Աբորտն ավելի անվտանգ է, քան ինքնին հղիությո՞ւնը

Աբորտն ավելի անվտանգ է, քան ինքնին հղիությո՞ւնը

Հղիությունը և ծննդաբերությունը որոշակի վտանգ են ներկայացնում կնոջ առողջության համար, և այդ վտանգը, չնայած որ փոքր է, 14 անգամ գերազանցում է աբորտին:

ԱՄՆ-ի գերագույն դատարանն աբորտն օրինականացրել է 1973 թվականին, և դրանից ի վեր կողմնակիցները չեն դադարում պնդել, որ այդպիսի բժշկական միջամտությունն անվտանգ է կնոջ կյանքի և առողջության համար: Այսօր հանրությունը կարող է ծանոթանալ մի հետազոտության արդյունքների, որոնք վկայում են, որ օրինական աբորտն ավելի անվտանգ է, քան ինքնին հղիությունը: Մահվան վտանգը հղիության և ծննդաբերության ընթացքում 8.8 է 100 հզ. ծննդկանի դեպքում, իսկ աբորտների դեպքում՝ 0,6: 100 հզ.: Փաստորեն կինը, ով որոշել է հղիանալ, 14 անգամ ավելի շատ է վտանգում իր կյանքը, քան նա, ով ընտրել է օրինական աբորտը:

«Հղիության արհեստական ընդհատման նկատմամբ վերաբերմունքը տարբեր է, սակայն պետք է ընդունել, որ բարձր մակարդակով կատարված օրինական բժշկական աբորտը անվտանգ է, շատ ավելի անվտանգ, քան հղիությունը», - ասում է հետազոտության ղեկավար դոկտոր Դեվիդ Գրեյմսը՝ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր: Գրեյմսի և նրա աշխատակիցների հետազոտության եզրակացությունները հրապարակվել են «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» ամսագրի փետրվարյան համարում:

Մոտիվները, որոնք դրդեցին գիտնականներին զբաղվել այս հարցով, մի քանիսն են: Առաջին հերթին հղիության ընդհատման հետևանքով մահացությունների վիճակագրական տվյալները հնացել էին դեռևս այն ժամանակ, երբ հայտնվեց դեղորայքային աբորտը, որի դեպքում հղիության վաղ շրջանում կինը կարող է վիրահատական միջամտության փոխարեն հատուկ հաբ ընդունել: «Այս թեմայով զբաղվելու ևս մեկ առիթ դարձավ այն փաստը, որ նախքան աբորտը կանանց հաճախ տալիս են տեղեկատվական նյութեր, որոնցում նշված է լինում նաև աբորտի վնասների մասին, և որոշ դեպքերում տվյալները հավաստի չեն լինում կամ էլ շփոթմունք են առաջացնում»,- ասում է Գրեյմսը: Օրինակ Տեխասում գրքույկներ էին տրամադրում, որոնցում աբորտի բարդությունների շարքն ավելի երկար էր, քան հղիությանը, և բժշկությունից անտեղյակ մարդը տպավորություն կստանար, թե աբորտն ավելի վտանգավոր է, քան հղիությունը:

Որպեսզի որոշեն մահվան ռիսկը, հետազոտության հեղինակները համեմատեցին 1998-2005թ.-ի մի քանի ազգային տվյալների բազաների տեղեկությունները: Տվյալների մի բազայում տեղեկություններ էին տրված ծննդաբերությունից հետո մահացած կանանց մասին, իսկ մեկ այլ բազայում՝ օրինական աբորտից: Համեմատության արդյունքում պարզ դարձավ, որ 1998-2005 թթ-ի ընթացքում 2856 կին մահացել է՝ լույս աշխարհ բերելով կենդանի երեխայի: Վերահաշվարկի արդյունքում ստացվեց 8,8 մարդ 100 000 հղիության համար: Այդ նույն ժամանակահատվածում 64 կին մահացել էր օրինական աբորտից: Վերահաշվարկի արդյունքում՝ 0,6 մահ 100 000 հղիության համար: Այլ բարդությունները՝ արգանդային արնահոսություն, վարակներ և արյան բարձր ճնշում, նույնպես կապված են հղիության հետ, այլ ոչ թե վերջինիս ընդհատման: Հետազոտության հեղինակների կարծիքով մասամբ այդպես է լինում, քանի որ հղիների դեպքում այն շրջանը, որի ընթացքում կարող են նմանատիպ բարդություններ ի հայտ գալ, ավելի երկար է:

Հետազոտության արդյունքները կարծես թե կասկածի տակ են դրվում մի շարք այլ մասնագետների կողմից: Դոկտոր Դոնա Հարիսոնը (Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան ասոցիացիայի հետազոտական և հասարակական աշխատանքների ղեկավար) դեմ է աբորտներին և համաձայն չէ հետազոտության հեղինակների եզրակացությունների հետ:

«Աբորտներից մահացությունների մասին տվյալների հավաքագրումը համակարգային չի եղել: Դոկտոր Գրեյմսի աշխատանքի վերաբերյալ ամենաակնառու եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է հաշվետվություն երկրում աբորտի պատճառով գրանցված մահացության բոլոր դեպքերի մասին:»,- պնդում է Հարիսոնը: «Հնարավոր մահվանը զուգահեռ հղիության ընդհատումը սպառնում է մոր առողջությանը նաև այլ կերպով: Կանանց պետք է ճիշտ և համապարփակ տեղեկություններ տրամադրել: Քանի որ մենք չունենք համընդհանուր գիտական ձևաչափ, ապա վերջնական որոշումը պետք է ընդունի պետական բժշկական խորհուրդը, և այդ որոշումը պետք է ամրագրվի օրենքով:»,- ասում է Հարիսոնը:

Դոկտր Միտչել Կրեյնինն էլ (Կալիֆորնիայի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր) նշում է, որ հղի կանայք հղիությունը պահպանելու որոշում ընդունելիս հաճախ «վախեցած են չափազանց շատ քարոզչությունից: Եթե պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում և ներգործում քաղաքացիների անձնականի վրա, ապա մենք պետք է երաշխավորենք, որ պաշտոնապես տրամադրվող տեղեկությունները համապատասխանում են փաստերին: Եթե տեղեկությունը տրվում է պաշտոնական աղբյուրից, մարդիկ կարծում են, որ այն ճիշտ է, և այդպես էլ պետք է լինի:»,- ասում է Կրեյնինը:

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…