Որո՞նք են հղիության ընթացքում քնելու ճիշտ դիրքերը

Որո՞նք են հղիության ընթացքում քնելու ճիշտ դիրքերը

Հղիության լուրն իմանալուց հետո ապագա մայրիկներն ստիպված են լինում փոխել կամ հրաժարվել որոշ բաներից, որպեսզի չվնասեն փոքրիկին: Դա վերաբերում է ոչ միայն վատ սովորություններին, սննդին, այլև քնին: Հղիության ընթացքում հաճախանում է գիշերը զուգարան գնալը, տանջում է սրտխառնոցը, այրոցը և այլն: Հղիության մոտավորապես 5-րդ ամսից արդեն խնդիր է առաջանում նաև քնելու դիրքի հարցում:

Այդ շրջանից կուրծքը լցվում է ու դառնում ցավոտ, իսկ պտուղն արագ աճում է և որովայնն էլ մեծանում (հատկապես սկսած երկրորդ եռամսյակից): Իր գիշերային հանգիստը և ուժերի վերականգնումն ապահովելու համար կինը հաճախ քնելու հարմար դիրքը չի գտնում։

Թե ինչպես է պետք քնել հղիության ընթացքում, մտածում են այդ կարգավիճակն ունեցող բազմաթիվ կանայք: Բայց քչերը գիտեն, որ կարևոր է հետևել ոչ միայն քնելու դիրքին, այլև այդ դիրքի հարմարավետության ապահովմանը: Դրա համար անհրաժեշտ է ընտրել միջին կոշտության ներքնակներ: Ներքնակը պետք է պահի ողնաշարը բնական ֆիզիոլոգիական վիճակում: Այդպիսի ազդեցություն առավել լավ ապահովում են օրթոպեդիկ ներքնակները: Պետք չէ մոռանալ հենց անկողնու մասին: Այն չպետք է շատ առաձգական լինի, որպեսզի շարժվելիս ուժեղ տատանումներ չառաջացնի և չանհանգստացնի մայրիկին ու պտղին: Ուշադրություն դարձրեք մահճակալին: Այն պետք է ունենա բավականաչափ մեծ տարածք, որպեսզի ապահովի ապագա մայրիկի լավագույն հանգիստն և հարմարավետ քունը:

Ինչ վերաբերում է քնելու դիրքին, ապա լավագույն տարբերակը կողքի շրջված քնելն է: Որովայնի վրա պառկելու դիրքից անհրաժեշտ է հրաժարվել դեռևս հղիության վաղ ժամկետներից: Խորհուրդ չի տրվում նաև մեջքի վրա պառկած դիրքը, քանի որ այդ դիրքում պտուղը ճնշում է գործադրում ներքին օրգանների վրա (լյարդ, երիկամներ, աղիներ): Դրա արդյունքում հղի կինը կարող է ցավ զգալ մեջքի հատվածում, շնչառությունը դժվարանում է, թութքը սրանում է, արյան ճնշումն իջնում է:

Մեջքի վրա պառկած դիրքում հնարավոր է, որ պտուղը ճնշի ստորին սիներակը, որը տարածվում է ողնաշարի ամբողջ երկայնքով, իսկ դա կարող է հանգեցնել արյան հոսքի նվազման: Դրա արդյունքում կվատանա ապագա մայրիկի ինքնազգացողությունը: Եթե այդպիսի ճնշումը երկարատև ու պարբերաբար շարունակվի, ապա բացասական ազդեցություն կունենա նաև պտղի վրա: Արյան անբավարար մատակարարման և հետևաբար նաև թթվածնի մատակարարման նվազումից կարող են թուլանալ պտղի սրտի զարկերը: 

Պետք է հղիության ընթացքում մտածել ոչ թե նախասիրությունների (թե ինչպես է ձեզ դուր գալիս քնել), այլ փոքրիկի առողջության մասին: Հետևեք ձեր ինքնազգացողությանը և եթե անհարմարություն զգաք քնած ժամանակ, փոխեք դիրքը: Կարող եք մեծ բարձ դնել մեջքի տակ, որպեսզի գիշերվա ընթացքում մեխանիկորեն չշրջվեք հետ:

Բժիշկները խորհուրդ են տալիս քնել ձախ կողմի վրա պառկած, քանի որ աջ կողմի վրա պառկելու հետևանքով երիկամը սեղմվում է: Ճիշտ դիրքում քնելը կբարելավի ընկերքային արյան շրջանառությունը, ինչպես նաև երիկամների ֆունկցիան, ինչը կօգնի խուսափել ձեռքերի և ոտքերի այտուցներից, կնվազեցնի լյարդի լարվածությունը, օրգանիզմը կկարողանա հեշտությամբ ազատվել ավելորդ հեղուկից, սրտի աշխատանքը կլավանա:

