Նորածինների ծննդաբերական վնասվածքներ

Նորածինների ծննդաբերական վնասվածքներ

Նորածնային ախտաբանության մեջ նշանակալից տեղ են գրավում ծննդաբերական վնասվածքները։ «Ծննդաբերական վնասվածք» ասելով նկատի են ունենում այն վնասվածքները, որոնք առաջանում են ինքնուրույն ծննդաբերական ուղիներով անցնելիս։

Մանկաբարձական միջամտությունների (պտղաշրջում, աքցանադրում, վիրաբուժական միջամտություններ) առաջացած վնասվածքները ընդունված է համարել մանկաբարձական։ Ներարգանդային քրոնիկ թթվածնաքաղցը և ասֆիքսիան պտղի ծննդաբերական վնասվածքների նախապայման են նույնիսկ նորմալ ընթացքով ծննդաբերության ժամանակ։

Կեֆալոհեմատոմա. հանդիպում է 0,2-2,5% դեպքերում։ Գագաթոսկրի և ծոծրակոսկրի վերնոսկրի տակ արյունազեղում է։ Այն չի տարածվում այլ ոսկրերի վրա, պուլսացիա չունի, կարող է մեծանալ առաջին շաբաթվա ընթացքում, այնուհետև դրա չափերն աստիճանաբար փոքրանում են և 6-8-րդ շաբաթում լրիվ անցնում։

Գանգի ոսկրերի ճաքեր և կոտրվածքներ. սովորաբար մանկաբարձական միջամտությունների հետևանք է (աքցանադրում) կամ գլխիկի ճնշում մոր կոնքի անոմալիաների ժամանակ։ Վիրաբուժական միջամտություններն անհրաժեշտ են, եթե առաջանում են նյարդաբանական ախտանշաններ, զարգանում է արյունազեղում և ներարգանդային ճնշման բարձրացում։

Ներարգանդային ծննդաբերական վնասվածքներն ուղեկցվում են ուղեղային հյուսվածքների վնասմամբ և այտուցով։

Կլինիկական պատկերը պայմանավորված է հեմոլիկվորոդինամիկայի խանգարման աստիճանով։ Ծանր դեպքերում նորածինը կարող է մահանալ կյանքի առաջին ժամերին, թեթև ձևերի ժամանակ փոփոխությունները դարձելի են։

Տարբերում են էպիդուրալ, սուբդուրալ, սուբարախնոիդալ, ներուղեղային և խառը արյունազեղումներ։ Ծննդաբերական վնասվածքների ժամանակ արյունազեղումներն ավելի հաճախ ծագում են երակային սինուսներից և տեղակայվում են կամ ուղեղիկի տակ կամ ուղեղիկի վրա։ Ուղեղիկի պատռվածքի ժամանակ ճնշվում է ուղեղային ցողունը։ Նորածնի վիճակը գնահատվում է ծանր, բացակայում են ծծելու և կլման ռեֆլեքսները, դիտվում է անիզոկորիա, կոպիտ նիստագմ, «լողացող ակնագնդեր», տոնիկ ցնցումներ։ Ծանր դեպքերում գումարվում են շնչառական և սիրտ-անոթային համակարգի ախտահարումները, և նորածինը մահանում է։

Ներարգանդային ծննդաբերական վնասվածքների սուր շրջնում կլինիկական պատկերում գերակշռում են ընդհանուր ուղեղային արյան շրջանառության խանգարման և ուղեղի այտուցի ախտանիշները։ Առաջին շրջանում գերակշռում են ընկճման ախտանիշները` մկանների ատոնիա, շարժումների ակտիվությունն ընկճված է, ռեակցիան արտաքին ազդակների նկատմամբ իջած է, սրտի տոները` բրադիկարդիկ, դիտվում է դիմային, եռվորակ նյարդի ախտահարում։ Երկրորդ շրջանը բնորոշվում է նորածնի գերդրդմամբ` նորածինն անհանգիստ է, առկա է վերջույթների տրեմոր, տարածիչների հիպերտոնուս, քունը խանգարված է։ Վերականգնման շրջանում կարող են զարգանալ տարբեր կլինիկական ախտանշաններ` վեգետովիսցերալ դիսֆունկցիաներ, շարժողական խանգարումներ, մկանային հիպերտոնիա, ինչպես նաև հիդրոցեֆալ համախտանիշ։

Ախտորոշումը հիմնվում է կլինիկական, լաբորատոր, ողնուղեղային հեղուկի հետազոտությունների, աչքի հատակի, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի, գերձայնային և կոմպյուտերային տոմոգրաֆիայի տվյալների վրա։

Ողնուղեղային ծննդաբերական վնասվածքներ: Ծննդաբերության ոչ ճիշտ վարման հետևանք է, կարող են վնասվել միջողնային դիսկերը, առաջանում է ողերի տեղաշարժ, արյունազեղումներ` ողնուղեղի մեջ։ Կլինիկական պատկերը կախված է ախտահարման տեղակայումից։

Վերին պարեզ և Դյուշեն-էրբի պարալիչ. զարգանում է ողնուղեղի CV-CVI մակարդակի ախտահարման ժամանակ։

Դեջևրին-Կլումպկեյի պարալիչ. ախտահարվում են VII և VIII պարանոցային և I կրծքային սեգմենտները։

Գոտկասրբանային շրջանի ողնուղեղի ծննդաբերական վնասվածք. ստորին վերջույթների պարապարեզ, վերին վերջույթներում շարժումները նորմալ են։

Վերջույթների վնասվածքեր. ավելի հաճախ դիտվում է խոշոր քաշով և լայն ուսերով նորածինների դեպքում, ինչպես նաև հետույքային առաջադրության ժամանակ թաթիկները դժվար հանելիս։

Անրակի կոտրվածքի ժամանակ սովորաբար տեղաշարժ չի լինում։ Շոշափելիս զգացվում է կրեպիտացիա, 2-րդ շաբաթից առաջանում է ոսկրային կոշտուկ։ Նորածնի ընդհանուր վիճակը չի տուժում, շարժումները սահմանափակ չեն։ Դրվում է Դեզոյի վիրակապ։

Լյարդի սուբկապսուլյար հեմատոմա և մակերիկամների արյունազեղում։ Նախատրամադրող գործոններն են` պտղի հետույքային առաջադրությունը, խոշոր պտուղը, ՆՀՀ-ն և այլն։ Եթե հեմատոման մեծանում է, կարող է պատռվել և լցվել որովայնի խոռոչ։ Նորածնի մոտ դիտվում է հեմոռագիկ շոկ և կոլապս։

Մակերիկամների արյունազեղումները հանդիպում են 1,7% հաճախականությամբ։ Ախտանշաններն ի հայտ են գալիս կյանքի I շաբաթվա ընթացքում` անորեքսիա, փսխում, դիարեա, ընդհանուր թուլություն, շնչառության ռիթմի խանգարում, հեմատուրիա։

Ծննդաբերական վնասվածքներ տարած երեխաներին պետք է հսկեն ոչ միայն մանկաբույժը, այև նյարդաբանը և օրթոպեդը։

 

Աղբյուրը՝ Մանկաբարձություն: Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար /Խմբ. բ.գ.դ. պրոֆեսորներ Գ. Ա. Բեգլարյան և Ռ. Ա. Աբրահամյան– Երևան/: Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկ. համալս. հրատ. 2010թ.

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար