Կլիմաքս. քայլ դեպի նոր կյանք

Կլիմաքս. քայլ դեպի նոր կյանք

Կլիմաքսը պաատասխանատու շրջան է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Այդ ընթացքում նրա օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք պայմանավորված են ձվարանների ֆունկցիայի խաթարմամբ: Դրա արդյունքում արտադրվող հորմոնների՝ առաջին հերթին էստրոգենի, քանակն աստիճանաբար նվազում է:

Հաճախ կլիմաքսը կնոջ համար անցնում է բացարձակապես անցավ, բայց երբեմն այս շրջանն ուղեկցվում է կլիմակտերիկ համախտանիշի զարգացմամբ, որն ընթանում է քրտնարտադրությամբ, սրտխփոցներով, գլխացավով, անկայուն տրամադրությամբ և քնի խանգարմամբ: Առավել բարդ դեպքերում զարգանում են վեգետատիվ-անոթային հոգեհուզական խանգարումներ, որոնք կարող են հանգեցնել աշխատունակության անկման:

Կարդացեք՝ Մենոպաուզայի և դեպրեսիայի կապը

Իգական սեռական հորմոնները կնոջը երկար տարիներ պաշտպանում են սրտի իշեմիկ հիվանդության զարգացումից, բարձրացնում են ոսկրային հյուսվացքների խտությունը, ազդում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի վրա: Մոտ 45 տարեկանից սկսած կանանց սեռական գեղձերի՝ ձվարանների, ֆունկցիան սկսում է աստիճանաբար նվազել, խանգարվում է դաշտանային ցիկլը, շարունակում է նվազել սեռական հորմոնների մակարդակը, որի արդյունքում էլ ընդհատվում է ցիկլը, փոփոխվում են ֆիզիկական և հոգեբանական վիճակները, առաջ է գալիս ճգնաժամային մի ժամանակաշրջան՝ կլիմաքս:

«Կլիմաքս» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «աստիճանավորված փուլ»: Ճգնաժամի տևողությունը միջինում 10-15 տարի է: Այդ ժամանակաշրջանն սկսվում է մոտավորապես 45 տարեկանից և ավարտվում է 60 տարեկանում: Բժիշկները ճգնաժամային այս ժամանակշրջանում առանձնացնում են մի քանի փուլ՝ պրեմենոպաուզա, մենոպաուզա, պերիմենոպաուզա և պոստմենոպաուզա:

Պրեմենոպաուզան սկսվում է 45 տարեկանից հետո և կարող է տևել 2-ից մինչև 10 տարի: Այդ շրջանում փոփոխվում է դաշտանային ցիկլը, և ի հայտ են գալիս ճգնաժամի առաջին ախտանշանները՝ գիշերային քրտնարտադրություն, սեռական կյանքի հանդեպ հետաքրքրության անկում, հուզական վիճակի խանգարումներ (դյուրագրգռություն, նյարդայնություն, քնկոտություն, հոգնածություն, մոռացկոտություն, դժվարություններ ուշադրության կենտրոնացման հարցում, գլխապտույտ, սրտխփոց, դեպրեսիա և այլն):

Մենոպաուզան կնոջ կյանքում մի ժամանակահատված է, որը հաստատվում է վերջին դաշտանադադարից 12 ամիս անց: Եթե այդ ժամանակահատվածում այլևս դաշտան չի եղել, ուրեմն դաշտանային ֆունկցիան ամբողջովին դադարել է: Երբեմն մենոպաուզայից մի քանի տարի անց կարող են լինել բնական դաշտաններ: Ամենից հաճախ դա կապված է ձվարաների կարճաժամկետ աշխատանքի վերսկսման հետ, սակայն նման դեպքերում ավելի լավ է խորհրդակցվել բժիշկի հետ, անցնել անհրաժեշտ բոլոր հերազոտությունները, որպեսզի բացառվեն սեռական օրգանների հիվանդությունները: Սովորաբար մենոպաուզան սկսվում է 48-52 տարեկանում:

Կարդացեք՝ Վեց նշան, որոնք վկայում են մենոպաուզայի մասին

Պերիմենոպաուզան մի ժամանակահատված է, որը միավորում է պրեմենոպաուզան և մենոպաուզային հաջորդող առաջին տարին: Հենց այդ ընթացքում են կնոջ հորմոնային համակարգում տեղի ունենում նկատելի փոփոխություններ: Պոստմենոպաուզան դաշտանադադարից հետո 65-69 տարեկանն ընդգրկող ժամանակահատվածն է: Այդ շրջանում կարող են ի հայտ գալ միզասեռական համակարգի հետ կապված որոշակի խնդիրներ՝ չորություն, այրոցք և քոր հեշտոցում, անմիզապահություն, մաշկի, մազերի և եղունգների հետ կապված փոփոխություններ:

Հորմոնների պակասը կարող է հանգեցնել սրտի իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդությունների, հնարավոր է օստերոպորոզի զարգացում և ոսկրերի ամրության նվազում: Հասուն տարիքում ոսկրերի կոտրվելու հավանականությունը մեծանում է մի քանի անգամ:

Կարդացեք՝ Օստեոպորոզը և կլիմաքսը ինչպես նաև՝ Դենսիտոմետրիա․ ոսկրերի ամրությունը որոշող հետազոտություն

Կլիմաքսի բուժումը

Կլիմաքսի բուժումը պետք է լինի անհատական և համակողմանի: Խորհուրդ է տրվում կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմները, խուսափել հոգետրավմատիկ, սթրեսային իրավիճակներից, հոգեթերապիա անցնել, ներառել աուտոգենային ուսուցում, ֆիզիոթերապիա, դիետա, ասեղնաբուժություն, սովորաբար նշանակվում են վիտամիններ, հոմեոպատիկ դեղեր (օրինակ՝ Կլիմաքսան կամ Կլիմադինոն), բուսական սեդատիվ դեղորայք և այլն: Նշանակալի արդյունքի բացակայության դեպքում կարող է նշանակվել հոգեմետ դեղորայք կամ ներյրոլեպտիկներ, բետաադրենոբլոկատերներ, կալիում պարունակող դեղորայք, բրոմոկրիպտին և այլն: Քանի որ կլիմաքսի խանգարումները կապված են իգական սեռական հորմոնների մակարդակի անկման հետ, բուժման հիմնական մեթոդը փոխարինիչ հորմոնալ թերապիայի նշանակումն է: Այն կարող է նշանակել միայն բժիշկը՝ ելնելով տվյալ այցելուի անհատական առանձնահատկություններից:

Փոխարինիչ հորմոնային  թերապիայի անցկացումը հնարավոր է միայն մանրակրկիտ հետազետությունից հետո, որը թույլ է տալիս բացահայտել այնպիսի հիվանդություններ, որոնց դեպքում փոխարինիչ հորմոնային  թերապիայի նշանակումը խորհուրդ չի տրվում:

Մինչև փոխարինիչ հորմոնային  թերապիայի նշանակումն անցկացվող հետազոտությունը ներառում է՝

  • գինեկոլոգիական զննում, ատիպիկ բջիջների վրա արգանդի վզիկից վերցված քսուքի հետազոտություն (ցիտալոգիա կամ պապ-քսուք),
  • մամոգրաֆիա,
  • արգանդի և լոձաթաղանթի, այդ թվում նաև ձվարանների ուտրաձայնային հետազոտություն, 
  • արյան մակարդելիության հետազոտություն, 
  • արյան լիպիդային բաղադրության հետազոտություն, 
  • էլեկտրասրտագրում, 
  • լյարդի ֆունկցիայի հետազոտություն, 
  • վահանաձև գեղձի հետազոտություն, 
  • արյան ճնշման, քաշի բարձրացման հետազոտություն։

Օգտագործվում են տարբեր դեղեր, որոնք պարունակում են տարբեր հորմոններ: Բուժման տևողությունը տարբեր է: Կինը, ստանալով սեռական հորմոն պարունակող դեղորայք, պետք է ամեն տարի անցնի վերոնշյալ հետազոտությունները: Փոխարինիչ հորմոնային թերապիան կարելի է շարունակել 1-2 տարի, որպեսզի արագ վերացվեն կլիմակտերիկ խանգարումների դրսևոևումները, մինչև 5 տարի՝ կանխելու համար սեռական օրգանների խանգարումները, սրտանոթային հիվանդությունների և օստեոպորոզի առաջացումը: Տվյալ այցելուի համար դեղամիջոցի ընտրությունը կարող է կատարել միայն բժիշկը, քանի որ նշանակված բուժումը միայն այդ դեպքում կարող է լինել անվտանգ:

Կանանցից շատերը կլիմաքսի առկայությունն ասոցացնում են ծերության հետ, այդ պատճառով էլ ոմանք շատ հիվանդագին են տանում այս ժամանակահատվածը: Այնինչ, ճիշտ կլինի կլիմաքսը համարել դեպի նոր կյանք տանող մի աստիճան: Ի վերջո կյանքի մոտավորապես երրորդ կամ չորրորդ մասն անցնում է պոստմենոպաուզայի ժամանակահատվածում և հենց կնոջից է կախված այն, թե ինչպիսին կլինի նրա նոր կյանքը:

Կարդացեք՝ Ինչպես պետք է սնվեն հիսունն անց կանայք․ 5 խորհուրդ

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում