Վալերյանան (կատվախոտ) կրծքով կերակրման շրջանում

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո որոշ կանայք ավելի դյուրագրգիռ ու տագնապային են դառնում։ Այդ վիճակում հաճախ հայտնվում են անփորձ մայրերը կամ նրանք, ում վրա ազդում է կյանքի սովորական ռիթմի, ռեժիմի, օրգանիզմում հորմոնների և այլ փոփոխությունները։
Հանգստանալու համար երիտասարդ մայրերը փորձում են գտնել մի միջոց, որը նվազագույն հետանքներ կունենա փոքրիկի համար։ Արդյո՞ք վալերյանկան (կատվախոտ) այդպիսի միջոց է կրծքով կերակրման շրջանում։
Սովորաբար կերակրող մայրերը հրաժարվում են դեղորայքից, ինչը ճիշտ ընտրություն է․ չէ՞ որ մոր օգտագործած ամեն բան կաթի միջոցով փոխանցվում է երեխային, իսկ դեղամիջոցները կարող են վնասել նրա փխրուն օրգանիզմին։
Կրծքով կերակրման շրջանում հանգստացնող ամենաանվնաս միջոցը համարվում է վալերյանան (կատվախոտ)։ Ոմանք նախընտրում են կաթիլները, մյուսները՝ հաբերը։ Կերակրող մայրերը պետք է չմոռանան, որ պատասխանատու են ոչ միայն իրենց, այլև փոքրիկի համար և նախքան որևէ դեղամիջոց օգտագործելը պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Ճիշտ է, կատվախոտը անվնաս դեղամիջոց է, այնուամենայնիվ հարկավոր է բժշկից ճշտել թույլատրելի դեղաչափը։
Կատվախոտը օգնում է կարգավորել այնպիսի վիճակներ, ինչպիսիք են՝
- քնի խանգարումները,
- սթրեսը,
- դյուրագրգռությունը,
- միգրենը,
- ստամոքսաղիաքային տրակտի և միզարձակման համակարգի նոպաները,
- անոթային բարձր ճնշումը,
- արագ սրտխփոցը և այլն։
Ազդեցությունը
Կատվախոտի սեդատիվ ազդեցությունն զգում է ոչ միայն մայրը, այլև երեխան։ Այն բուսական ծագում ունի, և գերդոզավորումը գործնականորեն չի ազդում օրգանիզմի վրա։ Անհատական յուրաքանչյուր դեպք հատուկ վերաբերմունք և դեղաչափ է պահանջում։
Կատվախոտն անմիջապես չի գործում, ազդեցությունն զգացվում է փոքր-ինչ ուշ։ Այն վաճառվում է հաբերի, հեղուկի և թեյի տեսքով, ընդ որում՝ թուրմի ազդեցությունն ավելի ուժգին է։ Հանգստացնող ավելի լավ ազդեցություն է ունենում վալերյանայի (կատվախոտ) և առյուծագի (ռուս․՝ пустырник) թուրմը։
Խմելով դեղամիջոցը, որը բժիշկը սովորաբար նշանակում է օրական 2-3 հաբ, հինգ օր, պետք է հասկանալ, որ հոգնած, դյուրագրգիռ, քունը չառած մայրն իր այդ վիճակով ավելի է ազդում երեխայի վրա, քան կատվախոտը։
Բոլոր դեպքերում հարկավոր է զգուշանալ՝ խստորեն պահպանելով դեղաչափը, սեփական նախաձեռնությամբ չերկարացնել դեղամիջոցի ընդունման ժամանակահատվածը, վալերյանայի (կատվախոտ) ընդունումից հետո ուշադիր լինել երեխայի ֆիզիկական և հուզական արձագանքի հանդեպ։
Եթե առաջանում է՝ քոր, փորկապություն, հակառակ ազդեցություն, որը բնութագրվում է անքնությամբ, էլ ավելի մեծ դյուրագրգռությամբ, անոթային ճնշման բարձրացմամբ, հարկավոր է դադարեցնել ընդունումը և դիմել բժշկի։
Ո՞ր դեղամիջոցներն են, որ ԿԿ-ի շրջանում կարող են փոխարինել կատվախոտին
Կրծքով կերակրման շրջանում թույլատրվում է օգտագործել նաև պերսեն, տենոտեն և այլն։ Լիովին կհանգստացնեն նաև՝ մերսումը, տաք, բուսական մզվածքներով լոգանքը, զբոսանքը, լիարժեք քունը։