Միկրոֆլորայի մանրէաբանական ցանքս

Ժամանակակից լաբորատորիական ախտորոշումն ունի տարատեսակ հետազոտությունների հսկայական մի ցանկ: Լաբորատորիայում անցկացվող մանրէաբանական ախտորոշման արդյունավետ մեթոդ է միկրոֆլորայի մանրէաբանական ցանքսը, որի նպատակը հիվանդության պատճառների որոշումն է և հարուցչի՝ հակաբիոտիկների նկատմամբ զգայունակության հայտնաբերումը: Գինեկոլոգիայում հետազոտության համար նմուշ են վերցնում հիմնականում հեշտոցի արտադրությունից, ցերվիկալ ուղուց և միզուկից:
Մանրէաբանական ցանքս է կատարվում, երբ կա բորբոքում, որն ուղեկցվում է քորով, ցավոտ և հաճախակի միզարձակմամբ, շեքի և գոտկատեղի հատվածի ցավով: Բացի վերջիններից բորբոքումը հնարավոր է ուղեկցվի հեշտոցի արտադրության բնույթի փոփոխությամբ, մեզի գույնի փոփոխությամբ և միզարձակման կեղծ ցանկությամբ: Դա թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել բորբոքումը և բուժման համապատասխան միջոցներ ձեռք անել:
Նախապատրաստում հետազոտությանը
Հետազոտությանը հատուկ պատրաստվելու կարիք չկա, սակայն պետք է իմանալ, որ միկրոֆլորայի մանրէաբանական ցանքս չի անցկացվում մենստրուացիայի ժամանակ։ Անիմաստ է հետազոտության անցկացումը նաև հակաբիոտիկներով բուժման ընթացքում: Նախքան հետազոտությունը չի կարելի ներլվացում կատարել, ցանկալի է նաև տուալետ չգնալ նմուշը միզուկից վերցնելուց 2-3 ժամ առաջ, դեռևս օրեր առաջ հարկավոր է խուսափել սեռական հարաբերությունից, ինչպես նաև բացառել ստամոքսում խմորումն ուժգնացնող մթերքները:
Մանրէաբանական ցանքսի ախտորոշիչ արժեքը
Մանրէաբանական ցանքսը թույլ է տալիս հայտնաբերել՝
- քլամիդիաները,
- ուրեապլազմաները,
- տրիխոմոնադները,
- միկոպլազմաները,
- կանդիդները,
- ստաֆիլոկոկ,
- միզասեռական ուղիների քրոնիկական վարակներ և այլն:
Բացի այն, որ որոշվում է հիվանդության հարուցչի տեսակը, նաև հավելյալ գնահատվում է ախտածին բակտերիաների քանակը, ինչի օգնությամբ բժիշկը կարողանում է որոշել հիվանդության ծանրության աստիճանը և համապատասխան բուժում նշանակել:
Ինչպես է վերցվում հետազոտության նմուշը
Միզուկից կամ հեշտոցից հետազոտության նմուշը վերցնում են հատուկ մանրէազերծ գործիքի միջոցով: Հեշտոցից վերցնելու պարագայում կինը սովորաբար անհարմարություն չի զգում, իսկ միզուկից վերցնելու դեպքում պետք է պատրաստ լինի որոշակի ցավ զգալուն, ինչը հետազոտությունից հետո շարունակվում է մի քանի ժամ:
Եթե մանրէաբանական ցանքսի արդյունքում որևէ հիվանդություն հայտնաբերվի, օրինակ կանդիդոզ, ապա բժիշկը համապատասխան բուժում կնշանակի, որի ավարտից երեք շաբաթ անց կանցկացվի ստուգիչ հետազոտություն: Այդպիսի մարտավարությունը բուժման բարձր արդյունք է երաշխավորում, քանի որ բժիշկը, ստուգիչ հետազոտության արդյունքում կրկին մանրէ հայտնաբերելով, բուժումը շտկելու հնարավորություն է ունենում՝ թույլ չտալով, որ հիվանդությունը գաղտնի ընթացք ձեռք բերի:
Մանրէաբանական ցանքսը լաբորատորիայում
Հետազոտության նմուշը վերցնելուց մինչև արդյունքն ստանալն անցնում է հինգից ութ օր: Այդ ընթացքում հետազոտվող նմուշը տեղադրում են բակտերիաների աճին նպաստող հատուկ սննդարար միջավայրերում: Միկրոօրգանիզմները, եթե կան այդպիսիք, սկսում են բազմանալ և գաղութներ ստեղծել: Մի քանի օր անց առաջացած գաղութները տեղափոխում են այլ միջավայր: Լաբորատոր ախտորոշման բժիշկը հարուցչի նույնականացում է կատարում և որոշում հակաբիոտիկների նկատմամբ դրա զգայունակությունը, գնահատում բակտերիաների քանակը: Արդյունքների հիման վրա եզրակացություն է արվում, որից ելնելով էլ գինեկոլոգը նշանակում է ռացիոնալ հակաբիոտիկային բուժում: