Դեղորայքային աբորտ

Հղիության վաղ ժամկետներում հաճախ է պատահում ինքնաբուխ վիժում, ինչը պայմանավորված է նրանով, որ 4 մմ չափ ունեցող պտղաձուն լավ չի ամրանում արգանդի պատին: Հատուկ դեղամիջոցներ օգտագործելով կարելի է խթանել այս երևույթն արհեստական եղանակով, ինչն էլ հենց կոչվում է դեղորայքային աբորտ:
Դեղորայքային աբորտն առաջին անգամ փորձարկվել է 1985 թ.: Ներկայումս ավելի քան 1 միլիոն կին է դիմել այս մեթոդին ողջ աշխարհում: Հղիության դեղորայքային ընդհատումն աբորտի ամենաանվնաս եղանակներից է: Այս դեպքում միջամտության ընթացքում և դրանից հետո բորբոքումների, թարախակույտի, ինչպես նաև վերարտադրողական ֆունկցիայի խնդիրների առաջացման վտանգ գրեթե չկա: Արգանդի խոռոչն անվնաս է մնում՝ չի ստանում մեխանիկական վնասվածքներ, ինչը շատ կարևոր է հետագա հղիության համար: Այն թույլ է տալիս պահպանել կնոջ առողջությունն ու հետագայում առողջ երեխաներ լույս աշխարհ բերել:
Հարկ է նշել նաև, որ դեղահաբերի միջոցով աբորտը հոգեբանական առումով ավելի հեշտ է ընդունվում կնոջ կողմից: Միայն պետք է հիշել, որ տարիքին զուգահեռ այդ մեթոդի արդյունավետությունը նվազում է:
Շատ կանանց համար այդ լավագույն ընտրությունն է, քանի որ չի պահանջում վիրաբուժական միջամտություն, և ինչպես նշվել է՝ բարդությունների առաջացման վտանգը չնչին է: Առողջ կինն այդ աբորտից հետո արագորեն վերականգնվում է: Կեսարյան հատումից վեց ամիս անց, եթե խնդիրներ չկան, կարելի է դիմել այդ մեթոդին: Առաջին հղիության ընդհատումը ցանկալի չէ, բայց այդ դեպքում էլ դեղորայքայինն ավելի անվտանգ տարբերակ է: Այն կարելի է իրականացնել ոչ հաճախ, քան տարվա մեջ երկու անգամ: Արգանդի պարանոցի էրոզիայի և միոմայի դեպքում բժիշկը պետք է որոշի մեթոդի կիրառությունը:
Հղիության ժամկետները որոշելու և արտարգանդային հղիությունը բացառելու նպատակով բժիշկը կնշանակի ուլտրաձայնային հետազոտություն: Հնարավոր է, որ նշանակի նաև հետևյալ հետազոտությունները՝
- քսուքի հետազոտություն,
- ռեզուս-գործոնի որոշում,
- վարակների հետազոտություն,
- արյան խմբի որոշում,
- ՄԽԳ որոշող հետազոտություն:
Մեթոդի արդյունավետությունը
Բժշկի հսկողությամբ դեղահաբի ընդունումն առաջացնում է ամբողջական վիժում. պտղաձուն հեռացվում է արգանդից՝ ինքնաբուխ վիժում է տեղի ունենում: Սովորաբար կիրառվում է միֆեպրիստոն: Դեղահաբի հիմքում ընկած է միֆեպրիստոն քիմիական նյութը 200 մգ չափաբաժնով: Հենց սա է առաջացնում պտղաձվի շերտազատում, իսկ մի քանի ժամ անց ընդունում են միզոպրոստոլ կամ միրոլյուտ խմբի դեղեր, որոնք պտուղը դուրս են բերում օրգանիզմից:
Դեղորայքային աբորտը պահանջում է գինեկոլոգի մի քանի անգամյա այց: Առաջին այցն անհրաժեշտ է հղիությունը հաստատող ՈՒՁՀ կատարելու համար: Եթե աբորտի որոշում եք կայացնում։ Երկրորդ այցի ընթացքում բժիշկը պարզում է հակացուցումների առկայությունը կամ բացակայությունը: Ցանկալի է այս այցի ժամանակ քաղցած լինել, որովհետև եթե հակացուցումներ չլինեն բժիշկը կնշանակի համապատասխան չափավաժնով դեղահաբ, որը պետք է ընդունեք նրա հսկողության ներքո:
Դեղահաբի հանդեպ զգայունությունն անհատական է: Այն ընդունելուց 2-3 ժամ կամ 1-2 օրվա ընթացքում օրգանիզմում սկսվում են փոփոխություններ տեղի ունենալ: Արյունային արտադրությունը նշանակում է, որ դեղանյութն սկսել է գործել:
