Դաշտանի անկանոն ցիկլ

Դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողական առողջության կարևոր ցուցիչներից մեկն է։ Դրա անկանոն լինելը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և խնդիրների մասին, սակայն պետք չէ ժամանակից շուտ եզրակացություններ անել և վախենալ։ Երբեմն պատահում է, որ դաշտանի անկանոնությունը բնական պատճառներ է ունենում։ Բնականոն ընթացքից շեղում նկատելու դեպքում միշտ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։
Նախ նշենք, որ յուրաքանչյուր կնոջ դեպքում դաշտանային ցիկլն անհատական է։ «Ոսկե միջինը» 21-35 օր տևողությամբ ցիկլն է։ Ամենատարածված ցուցանիշը 26-29 օրն է։ Եթե ցիկլը տևում է 21 օր, ապա այն համարվում է կարճատև, եթե 35 օրից ավել՝ երկարատև։
Կարևոր պայմանը ցիկլիկությունն է և կայունությունը։ Եթե դաշտանը բացակայում է 40-45 օր, կամ, ընդհակառակը, հաճախակի է սկսվում, ապա այդ վկայում է խանգարման մասին։
Ցիկլի խանգարման հիմնական նշանները
- Դաշտանի բացակայություն
- Ժամանակային ցիկլի ինտերվալների մշտական կամ մեծ խախտում
- Յուրաքանչյուր ամիս կարճատև ու երկարատև ցիկլերի հերթագայում
- Դաշտանի ընթացքում կամ ցիկլի այլ փուլում ոչ տիպիկ ցավ որովայնի ստորին հատվածում
- Հղիանալու անհնարինություն
Ցիկլի անկանոնության բնական պատճառներ
Ոչ միշտ է ցիկլի անկանոնությունը վկայում առողջական խնդրի կամ որևէ հիվանդության մասին։ Պատճառները կարող են լինել լիովին տրամաբանական և բնական, դրանցից են՝
- հետվիրահատական շրջան,
- օրգանիզմի ծերացում և մենոպաուզա,
- սեռական հասունացում (երբ ցիկլը դեռևս կայացման փուլում է),
- աբորտ,
- հղիություն,
- հետծննդաբերական վերականգնման շրջան։
Անբնական պատճառներն են՝
- հորմոնային խանգարում (հիպերպրոլակտինեմիա, հիպերանդրոգենիա, հիպոթիրեոզ և այլն),
- ձվարանների տարբնույթ հիվանդություններ (պոլիկիստոզ),
- սեռավարակներ և բորբոքային պրոցեսներ,
- էնդոմետրիոզ,
- դեղամիջոցների ընդունում, հատկապես՝ հորմոնային տիպի, հոգեմետ և այլն։
Բուժումը
Բժշկի դիմելիս հիմնական խնդիրը ցիկլի անկանոնության պատճառի որոշումն է, որի բնույթից էլ կախված է լինում բուժումը։ Հնարավոր է, որ նշանակվեն հակաբիոտիկներ, հորմոնային միջոցներ, վիտամիններ և սիմպտոմատիկ դեղամիջոցներ։ հաճախ նաև ֆիզիոթերապիա է նշանակվում, կազմվում է բուժիչ դիետա, կազմվում է իմունիտետի բարձրացմանն ուղղված պլան և այլն։