Հաճախասրտությունը հղիության ընթացքում

Հաճախասրտությունը հղիության ընթացքում

Հաճախասրտությունը (տախիկարդիա) սրտի կծկումների քանակի մեծացումն է, որը հաճախ առաջին անգամ ի հայտ է գալիս հղիության ընթացքում: Դա պայմանավորված է երեխային կրելու ժամանակ ներքին օրգանների, այդ թվում և սրտի վրա ծանրաբեռնվածության մեծացմամբ: Հաճախասրտությունը որոշ հիվանդությունների ուղեկցող ախտանշան է, այլ ոչ թե հիվանդություն: Այնպես որ՝ հաճախասրտության ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է կատարել օրգանիզմի համալիր հետազոտություն, որպեսզի բացահայտվեն պատճառները: Հենց պատճառի վերացումն էլ կդառնա խնդրի ամենաարդյունավետ լուծումը:

Հաճախասրտության նշանները և պատճառները

Հաճախասրտության հիմնական ախտանշանը հանգստի վիճակում սրտի կծկումների հաճախականության ավելացումն է՝ 1 րոպեյում ավելի քան 100 կծկում: Հաճախասրտության զարգացման գլխավոր պատճառը հղի կանանց դեպքում համարվում է օրգանիզմում հորմոնների բարձր մակարդակը:

Հաճախասրտության առավել տարածված պատճառներն են՝

  • հղիության ընթացքում կնոջ քաշի ավելացումը, 
  • սակավարյունությունը (արյան կարմիր գնդիկների՝ էրիթրոցիտների քանակի նվազում),
  • հիպոտոնիան (արյան ցածր ճնշում), 
  • ծխելը, 
  • սև սուրճի կամ թեյի չարաշահումը (դրանցում պարունակվող կոֆեինի հաշվին), 
  • ալկոհոլի օգտագործումը, 
  • անոթները նեղացնող դեղամիջոցների ընդունումը, 
  • նյութափոխանակության խանգարումը, 
  • օրգանիզմի ջրային հավասարակշռության խախտմամբ ուղեկցվող տոքսիկոզը:

Ախտանշանները

Սրտի աշխատանքի հաճախացումը հղի կանանց դեպքում կարող է հանկարծակի առաջանալ և նույն հանկարծակիությամբ էլ անհետանալ: Ընդ որում լինում է՝

  • գլխապտույտ, 
  • ընդհնաուր հոգնածություն և թուլություն, 
  • օդի անբավարարություն, 
  • տագնապի ու վախի զգացողություն:

Հաճախասրտության ընթացքի առանձնահատկությունները

Շատ հաճախ հենց հղիությունն է դառնում հաճախասրտության առաջացման պատճառ: Ընդ որում, եթե սրտի կծկումների հաճախությունը հանգստի վիճակում 90-110-ի սահմանում է, իսկ հղի կնոջ ընդհանուր վիճակը սովորական է, ապա կարելի է հատուկ միջոցառումներ չիրականացնել այն վերացնելու համար: Անհարմար զգացողություններով ուղեկցվող սրտի զարկերի ավելի բարձր հաճախականության դեպքում պարտադիր անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի:

Ի՞նչ վտանգներ կան 

Այն դեպքում, երբ հաճախասրտության պատճառը հենց հղիություն է, որպես կանոն կնոջ օրգանիզմին վտանգ չի սպառնում: Այնուամենայնիվ, եթե առկա է հանգստի վիճակում 120-150 զարկ րոպեում, ապա կարիք կա դիմելու բժշկի: Եթե պատճառը կապված չէ սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման հետ, ապա անհանգստանալու կարիք չկա: Եթե սրտի խնդիր է, ապա անհրաժեշտ է համապատասխան բուժում անցնել: Եթե հաճախասրտությունն առաջացել է հղիության հետևանքով օրգանիզմի վերակառուցման պատճառով, ապա այն վտանգ չի ներկայացնում ապագա փոքրիկի զարգացման համար: Եթե այն առաջացել է սրտի հիվանդությունների պատճառով, ապա կարճ ժամանակ անց կարող է վերածվել ավելի լուրջ խնդրի, որը հնարավոր է անհամատեղելի լինի հղիության հետ:

Հաճախասրտության բուժումը հղիության ընթացքում

Առաջին եռամսյակ։ Հաճախասրտության նոպայի ժամանակ անհրաժեշտ է ապահովել լիակատար հանգիստ և հարմարություն: Սովորաբար առաջին եռամսյակում հաճախասրտությունը պայմանավորված է լինում հորմոնային ֆոնի բարձրացմամբ: Մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել բնական հանգստացնող միջոցներ, օրինակ՝ կատվախոտ (վալերիանա): Նաև շատ օգտակար կլինի ալոճենին, որն ամրացնում է սրտամկանը:

Երկրորդ և երրորդ եռամսյակ։ Երկրորդ եռամսյակում հաճախասրտության պատճառները նույնն են, ինչ առաջինում: Իսկ ահա երրորդ եռամսյակում հաճախասրտությունը սովորաբար հասնում է իր գագաթնակետին, ինչը բացատրվում է զարգացող պտղի կարիքների մեծացմամբ: Եթե կատվախոտը արդյունք չտա, կարելի է կիրառել ավելի ուժեղ սեդատիվ միջոցներ (հեղուկ նովոպասիտ, պերսեն), ինչպես նաև վիտամինային և հանքային նյութեր պարունակող միջոցներ (վիտրում պրենատալ, պրեգնավիտ, էլեվիտ):

Ցանկացած դեպքում, նախքան որևէ դեղամիջոց ընդունելը, անհրաժեշտ է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ, ինչպես նաև ուշադիր կարդալ հրահանգների թերթիկը՝ ճշտելու համար հղիության ընթացքում դրա ընդունման հակացուցումները:

Այսպիսով, եթե հղիության ընթացքում զարգանում է հաճախասրտություն, անհրաժեշտ է դիմել բժշկի, ով կօգնի բացահայտել առաջացման պատճառները և կընտրի համապատասխան միջոցներ՝ դրա նոպաները մեղմելու համար:

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…