Գրեթե 60% դեպքերում պտղի ներարգանդային մահը տեղի է ունենում առանց պրոստագլանդինների (արգանդի կծկումներն ուժգնացոնող հատուկ ակտիվ նյութեր) օգնությամբ: Եթե այն տեղի չի ունենում, կարիք կա կրկին այցելել բժշկի:
Երրորդ այցի ժամանակ անհրաժեշտ է ընդունել պրոստագլանդիններ: Արգանդի կծկումները կսկսվեն և կառաջանա արյունահոսություն: Շատ կարևոր է, որ այս ընթացքում կինը գտնվի բժշկի հսկողության ներքո: Նախ բժիշկը ժամանակին կկիրառի անհրաժեշտ միջոցներ, եթե սկսվի առատ արյունահոսություն: Երկրորդ, անհրաժեշտ կլինի անհապաղ շտկել դեղահաբի չափաբաժինը եթե այն առաջացնի ուժեղ սրտխառնոց:
Յուրաքանչյուր կնոջ օրգանիզմում դեղահաբը յուրովի ազդություն է ունենում: Ոմանց համար այս միջամտությունը նման է դաշտանին, պարզապես ավելի առատ արյունահոսությամբ և մակարդուկով: Ոմանց դեպքում առաջանում է գլխացավ, սրտխառնոց, փորլուծություն, կծկումանման կամ ձգող ցավեր որովայնի ստորին հատվածում:
Չորորդ այցն ամենակարևորն է: Վերջին այցը գինեկոլոգի մոտ տեղի է ունենում միջամտությունից 10-14 օր անց: Բժիշկը ՈՒՁ հետազոտությամբ ստուգում է արգանդի վիճակը: Այս կերպ կարելի է որոշել միջամտության արդյունավետությունը: Բժիշկը կտեսնի, արդյոք աբորտն ամբողջությամբ է տեղի ունեցել, թե արգանդում պահպանվել են պտղաձվի մասեր և կարիք կա դրանց հեռացման համար միջոցներ ձեռնարկել: Լինում են նաև դեպքեր, երբ նույնիսկ արյունահոսությունից հետո հղիությունը պահպանվում է: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել հղիության ընդհատման այլ մեթոդի, քանի որ պտղի անոմալիաների վտանգները շատ են և նման պարագայում հղիությունը պահպանել չի կարելի:
Վերականգման շրջան
Վերականգնումը տևում է մոտ մեկ ամիս: Այս շրջանում անհրաժեշտ է հատկապես ուշադիր լինել առողջական վիճակին: Անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի, եթե բարձրանում է ջերմությունը, առաջանում է ցավ որովայնի ստորին հատվածում, արյունային արտադրություն:
Որքան էլ դեղորայքային աբորտը համարվի անվտանգ, միևնույն է այն մեծ հարված է հասցնում կնոջ օրգանիզմին: Հորմոնային համակարգում խիստ փոփոխություններ են տեղի ունենում, վերակառուցվում է ողջ վերարտադրողական ֆունկցիան, իմունիտետն անկում է, մեծանում է բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը: Այդ պատճառով կարևոր է հնարավորություն տալ օրգանիզմին վերականգնել բոլոր համակարգերի աշխատանքը: Դեղորայքային աբորտից հետո 2 շաբաթվա ընթացքում արգելվում են.
- ալկոհոլը,
- սեռական հարաբերությունները,
- բաղնիք, շոգեբաղնիք, լողավազան այցը, կազմվածքի շտկման միջամտությունները,
- ցրտահարումը,
- ուժային ծանրաբեռնվածությունը,
- ամպոնների օգտագործումը:
Տվյալ միջամտությունն անհրաժեշտ է անցկացնել բժշկի հսկողության ներքո: Որոշ կանայք կարծում են, որ այն կարելի է կատարել տնային պայմաններում: Սակայն նրանք հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ դեղահաբի չափաբաժինն ընտրում է բժիշկն անհատապես: Հակառակ դեպքում հնարավոր է տեղի ունենա գերդոզավորում, ինչը շատ վտանգավոր է, քանի որ հանգեցնում է մակերիկամների ֆունկցիայի խանգարումների կամ արգանդային արյունահոսության, ինչի դեպքում անհրաժեշտ կլինի վիրաբուժական միջամտություն կատարել: Տհաճ և ցավալի դեպքերից խուսափելու համար հարկավոր է դիմել բժշկի, ով գրագետ կերպով կանցկացնի հղիության արհեստական ընդհատումը: