Հղիության պլանավորում
Կարո՞ղ է բարձր պրոլակտինը խանգարել հղիանալուն
Հղիություն պլանավորելիս կանանց հորմոնային հետազոտությունների շարքում կարևոր տեղ ունի պրոլակտինի մակարդակի գնահատումը։ Այս հորմոնի բարձրացումը՝ հիպերպրոլակտինեմիան, կարող է խանգարել ձվարանների բնականոն գործունեությանը, խաթարել ձվազատումը և որոշ դեպքերում դառնալ հղիանալու դժվարությունների պատճառ։
Սակայն կարևոր է հասկանալ, որ պրոլակտինի բարձր մակարդակը միշտ չէ, որ նշանակում է վերարտադրողական խնդիր։ Շատ դեպքերում պատճառի հայտնաբերումից և համապատասխան բուժումից հետո հնարավոր է վերականգնել ձվազատումը և հասնել բնական հղիության։
Ի՞նչ է պրոլակտինը և ո՞րն է դրա դերը։
Պրոլակտինը հորմոն է, որն արտադրվում է գլխուղեղում՝ հիպոֆիզում։ Այն հիմնականում հայտնի է կրծքագեղձերի զարգացման և կաթնարտադրության գործընթացում իր դերով, սակայն ունի նաև կարևոր նշանակություն վերարտադրողական համակարգի կարգավորման գործում։
Նորմալ պայմաններում պրոլակտինի մակարդակը վերահսկվում է դոֆամինի միջոցով։ Երբ դրա քանակն ավելանում է, կարող է ճնշվել հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ հորմոնային համակարգի բնականոն գործունեությունը։
Ինչպե՞ս է բարձր պրոլակտինը խանգարում հղիանալուն։
Պրոլակտինի բարձր մակարդակը կարող է ազդել վերարտադրողական համակարգի տարբեր օղակների վրա։
1. Խանգարում է ձվազատմանը։
Բարձր պրոլակտինը կարող է նվազեցնել գոնադոտրոպին-ռիլիզացնող հորմոնի (GnRH) արտազատումը, ինչի հետևանքով փոփոխվում է նաև FSH և LH հորմոնների արտադրությունը։
Արդյունքում կարող է խանգարվել ֆոլիկուլի հասունացումը, ձվազատումը դառնալ անկանոն կամ ընդհանրապես բացակայել։
2. Առաջացնում է դաշտանային ցիկլի խանգարումներ։
Հիպերպրոլակտինեմիայի դեպքում հնարավոր են՝
- դաշտանային ցիկլի երկարացում,
- դաշտանի անկանոնություն,
- դաշտանի բացակայություն,
- ձվազատման բացակայություն։
Երբեմն դաշտանային ցիկլը կարող է պահպանվել, սակայն ձվազատումը խանգարված լինել։
3. Կարող է ազդել սեռական ցանկության վրա։
Պրոլակտինի բարձր մակարդակը որոշ կանանց մոտ ուղեկցվում է սեռական ցանկության նվազմամբ և հեշտոցի չորությամբ, ինչը կարող է անուղղակիորեն դժվարացնել հղիության պլանավորումը։
Որո՞նք են պրոլակտինի բարձրացման պատճառները։
Հիպերպրոլակտինեմիան կարող է ունենալ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ ախտաբանական պատճառներ։
Հիմնական պատճառներն են՝
- Հղիություն և կրծքով կերակրում։
- Հոգեբանական և ֆիզիկական սթրես։
- Քնի խանգարումներ։
- Վահանաձև գեղձի թերֆունկցիա՝ հիպոթիրեոզ։
- Որոշ դեղամիջոցների օգտագործում։
- Հիպոֆիզի պրոլակտին արտադրող բարորակ գոյացություններ՝ պրոլակտինոմաներ։
- Երիկամների որոշ հիվանդություններ։
Հատկանշական է, որ պրոլակտինի մակարդակը կարող է ժամանակավորապես բարձրանալ նաև արյան վերցման հետ կապված սթրեսի, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ կրծքագեղձերի գրգռման հետևանքով։
Ինչպե՞ս է ախտորոշվում հիպերպրոլակտինեմիան։
Հիմնական հետազոտությունը արյան մեջ պրոլակտինի մակարդակի որոշումն է։
Եթե հայտնաբերվում է բարձր ցուցանիշ, հատկապես երբ բարձրացումը չափավոր է, անհրաժեշտ է գնահատել արդյունքը՝ հաշվի առնելով կնոջ գանգատները և հետազոտության պայմանները։
Բժիշկը կարող է նշանակել՝
- Պրոլակտինի կրկնակի հետազոտություն՝ եթե անհրաժեշտ է հաստատել չափավոր բարձրացումը։
- TSH և վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատում։
- Մակրոպրոլակտինի որոշում՝ որոշ դեպքերում։
- Հիպոֆիզի ՄՌՏ՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում։
Կարևոր է նշել, որ պրոլակտինի հետազոտությունը բոլոր կանանց համար անպտղության գնահատման պարտադիր հետազոտություն չէ։ Այն հատկապես ցուցված է դաշտանային ցիկլի խանգարումների, դաշտանի բացակայության կամ կրծքագեղձերից կաթնանման արտադրության դեպքում։
Հնարավո՞ր է հղիանալ բարձր պրոլակտինի դեպքում։
Այո՛, հնարավոր է, սակայն դա մեծապես կախված է հորմոնի բարձրացման աստիճանից և դրա պատճառից։Եթե պրոլակտինի բարձր մակարդակը խանգարում է ձվազատմանը, բնական ճանապարհով հղիանալու հավանականությունը կարող է նվազել։
Սակայն պատճառի հայտնաբերումից և համապատասխան բուժումից հետո հաճախ վերականգնվում է ձվազատումը, և կինը կարող է հղիանալ առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման։
Ինչպե՞ս է բուժվում բարձր պրոլակտինը։
Բուժման հիմնական սկզբունքը պրոլակտինի բարձրացման պատճառի վերացումն է։
Կախված պատճառից՝ կարող է անհրաժեշտ լինել՝
- Վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորում։
- Պրոլակտինի բարձրացում առաջացնող դեղորայքի վերանայում՝ համապատասխան մասնագետի հետ։
- Դոֆամինային ագոնիստների կիրառում, որոնք նվազեցնում են պրոլակտինի արտադրությունը։
Պրոլակտինոմայի դեպքում հաճախ կիրառվում է դեղորայքային բուժում, որի արդյունքում հնարավոր է ոչ միայն կարգավորել հորմոնի մակարդակը, այլև փոքրացնել գոյացության չափերը։
Բուժումը պետք է իրականացվի բժշկի հսկողությամբ՝ հաշվի առնելով հղիանալու ցանկությունը, պրոլակտինի մակարդակը և հայտնաբերված պատճառը։
Կարելի՞ է արդյոք հղիանալ պրոլակտինի մակարդակի կարգավորումից հետո։
Շատ դեպքերում՝ այո՛։Պրոլակտինի մակարդակի կարգավորումը կարող է վերականգնել գոնադոտրոպ հորմոնների բնականոն արտազատումը, նպաստել ֆոլիկուլի հասունացմանը և ձվազատման վերականգնմանը։
Հետևաբար հիպերպրոլակտինեմիայի վաղ հայտնաբերումն ու ճիշտ բուժումը կարող են էական նշանակություն ունենալ կնոջ վերարտադրողական առողջության համար։