Վերարտադրողական շրջան
Ինչո՞ւ է կարևոր գնահատել արգանդի խոռոչը մինչև ԱՄԲ
Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) հաջողությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ սաղմի որակով, կնոջ տարիքով, էնդոմետրիումի վիճակով և արգանդի խոռոչի անատոմիական առանձնահատկություններով։
Նույնիսկ լավ որակի սաղմի առկայության դեպքում արգանդի խոռոչի որոշ փոփոխություններ կարող են բացասաբար ազդել իմպլանտացիայի՝ սաղմի արգանդի լորձաթաղանթին ամրացման գործընթացի վրա։
Հետևաբար ԱՄԲ-ի նախապատրաստման կարևոր փուլերից մեկը արգանդի խոռոչի կառուցվածքի և վիճակի գնահատումն է։
Ի՞նչ փոփոխություններ կարող են խանգարել սաղմի իմպլանտացիային։
Արգանդի խոռոչի որոշ ախտաբանական փոփոխություններ կարող են խոչընդոտել սաղմի բնականոն ամրացմանը կամ մեծացնել հղիության կորստի հավանականությունը։
Առավել կարևոր են՝
1. Էնդոմետրիումի պոլիպներ
Էնդոմետրիումի պոլիպները արգանդի լորձաթաղանթի տեղային գերաճեր են։ Կախված դրանց չափից և տեղակայումից՝ կարող են խանգարել սաղմի իմպլանտացիային։ ԱՄԲ-ից առաջ դրանց հայտնաբերման դեպքում գնահատվում է հեռացման անհրաժեշտությունը։
2. Ենթալորձային միոմատոզ հանգույցներ
Սրանք միոմատոզ հանգույցներ են, որոնք աճում են դեպի արգանդի խոռոչ և կարող են փոփոխել դրա բնականոն կառուցվածքը։ Դրանք կարող են բացասաբար ազդել իմպլանտացիայի և հղիության ընթացքի վրա։
3. Ներարգանդային կպումներ (սինեխիաներ)
Կպումները կարող են առաջանալ նախկին միջամտություններից, հղիության ընդհատումներից կամ արգանդի խոռոչի բորբոքային գործընթացներից հետո։ Դրանք կարող են հանգեցնել էնդոմետրիումի մակերեսի փոքրացման, խոռոչի ձևախախտման և լորձաթաղանթի ֆունկցիայի խանգարման։
4. Արգանդի խոռոչի բնածին անոմալիաներ
Արգանդի միջնապատը և կառուցվածքային այլ առանձնահատկությունները որոշ դեպքերում կարող են ազդել վերարտադրողական արդյունքների վրա։ Դրանց նշանակությունը գնահատվում է անհատական՝ հաշվի առնելով անոմալիայի տեսակը և արտահայտվածությունը։
5. Արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքային փոփոխություններ
Քրոնիկ էնդոմետրիտը կարող է ուղեկցվել էնդոմետրիումի բջջային և իմունաբանական միջավայրի փոփոխություններով։ Այն որոշ դեպքերում դիտարկվում է որպես իմպլանտացիայի խանգարման հնարավոր գործոն, հատկապես կրկնվող անհաջող ԱՄԲ փորձերից հետո։
Ինչպե՞ս է գնահատվում արգանդի խոռոչը։
Արգանդի խոռոչի գնահատման համար կիրառվում են մի քանի ախտորոշիչ մեթոդներ։
Տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն
Առաջնային և լայնորեն կիրառվող մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել էնդոմետրիումի հաստությունը, կառուցվածքը, ինչպես նաև հայտնաբերել պոլիպների, միոմատոզ հանգույցների և այլ փոփոխությունների կասկածելի նշաններ։
Սոնոհիստերոգրաֆիա
Հետազոտություն է, որի ընթացքում արգանդի խոռոչ ներմուծվում է փոքր քանակությամբ ստերիլ հեղուկ, ինչի շնորհիվ ուլտրաձայնային հետազոտությամբ ավելի հստակ տեսանելի են դառնում խոռոչի պատերը և հնարավոր գոյացությունները։
Հիստերոսկոպիա
Արգանդի խոռոչի գնահատման առավել ճշգրիտ մեթոդներից է։ Հատուկ օպտիկական սարքի միջոցով հնարավոր է անմիջապես զննել արգանդի խոռոչը, հայտնաբերել պաթոլոգիական փոփոխությունները և անհրաժեշտության դեպքում իրականացնել դրանց բուժումը։
Հիստերոսկոպիայի առավելությունն այն է, որ այն ոչ միայն ախտորոշիչ, այլև բուժական միջամտություն կարող է լինել։
Արդյո՞ք բոլոր կանանց անհրաժեշտ է հիստերոսկոպիա մինչև ԱՄԲ։
Ո՛չ։ Կարևոր է տարբերակել արգանդի խոռոչի գնահատումը և հիստերոսկոպիայի պարտադիր իրականացումը։
Եթե ուլտրաձայնային հետազոտությամբ արգանդի խոռոչը նորմալ է, իսկ կինը չունի համապատասխան գանգատներ կամ վերարտադրողական անբարենպաստ պատմություն, բոլոր դեպքերում հիստերոսկոպիայի կատարումը պարտադիր չէ։
Այն առավել նպատակահարմար է, երբ՝
- ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել են կասկածելի փոփոխություններ,
- առկա է անբացատրելի արյունային արտադրություն,
- եղել են կրկնվող իմպլանտացիոն անհաջողություններ,
- առկա է կրկնվող հղիության կորուստների պատմություն,
- կասկածվում են ներարգանդային կպումներ կամ այլ կառուցվածքային փոփոխություններ։
Այսպիսով, հետազոտության մեթոդի ընտրությունը պետք է հիմնված լինի կնոջ կլինիկական պատկերի և նախորդ հետազոտությունների արդյունքների վրա։
Կարո՞ղ է արգանդի խոռոչի նախնական գնահատումը բարձրացնել ԱՄԲ-ի արդյունավետությունը։
Արգանդի խոռոչում առկա նշանակալի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերումը և ցուցումների դեպքում դրանց շտկումը կարող են բարելավել վերարտադրողական կանխատեսումը։
Սակայն կարևոր է հասկանալ, որ նույնիսկ կատարյալ անատոմիական կառուցվածք ունեցող արգանդը չի երաշխավորում իմպլանտացիան։ ԱՄԲ-ի արդյունքը կախված է նաև սաղմի քրոմոսոմային և զարգացման առանձնահատկություններից, կնոջ տարիքից և բազմաթիվ այլ գործոններից։