Հետծննդյան շրջան
Հետծննդյան շրջանը (երեխայի ծնվելուց 6-8 շաբաթ հետո ընկած ժամանակահատվածը) ֆիզիկական և հոգեկան վերակառուցման փուլ է: Վերարտադրողական օրգանները վերադառնում են իրենց նախնական վիճակին:
Անմիջապես ծննդաբերությունից հետո բժիշկները հետևում են կնոջ ֆիզիկական վիճակին` վերականգնման գործընթացը հսկելու համար: Հաճախակի չափում են ջերմաստիճանը, զարկերակային ճնշումը, հաշվում անոթազարկը, շնչառության հաճախականությունը: Նմանապես հետևում են արգանդից դիտվող արտադրության (լոխիա) քանակին ու բնույթին, արգանդի չափերին, ամրությանը, հատակի բարձրությանը, միզապարկի և ստամոքսաղիքային համակարգի աշխատանքին: Արգանդի հետզարգացումն («ինվոլուցիա») ընթանում է հետծննդյան 5-6-րդ շաբաթում:
Արգանդի կծկողականությունը դրդելու և ընկերքի կպման տեղից առատ արյունահոսությունները կանխելու նպատակով երբեմն արգանդը մերսում են, ինչը կատարում է բուժքույրը կամ ինքը`ծննդկանը: Երեխային կերակրելը նույնպես նպաստում է արգանդի կրճատմանը: Հետծննդյան առաջին մի քանի օրը դիտվող զգալի քանակությամբ կարմիր արտադրությունն աստիճանաբար նվազում է` դառնալով բաց վարդագույն, իսկ հետագա մի քանի շաբաթում` սպիտակադեղնավուն, սպիտակ կամ դարչնագույն: Արտադրությունը կարող է տևել 6-8 շաբաթ:
Երբեմն հետծննդյան շրջանում զգացվում է ցավ, ինչը հաճախ առաջանում է երեխային խնամելիս, հատկապես, երբ դա առաջին ծննդաբերությունը չէ: Ցավը հանգստացնելու համար թուլացեք և դանդաղ շնչեք: Հետծննդյան շրջանի ցավը սովորաբար անցնում է առաջին շաբաթում:
Հետզարգարգացման փուլի վերջում արգանդի պարանոցը գրեթե ամբողջապես վերադառնում է իր նախածննդյան շրջանի չափերին, բայց արտաքին բացվածքը մնում է փոքր-ինչ լայն: Հեշտոցն աստիճանաբար դառնում է առաջվա պես առաձիգ, սակայն սեռական շրթունքները մնում են ավելի լայն, հաստ և մուգ, քան նախքան հղիությունը:
Կնոջ ընդհանուր վիճակը բարեհաջող ծննդաբերությունից հետո սովորաբար լավ է լինում: Ծննդաբերությունից հետո կարող է իջնել զարկերակային ճնշումը` պայմանավորված արգանդ-ընկերքային արյան շրջանառության գործընթացի դադարեցմամբ, արգանդի կրճատմամբ, դրա արյունալեցման պակասով: Օրգանիզմը նման իրավիճակում արտակարգ միջոցներ է գործածում արյան ավելորդ քանակից ձերբազատվելու համար. երիկամներն ավելի շատ մեզ են արտաթորում, ուստի շրջանառող արյան ծավալն արագ նվազում է: Դրանով է բացատրվում զարկերակային ճնշման անկումը։ Սովորաբար շուտով վերականգնվում է նախկին մակարդակը:
Չնայած հետծննդյան շրջանում մի քանի օր երիկամները սովորականից շատ մեզ են արտաթորում, ծննդկանները հաճախ միզարձակման ցանկություն չեն ունենում և երբեմն հարկ է լինում նրանց այդ մասին հիշեցնել: Երբեմն միզարձակման ցանկություն առաջանում է ծորակից հոսող ջրի ձայնից կամ արտաքին սեռական օրգանները գոլ ջրով լվանալիս: Եթե նման միջոցնորն ապարդյուն են անցնում, հարկ է լինում գործի դնել կաթետերը: Պատահում է և հակառակը. կանայք նշում են, որ ծննդաբերությունից հետո անմիզապահություն է զարգացել, մանավանդ՝ փռշտալիս, հազալիս կամ ծիծաղելիս: Այդպես կարող է լինել, եթե ծննդաբերելիս չափազանց շատ է ձգվել միզապարկի փականը:
Առաջին օրերին ամեն ինչ կարգին չէ նաև ստամոքսաղիքային համակարգի աշխատանքում. աղիքների լարվածությունն ընկած է, մարսողությունը` դանդաղած, կղարձակումը բացակայում է, ուստի վերջինը պետք է ապահովել հոգնաների օգնությամբ, համապատասխան սննդակարգով և այլն: Լցված միզապարկն ու ուղիղ աղիքը սեղմում են արգանդը` խոչընդոտելով պարունակության արտահոսքին և արգանդի չափերի կրճատմանը: Երբեմն ծննդկանների թութքային հանգույցներն են արտանկում, այտուցվում ու բորբոքվում: Նման դեպքերում օգնում են երիցուկի թուրմի թրջոցները, հղիության ընթացքում թույլատրելի, ուղիղ աղիքային մոմիկները և այլն:
Հակացուցումների բացակայության դեպքում (ծանր ծննդալուծում, շեքի պատռվածք. կեսարյան հատում) անկողնուց կարելի է վեր կենալ ծննդաբերության հաջորդ օրը` ջանալով հնարավորին չափով արագ վերադառնալ ակտիվ, շարժուն աշխատանքի. այդ լավագույնս կկանխարգելի արյան անոթներում թրոմբագոյացումն ու խցանումը: Շուտով կկարգավորվի նաև ինքնուրույն կղազատումը, միզարձակումը, կպրկվի որովայնի առաջային պատը, կվերականգնվի սեռական օրգանների գործունեությունը: