Ուրեապլազմա և միկոպլազմա

Ուրեապլազմա և միկոպլազմա

Գինեկոլոգիական հետազոտություններ անցած կանանց շրջանում բավականին հաճախ հայտնաբերվում են ուրեապլազմաներ և միկոպլազմաներ։ Ի՞նչ միկրոօրգանիզմներ են դրանք և ինչ հետևանքներ կարող են ունենալ։

Ուրեապլազմաները և միկոպլազմաները միկրոօրգանիզմներ են, որոնք հանդիպում են մարդու վերին շնչառական ուղիներում և միզասեռական համակարգում։ Հայտնի է միկոպլազմայի մոտ 20 տեսակ, որոնցից չորսը կարող են հիվանդություններ առաջացնել։

Սեռական կյանքով ապրող ամեն չորրորդ կին ունի ուրեապլազմա։ Մարդկային միկոպլազման կանանց շրջանում ավելի հազվադեպ է հանդիպում՝ ամեն տասներորդ կնոջ մոտ։ Գենիտալ միկոպլազմա է հայտնաբերվել նաև նորածին երեխաների և սեռական ոչ ակտիվ կյանք վարող կանանց շրջանում։

Մինչև այսօր անհայտ է, թե ինչու ուրեապլազմաների և միկոպլազմաների տարածված լինելու պարագայում դրանք ոչ բոլոր վարակվածների դեպքում են հիվանդություններ առաջացնում։ Հիվանդանում են ցածր դիմադրողականություն ունեցող անձինք։ Կանանց միկոպլազման կարող է դառնալ արգանդի վզիկի բորբոքման (ցերվիցիտի) պատճառ։ Բակտերիալ վագինոզի և կանացի սեռական օրգանների բորբոքման դեպքում հաճախ առանձնացնում են միկոպլազման և ուրեապլազման։ Այս հարուցիչների առկայությունը կարող է պիելոնեֆրիտի, աբորտի և ծննդաբերությունից հետո բարդությունների պատճառ դառնալ։ Հղիության ընթացքում ընկերքի վարակման պատճառով նկատվում է վաղաժամ ծննդաբերություն, նորածինների դեպքում`թոքերի բորբոքում, սեպսիս, մենինգիտ։

Ուրեապլազմաների և միկոպլազմաների պատճառով առաջացած հիվանդությունների ախտորոշման համար օգտագործվում են պոլիմերազ շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտությունը (ПЦР) և մանրէաբանական ցանքսը։ Պոլիմերազ շղթայական ռեակցիայի մեթոդը ախտորոշման ամենազգայուն և արագ մեթոդն է։ Սակայն այդ մեթոդի բարձր զգայունակության պատճառով հաճախ կարող են ստացվել կեղծ դրական արդյունքներ, ուստի պահանջվում է լրացուցիչ ախտորոշում։ Եթե հետազոտության ընթացքում հայտնաբերվել են միկրոօրգանիզմներ, դա դեռ չի նշանակում, որ առկա է նաև հիվանդությունը։

Անհրաժեշտ է հիվանդին մանրակրկիտ հետազոտել՝ անցկացնելով զննում, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, քսուքի, մեզի և այլ հետազոտություններ։ Ուրեապլազմայով և միկոպլազմայով հնարավոր է վարակվել սեռական ճանապարհով, օրգանների փոխպատվաստման հետևանքով և մորից հղիության կամ ծննդաբերության ժամանակ երեխային փոխանցվելու արդյունքում։ Ուրեապլազմայով և միկոպլազմայով վարակումը կանխարգելող միջոց է պահպանակը։

views 46111
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն