորի հատվածը։ Եթե պարի համար անհրաժեշտ
են բարձրակրունկ կոշիկներ, ապա ձեզ հարկավոր է ընտրել միայն ցածր
կրունկով տարբերակ (4-5 սմ)։ Պարի յուրաքանչյուր դաս պետք է սկսվի
նախավարժանքով:

birch-1498550_960_720.jpg (135 KB)
Հակացուցումներ խորեոգրաֆիկ պարապմունքների համար

Պետք է հաշվի առնել, որ ցանկացած ֆիզիկական գործունեություն թույլատրվում
է միայն հարթ ընթացող հղիություն ունեցող կանանց համար: Եվ կան որոշակի
պայմաններ, որոնց ժամանակ պարի դասերը  հակացուցված են ապագա մայրիկին․

·    Արգանդի բարձր տոնուս, պլանցետայի պաթոլոգիա, երբ հղիությունը վտանգված է
·    Ուժեղ տոքսիկոզ՝ պարբերական փսխումներով
·    Գեստոզ՝ ծանր այտուցներով, արյան ճնշման տատանումներով
·    Գերջրություն
·    Եթե նախորդ հղիությունն ավարտվել է վիժումով
·    Բազմապտուղ հղիություն (այն հաճախ ուղեկցվում է ռիսկերի աճով)
·    Կնոջ մոտ առկա քրոնիկ հիվանդություններ՝ բրոնխային ասթմա, վահանաձև
գեղձի խանգարումներ, սրտաբանական պաթոլոգիա, սուր փուլում գտնվող
գաստրիտ, մկանների կամ հոդերի խնդիրներ:
·    Սուր վիրուսային կամ մրսածության հետ կապված հիվանդություններ

Թույլատրված և արգելված ոճերն ու շարժումները
Կան տարբեր տեսակի պարեր, և հղիության ընթացքում դրանցից բոլորը չէ որ
հավասարապես օգտակար են: Հարմար են այն տարբերակները, որտեղ բացառվում են
կտրուկ շարժումները, որովայնի մկանների վրա էական ծանրաբեռնվածություն
չկա և առկա են ձեռքերի և ոտքերի, մեջքի և պարանոցի սահուն շարժումներ:

Ռումբան սահուն սահող պար է։ Հիմնական շարժումները՝ հետ-առաջ քայլեր,
մարմնի քաշը փոխանցվում է մի ոտքի կրունկից մյուսին, իսկ քայլերն
ուղեկցվում են ազդրերի օրորումով։

Սալսա պարի հիմնական օրինաչափությունը նույնպես կապված է քայլերի հետ:
Միակ բանը `հղի կնոջը պետք է դանդաղեցնել ազդրերի շարժը։

Ֆլամենկո իսպանական պարը լի է կրքով և կանացիությամբ: Այն զգալիորեն
ամրացնում է մեջքի մկանները, ինչը կարևոր է ապագա մոր համար: Շեշտը
դրվում է նաև ձեռքի տպավորիչ շարժումների վրա, ինչը լիովին անվտանգ է հղի
կնոջ համար: Հիմնական խնդիրը՝ կատարման միջին տեմպն ընտրելն է:

Հնդկական պար այն ոչ միայն գեղեցիկ շարժումների շարք է, այլ ամեն անգամ
մի փոքրիկ պատմությունը: Պարի հիմքը ձեռքի, պարանոցի և նույնիսկ աչքերի
թեթև շարժումն է: Յուրաքանչյուր ժեստ իր նշանակությունն ունի։

Արևելյան պարեր․(իզուր չէ,որ նրանք համարվում են պտղաբերության պարեր),
որոնցից ամենատարածվածը պորտապարն է (բելիդենս)։ Չափազանց ճկուն
շարժումները ավելի ճկուն են դարձնում ապագա մոր ողնաշարը: Նվազում է
որովայնի հատվածում հղիազոլերի առաջացման ռիսկը, վարժվում են՝ մկանները,
հետույքի շրջանի շարժվող հոդերը, ինչպես նաև պերինայի մկանները (այն շատ
կարևոր է ծննդաբերության ժամանակ), բարելավվում է աղիների աշխատանքը
(փորկապության, այրոցի խնդիրը վերանում  է շատերի մոտ), միայն
խորեոգրաֆիայի համար նախատեսված գեղեցիկ հանդերձանքները կարող են
բարձրացնել կնոջ տրամադրությունն ու ինքնագնահատականը։ Հղիի պարը պետք է
կառուցել միայն ձեռքերի, ուսերի և մեջքի շարժումների վրա։ Իսկ բնորոշ
ցնցվող շարժումներն ու ազդրերի գեղեցիկ պտույտները պետք չէ փորձել։
Արևելյան պարերը հղի կնոջ համար շատ օգտակար են ՝ նախապատրաստում են
օրգանիզմին ծննդաբերությանը,կարևորը՝ պետք է խուսափել թափահարող
շարժումներից ու ազդրերի ութաձև պտույտներից։

Հղի ժամանակ արգելված են ժամանակակից ակումբային պարերը (օրինակ ՝
ստրիպ-դենսը) և փողոցային  պարերը (օրինակ ՝ բոլորին հայտնի հիփ-հոփը):
Դրանք լի են կտրուկ շարժումներով, որոնք կարող են հղիության ընթացքում
անդառնալի հետևանքների հանգեցնել:

Աղբյուրը

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Պտղի ալկոհոլային համախտանիշը երեխայի մոտ առկա շեղումներն են, որոնք առաջանում են ալկոհոլի ազդեցության հետևանքով՝ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում:

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում միզուղիների համակարգում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեծացնում են վարակի առաջացման ռիսկը միզուղիներում