Վաղաժամ ծննդաբերություն

Վաղաժամ է համարվում այն ծննդաբերությունը, որը տեղի է ունեցել հղիության 22-37-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում։
Պատճառները
Գործոնները, որոնք կարող են դառնալ վաղաժամ ծննդաբերության պատճառ, շատ են։
Կնոջ առողջական վիճակը`
- տարատեսակ հիվանդություններ (սեռական ոլորտի հետ կապ չունեցող),
- հորմոնային խանգարումներ (ձվարանների, մակերիկամների, հիպոֆիզի, վահանագեղձի հիվանդություններ),
- բորբոքային պրոցեսներ, միզասեռական համակարգի վարակներ (ցիտոմեգալավիրուս, քլամիդիոզ, հերպես և այլն),
- քրոնիկական վարակիչ հիվանդություններ (հեպատիտ, տոնզիլիտ)։
Արգանդի գործոններ`
- արգանդի կառուցվածքի արատ,
- նորագոյացությունների առկայություն արգանդում,
- ներարգանդային կպումներ,
- սեռական ինֆանտիլիզմ։
Առանձին տեղ է գրավում իսթմիկացերվիկալային անբավարարությունը (արգանդի պարանոցի մկանների թուլացում): ԻՑԱ-ն կարող է լինել ինչպես ֆունկցիոնալ (սեռական ինֆանտիլիզմ կամ հորմոնային խանգարումներ), այնպես էլ օրգանական (ցերվիկալ կանալի փակող մկանների վնասում աբորտի կամ բարդ ծննդաբերության ընթացքում)։
Սեռական գործոններ.
- Պտղի զարգացման բնածին արատներ, գենետիկական հիվանդություն։
- Բարդացած հղիություն, որի պատճառ կարող է լինել՝
- գեստոզը,
- ռեզուս-կոնֆլիկտը,
- ընկերքի առաջադրությունը,
- ընկերքի շերտազատումը,
- պտղաջրի արտահոսք նախքան ծննդաբերությունը,
- գերջրությունը,
- բազմապտուղ հղիությունը։
Հասարակական գործոններ՝
- անորակ սնունդ,
- վնասակար արտադրության հետ կապված աշխատանք,
- ֆիզիկական ծանր աշխատանք, մեծ հոգնածություն,
- ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործում,
- տարիք (18-ից փոքր և 30-ից մեծ),
- սթրեսներ։
Ախտանշանները
Ըստ ընթացքի՝ վաղաժամ ծննդաբերությունը բաժանվում է երեք փուլի՝ սպառնացող, սկսվող, սկսված։
Վաղաժամ ծննդաբերության սպառնալիք
Սպառնացող վաղաժամ ծննդաբերության մասին են վկայում ձգող կամ նվվացող ցավը որովայնի ստորին շրջանում և գոտկային հատվածում։ Արգանդը պարբերաբար լարվում է, իսկ երեխայի շարժումները հաճախանում և դառնում անհանգիստ։
Սկսվող վաղաժամ ծննդաբերություն
Սկսվող վաղաժամ ծննդաբերության դեպքում ցավն ուժգնանում է և արյուն է նկատվում։ Արգանդի պարանոցը փափկում է և կարճանում (2,5սմ և փոքր), ցերվիկալ կանալը բացվում է 2-3սմ։
Սկսված վաղաժամ ծննդաբերություն
Ցավն ուժգնանում է, կծկանքները կրկնվում են 5-7 րոպեն մեկ, արգանդի պարանոցը հարթվում է, արգանդի օղը բացվում 3սմ և ավել։ Հնարավոր է պտղաջրի արտահոսք։ Արյունային արտադրությունը շատանում է։
Ախտորոշումը
Վաղաժամ ծննդաբերության սկիզբն ախտորոշելը բավականին դյուրին է։ Տեղեկությունների, գանգատների հավաքագրումից, մանկաբարձական արտաքին և ներքին զննումից և հետազոտություններից (ՈւՁՀ, ամնիոթեստ և այլն) հետո բժիշկը պարզում է վաղաժամ ծննդաբերության աստիճանը, պտղի ենթադրվող քաշը և որոշում հետագա գործողությունների մարտավարությունը։
Թերապիան
Նախքան բժշկի դիմելը որովայնի ստորին շրջանի ցավերի ի հայտ գալուն պես հարկավոր է պառկեցնել կնոջը և հոգեհուզական հանգիստ ապահովել։ Ցանկալի է նրան հանգստացնող միջոց տալ (վալերիանա) և արագ շտապօգնություն կանչել։
Սպառնալիքով կամ սկսված վաղաժամ ծննդաբերության դեպքում կնոջն անհապաղ տեղափոխում են հիվանդանոց։ Աստիճանը պարզելուց հետո բժիշկները որոշում են համապատասխան գործողությունների և միջոցառումների պլանը։
Ծննդաբերությունը հետաձգում են այնքան, որքան անհրաժեշտ է լինում։ Բուժման հիմնական նպատակը ռեսպիրատոր դիսթրես-համախտանիշի կանխարգելումն է, քանի որ անհաս երեխայի թոքերը դեռևս հասուն չեն լինում, իսկ ալվեոլներում բացակայում է սուրֆանկտանտը, որի արտադրման նպատակով հատուկ դեղամիջոցներ են նշանակվում։
Սկսված վաղաժամ ծննդաբերության վարումը
Վաղաժամ ծննդաբերությունն զգուշությամբ են վարում։ Ցավազրկամ նպատակով կարող է էպիդուրալ անեսթեզիա կիրառվել։ Ծննդաբերության երկրորդ փուլում պտղին վնասվածքներից պաշտպանելու նպատակով կատարվում է շեքի հատում։ Ծննդաբերությունից հետո երեխային տեղափոխում են կուվեզի մեջ։
Կարդացեք՝ Ժամանակից շուտ ծնված երեխաներ
Բարդացումներ
Վաղաժամ ծննդաբերության ընթացքում առաջացող բարդություններն են՝
- պտղապարկի նախածննդաբերական պատռվածք,
- ծննդաբերական ուժերի անոմալիաներ (ճիգերի թուլություն, արագ ծննդաբերություն),
- արնահոսություն (ընկերքի առաջադրություն, ընկերքի շերտազատում, արգանդի կրճատման գործառույթի խանգարում)։
Կանխատեսումները կախված են գեստացիայի ժամկետից, բարդություններից, պտղի առաջադրությունից և քաշից, հետծննդաբերական բարդացումներից։
Կանխարգելումը
Վաղաժամ ծննդաբերության կանխարգելումը պետք է սկսվի դեռևս հղիության պլանավորման փուլից։ Հարկավոր է բուժել քրոնիկական հիվանդությունները, հետազոտվել միզասեռական վարակների հայտնաբերման նպատակով, առողջ ապրելակերպ վարել, հրաժարվել վնասակար սովորություններից, ֆիզիկական ծանր աշխատանքից, խուսափել սթրեսային իրավիճակներից։ Հղիության մասին տեղեկանալուն պես դիմել գինեկոլոգի և հաշվառվել։