Եթե փոքրիկը «գանգատվում» է մայրիկի դիրքից, ապա կարելի է փոքրիկ բարձ դնել որովայնի տակ: Կոնքային հատվածի լարվածությունը նվազեցնելու համար կարելի է բարձ դնել նաև ոտքերի միջև: Գոյություն ունեն հղիների համար նախատեսված հատուկ բարձեր, որոնք իրենց տեսքով բանան են հիշեցնում:

Եթե պտուղն ունի երկայնաձիգ առաջադրություն, անհրաժեշտ է պառկել այն կողմի վրա, որտեղ երեխայի գլուխն է, բայց ամբողջ գիշեր նույն դիրքում անշարժ պառկել էլ խորհուրդ չի տրվում: Երեխայի կոնքային առաջադրության դեպքում անհրաժեշտ է 3-4 անգամ փոխել դիրքը աջ կողքից ձախ կողք:

Մի քանի խորհուրդ

Որպեսզի այս փոփոխությունները չազդեն քնի որակի վրա, անհրաժեշտ է, որ կինն օրվա ընթացքում անի այն ամենը, ինչը կօգնի նրան գիշերն ամբողջությամբ թուլանալ ու քնել: Շատ կարևոր դեր ունի ճիշտ, առողջ ու ժամանակին սնվելը: Անհրաժեշտ է ուտել փոքր չափաբաժիններով ու հաճախակի:

Վերջին անգամ ուտելուց հետո պետք է անցնի առնվազն 3 ժամ, որպեսզի սնունդը հասցնի ստամոքսում մարսվել, և քնի ժամանակ չխանգարի: Քնելուց առաջ անհրաժեշտ է հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, գազավորված, քաղցր ջրերից: Ավելի լավ է քնելուց առաջ խմեք մեկ բաժակ տաք կաթ մեղրով:

Կանոնավոր կատարեք հղիների համար նախատեսված հատուկ ֆիզիկական վարժություններ: Մարմնամարզությամբ պետք է զբաղվել ցերեկվա ժամերին, որպեսզի նախքան քնելը մարմինը հասցնի ազատվել ծանրաբեռնվածությունից:

Քնելուց առաջ նաև պետք է հրաժարվել մտավոր աշխատանք կատարելուց, այդ թվում և գրքեր կարդալուց ու հեռուստացույց դիտելուց: Նախընտրելի է, որ երեկոյան ժամերին լսեք հաճելի, հանգիստ երաժշտություն, որը կօգնի հանգստանալ, նախապատրաստվել քնելուն: Պետք է պահպանել քնելու ռեժիմը, որպեսզի օրգանիզմը սովորի: Ընդ որում՝ պետք չէ ցերեկվա ընթացքում քնել, որպեսզի գիշերը անքնությամբ չտառապեք:

Խորհուրդ է տրվում շատ քայլել դրսում: Քնից առաջ մաքուր օդին զբոսանքները, ննջասենյակի օդափոխումը կբարելավեն քնի որակը: Կարելի է երեկոյան ոչ շատ տաք լոգանք ընդունել: Քնելուն կօգնի նաև արոմաթերապիան: Քնաբեր դեղերի օգնությանը պետք չէ դիմել առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Ձեր ճիշտ հոգեբանական տրամադրվածությունը, լավատեսությունը, հանգստությունը և լավ տրամադրությունն ամենալավ գրավականն են հանգիստ քնի: Իսկ եթե մի պահ հայտնվեք քրոնիկական հոգնածության, անբավարար քնի վիճակում, հիշեք, որ գրեթե դա պատահում է հղիության ընթացքում, և պետք չէ դրանից վրդովվել:

Հիշեք, որ բնությունը կնոջն այնպես է ստեղծել, որ նրա օրգանիզմը կարող է դիմանալ ու կրել փոքրիկին: Ժամանակի ընթացքում կհարմարվեք նաև քնի նոր դիրքին: Կարևոր է ձեր հանգիստ լինելը, որպեսզի օրանիզմը կարողանա վերականգնվել․ չէ՞ որ ձեզ սպասվում է լուրջ գործ՝ ծննդաբերություն և փոքրիկի խնամք: Հղիությունը այն ժամանակահատվածն է, երբ մայրիկը դեռ ժամանակ ունի բավարար քնելու:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…