Մենոպաուզայի և դեպրեսիայի կապը
Որոշ կանանց հետաքրքրում է, թե արդյո՞ք կապ կա մենոպաուզայի և դեպրեսիայի միջև: Պատասխանը մեկն է՝ այո: Աշխարհում միլիոնավոր կանայք որոշակի դժվարություններ են ունենում, որոնք սկսվում են մենոպաուզայից դեռևս մի քանի տարի առաջ: Կանայք դառնում են ավելի լարված, դյուրագրգիռ, մեծանում է հոգնածության զգացումը և այլն: Եթե մոտենում եք մենոպաուզայի վիճակին, ապա վերջինիս և դեպրեսիայի կապի մասին տեղեկությունները կօգնեն ձեզ հասկանալ օրգանիզմում կատարվող փոփոխությունները, ինչը կօգնի նվազեցնել հոգեկան լարվածությունը: Բացի այդ, կտեսնեք, որ միայն դուք չեք, ով բախվել եք այդպիսի երևույթների: Մենոպաուզան բնական երևույթ է և լինելու է անկախ ձեր կամքից:
Գործոններ, որոնք դառնում են դեպրեսիայի պատճառ
Կան մի շարք պատճառներ, որոնք դեպրեսիա են հարուցում մենոպաուզայի ժամանակ: Բոլոր այդ պատճառները հանգում են երկու հիմնական գործոնների՝ անձնական համոզմունքներ և հորմոններ: Ահա մի քանի հիմնավորում մենոպաուզայի և դեպրեսիայի կապի համար:
1. Հորմոններով պայմանավորված դեպրեսիա
Հորմոններն օրգանիզմում մեծ դերակատարում ունեն: Կանանց հիմնական հորմոններից մեկն էստրոգենն է, որն արտադրվում է ձվարաններում: Էստրոգեններն անհրաժեշտ են ֆիզիոլոգիական զարգացման, վերարտադրողական համակարգի լիարժեք գործելու և դաշտանային ցիկլի բնականոն ընթացքն ապահովելու համար: Այս հորմոնն օրգանիզմում պատասխանատու է «երջանկության հորմոնների»՝ դոֆամինի և սերոտոնինի արտադրման համար: Այս երկու հորմոններն էլ անհրաժեշտ են կանանց հուզական հավասարակշռության և կյանքից բավարարվածության զգացման համար: Երբ կինը մոտենում է նախադաշտանադադարի փուլին , էստրոգենի քանակն սկսում է նվազել: Սա իր հերթին անդրադառնում է օրգանիզմի մի շարք գործառույթների վրա, նվազում է նաև «երջանկության հորմոնների» քանակը, ինչն էլ հանգեցնում է դեպրեսիայի:
2. Անձնական դիրքորոշում
Մտնելով դաշտանադադարի փուլ՝ շատերն սկսում են իրենց տարեց և անպետք զգալ: Դեպրեսիան երբեմն խորանում է, քանի որ դաշտանը դադարում է, և այս փուլից ի վեր կինն այլևս երեխա ունենալու հնարավորություն չի ունենում: Բացի այս որոշ կանայք, հասկանալով, որ փոխվում է նաև իրենց արտաքինը, իրենց հմայիչ չեն զգում: Երբ նյարդային լարվածությունն ուժգնանում է, հնարավորույթուն է ստեղծվում մի շարք հիվանդությունների առաջացման համար, օրինակ՝ հիպերտոնիա: Բացի այս, օրգանիզմի նյութափոխանակությունը դանդաղում է, ինչը կարող է հանգեցնել գիրության:
Ինչպես հաղթահարել փոփոխությունները
Եթե ձեր դաշտանադադարն ուղղեկցվում է սթրեսային ծանր ապրումներով, ապա փորձեք գիտակցել այն վիճակը, որում գտնվում եք: Ընդունեք, որ դաշտանադադարը կյանքի բնականոն ֆիզիոլոգիական փուլերից մեկն է, անհրաժեշտություն, և յուրաքանչյուր կին անխուսափելիորեն բախվում է դրան: