Քլամիդիոզ. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն
Միզասեռական քլամիդիային վարակը սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված հիվանդություններից մեկն է: Հիվանդները հիմնականում վերարտադրողական տարիքի կանայք և տղամարդիկ են (20-ից 40 տարեկան):
Միզասեռական քլամիդիոզի հարուցիչը Chlamidia trachomatis մակաբույծ միկրոօրգանիզմն է: Թաքնված՝ ինկուբացիոն շրջանը վարակումից հետո տևում է 5-7 օրից մինչև 3-6 շաբաթ: Բավականին հաճախ վարակն արտահայտված ախտանշաններ չի ունենում կամ էլ ընթանում է սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններին զուգընթաց՝ սրելով միմյանց ախտածին ազդեցությունը:
Փոխանցման ուղիները և նախանշանները
Միզասեռական քլամիդիոզը փոխանցվում է շփման (սեռական, կենցաղային), ինչպես նաև հորիզոնական ուղղով՝ հղիության և ծննդաբերության ընթացքում մորից պտղին: Ընթանում է ինչպես սուր, այնպես էլ անախտանիշ կամ քրոնիկական՝ պարբերաբար կրկնվելով: Մի շարք դեպքերում օրգանիզմի դիմադրողականությունը ճնշում է միկրոօրգանիզմների բազմացում: Դրա շնորհիվ քլամիդիաները պահպանվում են լորձաթաղանթներում և հայտնաբերվում են միայն բարձր ճշգրտություն ունեցող ախտորոշիչ մեթոդներով:
Վարակը կարող է ախտահարել միզասեռական համակարգի բացառապես ստորին հատվածը՝ նպաստելով բարթոլինիտի, էնդոցերվիցիտի, միզուկաբորբի, վագինիտի (հեշտոցաբորբ) առաջացմանը կամ էլ կարող է թափանցել այլ օրգան-համակարգեր՝ նպաստելով սալպինգիտի կամ սալպինգաօֆորիտի, էնդոմետրիտի, պերիհեպատիտի, պելվիապերիտոնիտի զարգացմանը: Դրա հետևանքով առաջացած բարդություններն են.
Կոնքային քրոնիկական ցավի համախտանիշ
Կպումներ փոքր կոնքում
Արտարգանդային հղիություն
Արգանդափողերի ամբողջական անանցանելիություն կամ մասնակի անցանելիություն Չզարգացող հղիություն
Երկարատև անպտղություն
Տղամարդկանց համար՝ էպիդիդիմիտ, շագանակագեղձի բորբոքում, վեզիկուլիտ:
Միզասեռական քլամիդիոզի ախտանշանները տարաբնույթ են և կախված են հիվանդության տևողությունից, ախտահարման տեղակայումից և օրգանիզմի դիմադրողական համակարգի վիճակից:
Կանանց քլամիդիոզն արտահայտվում է հետևյալ ախտանշաններով.
- Հեշտոցից եկող լորձային կամ թարախային, դեղնավուն, տհաճ հոտով արտադրություն
- Սեռական օրգանների և միզուկի շրջանում քոր ու այրոց
- Ցավեր միզարձակման ընթացքում
- Փորի ստորին հատվածի ցավեր, որոնք սրվում են դաշտանից առաջ
- Դաշտանից դաշտան ընթացքում բեկումնային արյունահոոություններ
- Օրգանիզմի ջերմության մի փոքր բարձրացում և թուլություն
Տղամարդկանց քլամիդիոզը կարող է ուղեկցվել հետևյալ նախանշաններով.
- Երկարատև միզուկաբորբ՝ միզուղիների թեթև բորբոքում
- Միզելիս ցավ, քոր և այրոց
- Ցավեր գոտկատեղի, ձվարանների, ամորձապարկի (փոշտ) շրջանում
- Ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում
- Պղտոր մեզ
- Արյունային արտադրություն միզելիս կամ սերմնաժայթքման ժամանակ
Ինչպես է ախտորոշվում
Միզասեռական համակարգի քլամիդիոզի հարուցչի հայտնաբերման նպատակով կիրառվում են ուղղակի և անուղղակի մեթոդներ: Դրանք են.
- Բջջային կուլտուրաների ցանքս (համարվում է ճշգրիտ)
- Պոլիմերազշղթայական ռեակցիա (ևս ճշգրիտ է)
- Ֆլուորեսցենտ հակամարմինների ուղիղ փորձ (DFA)
- Շիճուկաբանական հետազոտություն (արյան շիճուկում քլամիդիաների նկատմամբ հակամարմինների հայտնաբերում, ինչը թույլ կտա պարզել հիվանդության ծանրության աստիճանը)
Ինչպես է բուժվում
Քլամիդիոզի բուժումը պետք է համալիր լինի՝ ներառելով հարուցչի դեմ պայքարին ուղղված թերապիա, աղիների դիսբիոզի վերացում, միզասեռական համակարգի վարակների բուժում և դիմադրողականության բարձրացում: Նշանակվում են հակաբիոտիկներ՝ ազիտրոմիցին, դոքսիցիկլին, լեվոֆլոկսացին և այլն, ինչպես նաև հակամիկոտինային միջոցներ և էուբիոտիկներ: Հիվանդության կրկնվող ձևի դեպքում կիրառվում են իմունամոդուլյատորներ և ֆերմենտային պատրաստուկներ:
Բուժման տևողությունը կախված է հիվանդության ծանրության աստիճանից, բարդությունների առաջացման հավանականությունից և կարող է ձգվել երկու շաբաթից մինչև մի քանի ամիս: Թերապիայի ընթացքում խորհուրդ է տրվում սեռական ժուժկալություն պահպանել և չօգտագործել կաթից ըմպելիքներ: Ընդ որում՝ բուժում պետք է անցնի նաև հիվանդի սեռական զուգընկերը:
Ինչպես կանխել վարակումը
Քլամիդիոզի վարակման կանխարգելումը ոչնչով չի տարբերվում այլ սեռավարակների կանխարգելման միջոցներից: Նախ և առաջ հարկավոր է ընտրողաբար մոտենալ սեռական զուգընկերների հարցում, իսկ պատահական սեռական կապերի դեպքում պահպանակ օգտագործել: Կանխարգելման անուղղակի միջոցներն են առողջ ապրելակերպը և սեռական օրգանների հիգիենայի պահպանումը:
Բացի այդ, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ այցելել բժշկի և հետազոտվել սեռավարակների հայտնաբերման նպատակով: Դա հատկապես կարևոր է այն զույգերի համար, ովքեր պատրաստվում են երեխա ունենալ, քանի որ քլամիդիոզը հղիության ընթացքում կարող է բացասաբար ազդել պտղի ներարգանդային զարգացման և լույս աշխարհ գալուց հետո նորածնի առողջության վրա: Սա նշանակում է, որ սեփական առողջության նկատմամբ պատասխանատու մոտեցումը ձեր ապագա երեխայի առողջական խնդիրների կանխարգելման լավագույն միջոցն է: