Անպտղության հոգեբանական պատճառները

Անպտղության հոգեբանական պատճառները

Վերարտադրողական գործառույթի խանգարումները կարող են վերագրվել  հոգեսոմատիկ  կամ հուզական դաշտում առկա խանգարումներին: Անպտղությունը սերունդ ունենալու անկարողությունն է: Նմանատիպ ախտորոշում է տրվում, եթե  սեռական կյանքով մեկ տարի  անընդմեջ  ապրելու ընթացքում հղիանալու ջանքերը հաջողությամբ չեն պսակվում: Անպտուղ կարող են լինել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։  Համաձայն հետազոտությունների վերջին տվյալների՝ անպտղությունն ախտորոշվում է ամուսնացած զույգերի 8%–ի մոտ՝ թե՛ կնոջ, թե՛ տղամարդու՝ առաջացնելով ընկճախտ, անհանգստություն: Անպտղությունն առաջացնում է ցածր ինքնագնահատական, մեղքի և ամոթի զգացումներ (բնորոշ է կանանց)՝ բացասաբար ազդելով ամուսնական հարաբերությունների, հատկապես սեռական հարաբերությունների վրա, նպաստում է կյանքի ծրագրերի, նպատակների փոփոխմանը և ընտանիքում սոցիալական դերերի վերաիմաստավորմանը: Ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն)՝ ամուսնական զույգերի 40-50 %-ի մոտ անպտղության պատճառը  կա՛մ կնոջ, կա՛մ տղամարդու վերարտադրողական համակարգի պաթոլոգիան է, իսկ 5-10 % -ի դեպքում պաթոլոգիան հայտնաբերվում է  ամուսինների մոտ միաժամանակ: Սթրեսը անպտղության հիմնական պատճառներից մեկն է՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Այսպիսով, հոգեհուզական  լարվածության և սոմատիկ առողջության միջև կապը կարելի է պատկերացնել որոշ հոգեբանական վիճակների օրինակով. ծանր հուզական սթրեսը մեծացնում է հիվանդանալու հավանականությունը, քրոնիկ սթրեսը հանգեցնում է լատենտային դեպրեսիայի (թաքնված ընկճախտ) և իմունային համակարգի ճնշման, որն էլ, իր հերթին, հետագայում մեծացնում է օրգանիզմի հակվածությունը հիվանդության հանդեպ և նպաստում տարբեր դիսֆունկցիաների զարգացմանը:

Կարող եք ընթերցել նաև՝ 5 միֆ բեղմնավորման մասին

Զգացմունքային սթրեսը, դեպրեսիան (ընկճախտ)  ոչ միայն ճնշում են իմունային համակարգը, այլև հանգեցնում  հորմոնալ խանգարումների: Այս խանգարումները կարող են նպաստել ներքին օրգանների աշխատանքի երկրորդական խանգարումների հայտնվելուն հենց այն պահին, երբ օրգանիզմին ամենաշատն է անհրաժեշտ կայուն կենսագործունեություն:
Ըստ շատ հոգեբանների՝ հոգեբանական բնույթի անպտղությունը կատարում է պաշտպանիչ գործառույթ՝ ցանկացած բացասական գործոնի հետ կապված: Այսպիսով, որոշ արտաքին գործոններ կարող են նպաստել անպտղության առաջացմանը: Օրինակ՝ սեփական տան բացակայությունը, ամուսիններից մեկի ուշադրության կենտրոնացումը կարիերայի վրա (երբ այդպիսի դրդապատճառը դառնում է ավելի ուժեղ, քան երեխա ունենալու ցանկությունը), ապագայում ծնող դառնալու ներքին վախերը, ընտանեկան հարաբերությունների անկայունությունը, զուգընկերոջ հանդեպ անվստահությունը, դավաճանությունը,  ինչպես նաև մանուկ հասակում ունեցած հոգեբանական խորը տրավման (վնասվածք): Հոգեբանական նմանատիպ վնասվածքի ամենատարածված օրինակներից  է, երբ աղջիկը ծնվել է  անցանկալի հղիության արդյունքում։ Այս դեպքում անպտղությունը կրում է հոգեբանական բնույթ․ անցանկալի հղիության արդյունք լինելը, հղիության  ընթացքում մոր ունեցած բացասական հույզերը  հետագայում իրենց  վատ ազդեցությունն են ունենում  աղջկա վերարտադրողական գործառույթի վրա։

Այսպիսի դեպքում դուստրը կարող է բացահայտ կամ թաքնված ագրեսիա դրսևորել իր մոր նկատմամբ: Նման երեխան ծնվում է մեղքի և անպետքության զգացումով, քանի որ ներարգանդային կյանքում նա արդեն զգացել է, որ ինքը բեռ է, որ մայրը չի սպասում և չի սիրում իրեն: Աղջիկը հետագայում ունենում է  այդ բոլոր բացասական հույզերը: Նա կարող է խուսափել մայրանալուց՝ վախենալով, որ, ինչպես իր մայրը, այնպես էլ ինքը չի սիրի և չի ընդունի իր երեխաներին՝ դրանով իսկ նրանց պատճառելով այն ցավը, որը  ժամանակին ինքն է զգացել։ Որոշ կանայք սարսափում են ծննդաբերությունից ՝ վախենալով դրա ընթացքում մահանալուց: Հղիության ընթացքում առաջացած հոգեբանական խանգարումների դեպքերի ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են հոգեվերլուծական եղանակով, ցույց են տալիս, որ հղիության հանդեպ վախը կամ երեխայի հանդեպ թշնամական ազդակների առաջացումը կարող են դրսևորվել էնդոկրին համակարգի փոփոխման հետևանքով՝ պայմանավորված հղիության բնականոն ընթացքն ապահովող հորմոններով: Արդյունքում կարող է առաջանալ  վիժում, փսխում կամ նյարդային անորեքսիա: Նույնիսկ այն դեպքում, երբ հղիությունը նորմալ է ընթանում, կինը կարող է խուճապի զգացում ունենալ, մտածել,որ իր ներսում աճող պտուղը կարող է վնաս հասցնել իրեն: Երեխայի նկատմամբ
ագրեսիան կարող է մեծացնել անհանգստությունը: Հնարավոր է նաև դեպրեսիայի   (ընկճախտ), տարբեր ֆոբիաների (տագնապային խանգարումներ) առաջացումն ու զարգացումը, ինչպես նաև հետծննդաբերական ընկճախտի առաջացումը: Անպտղության հոգեբանական պատճառ կարող է լինել
տղամարդկանց նկատմամբ ուժեղ ենթագիտակցական ագրեսիան, վրդովմունքը, խանդը, ատելությունը,  արհամարհանքը:

Հոգեբանական բնույթի անպտղության ուսումնասիրության առաջատար փորձագետներից մեկի՝ Է. Ս. Ֆորդի հետազոտության համաձայն՝ անպտղությամբ տառապող կանանցից ոչ մեկն իրականում այնքան էլ չի ցանկանում երեխաներ ունենալ․ նրանց հղիանալու գիտակցված ցանկությունը նևրոտիկ շարժառիթների արտացոլանքն է: Նրանց մեծ մասը թշնամական վերաբերմունք ունի իր մոր նկատմամբ, կամ հարաբերություններում առկա է տղամարդու դերի ագրեսիվ իմիտացիա: Բեղմնավորման հետ կապված խնդիրները կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կնոջ ենթագիտակցությունը պատրաստ չէ երեխայի ծնունդին: Առողջ սերունդ ունենալու հնարավորությունը կմեծանա, երբ կինը կարողանա վերագնահատել իր կյանքի արժեքները։

Աղբյուրը
 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Պտղի ալկոհոլային համախտանիշը երեխայի մոտ առկա շեղումներն են, որոնք առաջանում են ալկոհոլի ազդեցության հետևանքով՝ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում:

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում միզուղիների համակարգում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեծացնում են վարակի առաջացման ռիսկը միզուղիներում