Բնական ճանապարհով ծննդաբերությունը կեսարյան հատումից հետո

«Կարո՞ղ եմ արդյոք բնական ճանապարհով ծննդաբերել, եթե նախկինում ունեցել եմ կեսարյան հատում»:
Շատ կանանց է հետաքրքրում այս հարցի պատասխանը, որը կախված է մի քանի գործոններից: Մեծամասամբ բնական ճանապարհով ծննդաբերությունը հնարավոր է կեսարյան հատումից հետո: Այս դեպքում գլխավոր վտանգը արգանդի պատռվածքն է, ինչն առաջանում է նախկին կեսարյան հատման կտրվածքի սպիի պատռվելու պատճառով, որի արդյունքում առաջանում է ներորովայնային արյունահոսություն։
Ներկայումս բժիշկները մանրազնին ստուգումներ են անցկացնում նախքան խորհուրդ կտան կնոջը բնական ճանապարհով ծննդաբերել: Թեև քիչ դեպքերում է այդպիսի ընտրություն կատարվում, այնուամենայնիվ դրանք ավելի ապահով են այժմ և հաջողության հավանականությունը 60-80% է: Կեսարյան հատումից հետո կանանց մոտ երկու երրորդը հավակնում է բնական ճանապարհով ծննդաբերության, սակայն բժիշկն է վերջնական որոշումը կայացնում: Նա հաշվի է առնում մի քանի հանգամանք։
- Կեսարյանի կտրվածքի տեսակը: Կա երեք տեսակ՝ ստորին լայնակի (արգանդի ստորին հատվածում կողքից կողք կտրվածք), որը ամենատարածվածն է, ստորին ուղղահայաց (վերևից ներքև կատարված կտրվածք արգանդի ստորին հատվածում) և վերին ուղղահայաց կամ «դասական» (արգանդի վերին հատվածում վերևից ներքև կատարված կտրվածք): Դասական կտրվածքներն ամենամեծ հավանականությունն ունեն պատռվելու: Այնպես որ այդ դեպքում կնոջը խորհուրդ չի տրվում դիմել բնական ճանապարհով ծնդաբերության: Վերջինիս լավագույն «հավակնորդները» ստորին լայնակի կտրվածքով կանայք են:
- Սպիի անբավարարության բացակայությունը։
- Նախկին կեսարյան հատման պատճառ-ցուցումը: Եթե կեսարյանի ցուցումը այնպիսի պատճառով էր, որ այս անգամ բժշկի կարծիքով չի կրկնվի, օրինակ պտղի թթվածնաքաղցը, ապա մեծ հավանականություն կա, որ հեշտոցային ծննդաբերություն կթույլատրվի, և այն կընթանա առանց բարդությունների: Իսկ ահա եթե կեսարյանի ցուցման պատճառը արգանդի պարանոցի անբավարար բացվածքն էր կամ այն, որ պտղի գլուխը չէր իջել, ապա հեշտոցային ծննդաբերության հաջողության հավանականությունը ցածր է:
- Բժիշկը նաև հաշվի է առնում ձեր և ձեր փոքրիկի առողջական վիճակը: Եթե պտղի առողջական վիճակը կայուն չէ կամ նա կոնքային առաջադրությամբ է, դուք չեք կարող ծննդաբերել բնական ճանապարհով: Իսկ այնպիսի հիվանդությունները, ինչպես շաքարային դիաբետը կամ հիպերտոնիան (բարձր ճնշումը) հնարավոր է վտանգեն ձեր կյանքը, որոնց դեպքում նույնպես հեշտոցային ծննդաբերություն ցուցված չէ: Եթե բարդություններն առաջանում են ծննդաբերության ժամանակ, դեռ հնարավոր է դիմել կեսարյան հատման:
- Որքան կեսարյան հատում է նախկինում կատարվել: Համարվում է, որ բնական ճանապարհով ծննդաբերությունը համեմատաբար ապահով է, եթե նախկինում ընդհամենը մեկ կեսարյան հատում է կատարվել: Բազմակի կեսարյանի դեպքում սովորաբար բժիշկները չեն թույլատրում հեշտոցային ծննդաբերություն:
Եթե նույնիսկ ունեք մեծ ցանկություն բնական ճանապարհով ծննդաբերելու, միևնույն է դրա որոշումը կայացնում է բժիշկը: Անհրաժեշտ է հասկանալ, որ կեսարյանից հետո հեշտոցային ծննդաբերությունն ունի բարդությունների առաջացման վտանգներ և դրանք պետք է հաշվի առնել: