Արգանդի պարանոցի դիսպլազիա․ ինչպե՞ս կանխել ամենասարսափելին

Արգանդի պարանոցի դիսպլազիա․ ինչպե՞ս կանխել ամենասարսափելին

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում գլխավոր խնդիրը նախաքաղցկեղային վիճակի վաղ հայտնաբերումն ու բուժումն է։ Արգանդի այդպիսի վիճակ է դիսպլազիան (ցերվիկալ ինտրաէպիթելային նեոպլազիա)։

Արգանդի պարանոցի դիսպլազիան պարանոցի էպիթելային բջիջների շերտերի խանգարումն է, այսինքն՝ ատիպիկ բջիջների առկայությունը արգանդի պարանոցի վրա։ Հաճախ այդ վիճակն ընթանում է առանց ախտանշանների, սակայն վտանգավոր է այն առումով, որ սխալ բուժման կամ երկարատև առանց բուժման մնալու դեպքում կարող է հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի։

Դիսպլազիայի տեսակներն ու պատճառները

Առանձնացվում է դիսպլազիայի թեթև, միջին և ծանր աստիճան։ Ծանր աստիճանից հետո ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ։ Բջիջների շերտերի 1/3 –ի խանգարման դեպքում դիսպլազիան բնութագրվում է որպես թեթև աստիճանի, 2/3-ի դեպքում՝ միջին, բոլոր շերտերի խանգարման դեպքում՝ ծանր։

Դիսպլազիայի առաջացմանը նպաստող գործոններն են՝

  • ծխելը, 
  • սեռական զուգընկերոջ հաճախակի փոփոխությունը (ինչը հանգեցնում է սեռավարակների տարածմանը, իմունիտետի անկմանը, անցանկալի հղիության և աբորտի), 
  • սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, 
  • վաղ հղիություն և այլն։

Ախտորոշումը

Արգանդի պարանոցի դիսպլազիայի ախտորոշումն իրականացվում է հետևյալ հիմնական մեթոդներով՝

  • ցիտոլոգիական հետազոտություն (ՊԱՊ թեստ), 
  • կոլպոսկոպիա, 
  • մարդու պապիլլոմավիրուսի հայտնաբերման հետազոտություն, 
  • հյուսվածքաբանական հետազոտություն։

Դիսպլազիայի բուժումը

Թեթև աստիճանի դիսպլազիան բուժվում է հակաբորբոքային թերապիայի, հորմոնային ֆոնի կարգավորման և ռիսկի գործոնների նվազեցման միջոցով։ Ծանր աստիճանի դիսպլազիան պահանջում է ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրաբուժական մեթոդներով։ Այդ դեպքում արդեն օնկոլոգի միջամտության կարիք է զգացվում։ Ախտահարված հատվածի ճիշտ հատման դեպքում բուժումը լիարժեք է լինում, սակայն կրկնման վտանգ կա։

Դիսպլազիայի կանխարգելումը

Դիսպլազիան, ինչպես նշվեց, հաճախ առանց ախտանշանների է ընթանում, միաժամանակ կանայք էլ չեն դիմում կանխարգելիչ ստուգման։ Հաճախ կանայք բժշկի են դիմում արդեն բարդացած վիճակում, երբ բուժվելու հավանականությունը ցածր է լինում։ Այդ պատճառով էլ պետք է հասկանալ կանխարգելիչ հետևյալ մեթոդների կարևորությունը՝

  • մարդու պապիլլոմավիրուսի դեմ պատվաստում, 
  • ամենամյա սկրինինգ (ավելի լավ է այդ սկսել սեռական կյանքն սկսելուն պես), որը ներառում է ՊԱՊ թեստ կամ ցիտոլոգիական քսուք, 30 տարեկանից հետո դրանց ավելանում է նաև մարդու պապիլլոմավիրուսի հայտնաբերման թեստը,
  • հրաժարում ծխախոտից, ալկոհոլից, առողջ ապրելակերպի պահպանում, հիգիենայի պահպանում, հրաժարում ստրինգ տեսակի ներքնաշորից և ամենօրյա միջադիրներից, պահպանակի օգտագործում սեռական զուգընկերների հաճախակի փոփոխման դեպքում։ 

Կարևոր է հաշվի առնել, որ մարդու պապիլլոմավիրուսի դեմ պատվաստումը չի բացառում ամենամյա սկրինինգի անհրաժեշտությունը։ Սեռական կյանք սկսած ցանկացած կին պետք է պարբերաբար ցերվիկալ սկրինինգ կատարի։

views 17971
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն