Որքա՞ն գազավորված ըմպելիք կարելի է խմել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու

Որքա՞ն գազավորված ըմպելիք կարելի է խմել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու

1.Ի՞նչ է պատահել
Առանձնապես ոչինչ, պարզապես շատերն են սիրում գազավորված ըմպելիքներ, օրինակ՝ կոլա (կոլա նշելով՝ նկատի ունենք ըմպելիքի տեսակը, ոչ թե ապրանքանիշը): Միաժամանակ հայտնի է, որ նմանատիպ ըմպելիքները վնասակար են առողջության համար: Իհարկե,  ոմանք էլ կարծում են, որ գազավորված ըմպելիքի վնասակարությունը չպետք է չափազանցնել, և երբեմն այն նույնիսկ օգտակար է:
Ստորև կխոսենք այն մասին, թե որքան կոլա կարելի է խմել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու։
 2.Կոլան իսկապե՞ս կարող է անցք առաջացնել ստամոքսում:
 Ո՛չ: Այն, տեսակետը, թե կոլան կարող է քայքայել ստամոքսի պատերը, լոկ միֆ է: Կոլայի թթվայնությունը ավելի ցածր է, քան ստամոքսահյութինը։ Եվ ոչ մի ապացույց չկա, որ ստամոքսի խոցը կամ գաստրիտը կապված են կոլայի օգտագործման հետ:
3.Այսինքն կոլան իրականում ոչինչ չի՞ քայքայում։
Ո՛չ, քայքայում է: Այն պարունակում է ֆոսֆորաթթու և կարող է խլել կալցիումը ատամներից` քայքայելով էմալը: Իսկ շաքարը նպաստում է կարիեսի առաջացմանը։ Մեծ քանակությամբ կոլայի երկարատև օգտագործման հետևանքով  առաջանում են ատամների սուր վնասվածքներ։
4.Այդ դեպքում ո՞րն է կոլայի հիմնական վնասակարությունը․ միգուցե կոնսերվանտնե՞րը։
 Ո՛չ: Հիմնական վնասը բարձր կալորիականությունն  է: Կոլան 330 մլ շշում պարունակում է 35 գրամ շաքարավազ` ինը թեյի գդալ: Շաքարավազը պատկանում է դյուրամարս ածխաջրերի թվին: Սերտ կապ գոյություն ունի դյուրամարս ածխաջրերի, նաև գազավորված ըմպելիքների բաղադրությունում առկա, և ճարպակալման վտանգի ու շաքարախտի միջև։
 5.Ասում են՝ գիտնականներն արդեն հերքել են այդ կապը:
Այո՛, կան ուսումնասիրություններ, որոնք կասկածի տակ են դնում շաքարի օգտագործման և ճարպակալման տարածման միջև կապը: Այս ուսումնասիրությունների հեղինակները կարծում են, որ ճարպակալման հիմնական պատճառը նստակյաց ապրելակերպն է: Խնդիրը, նրանց կարծիքով, այն չէ, թե որքան կալորիա է ընդունվում, այլ՝ թե որքան է ծախսվում։ Բայց վերջերս պարզվեց, որ այս տեսակետը պաշտպանող գիտնականներից շատերը սերտորեն կապված են «Coca-Cola» ընկերության հետ: Սա խաթարում է նրանց աշխատանքի արժանահավատությունը:
6.Եվ ո՞րն է ավելի վնասակար` «Կոկա-Կոլա՞ն» , թե՞ «Պեպսին»։
Ուղղակիորեն ոչ ոք չի համեմատել: Իրականում՝ նույնիսկ հավաստի տվյալներ չկան հստակ որևէ  խմիչքի տեսակի վնասակարության մասին: Օրգանիզմի վրա գազավորված ըմպելիքների ազդեցությունը պարզող ուսումնասիրությունների արդյունքների մեծ մասը հրապարակվել է՝ առանց ապրանքանիշը նշելու: Բայց դրանք բոլորն էլ շատ նման են իրար բաղադրությունում շաքարի և թթվայնության առկայությամբ։ Երբ խոսում ենք գազավորված ըմպելիքի վտանգների մասին, հիմնականում հիշատակում ենք կոլան, որովհետև այն ամենատարածվածն է:
7.Գազավորված դիետիկ ըմպելիքներն անվտա՞նգ են:
Սա  բարդ հարց է: Շաքարավազի փոխարեն դրանք պարունակում են ասպարտամի նման արհեստական քաղցրացուցիչներ: Դրանց կալորիականությունը գրեթե զրո է, հետևաբար, չեն կարող ճարպակալում առաջացնել: Բայց այժմ կան ապացույցներ, որ դա էլ կարող է նյութափոխանակության խանգարման պատճառ դառնալ: Օրգանիզմը քաղցրություն է զգում, բայց չի ստանում կալորիաներ, արդյունքում` հագեցվածության մեխանիզմը խաթարվում է, քաղցրավենիքի պահանջը՝ մեծանում: Կան տվյալներ, որ դիետիկ կոլայի օգտագործումը միմիայն նպաստում է ճարպակալմանը, բայց այս հարցը դեռևս բավարար չափով չի ուսումնասիրվել:
 8.Ճի՞շտ է, որ կոլան օգնում է ստամոքսին:
Շատ երկրներում գոլ կամ լուծված կոլան տնային պայմաններում օգտագործվում է  որպես մարսողական խնդիրների լուծման միջոց: Բայց դրա արդյունավետությունը հաստատող  գիտական որևէ հիմնավորում չկա: Բժիշկները խորհուրդ չեն տալիս կոլա օգտագործել (հատկապես երեխաներին) աղիքային ինֆեկցիաների հետևանքով առաջացած ջրազրկման դեպքում. այն պարունակում է շատ քիչ նատրիում և շատ շաքար:
9.Այսպիսով՝ որքա՞ն կոլա կարելի է խմել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:
Ըստ հետազոտությունների մեծ մասի՝  պարզ ածխաջրերը պետք է լինեն ընդհանուր կալորիականության ոչ ավելի, քան 10 %-ը: Սա նշանակում է, որ ըստ վիճակագրության՝ տղամարդը մեկ օրում կարող է օգտագործել միջինը մինչև ինը ճաշի գդալ շաքարավազ, կինը՝ մինչև վեց ճաշի գդալ, իսկ երեխան՝ մինչև երեք ճաշի գդալ։ Ստացվում է, որ տղամարդը կարող է խմել մեկ շիշ կոլա (330 մլ), կինը` մեկ բաժակ (200 մլ), բայց սա այն դեպքում, եթե նրանք չեն օգտագործում քաղցրավենիք և սուրճի ու թեյի մեջ չեն ավելացնում շաքարավազ: Իսկ երեխաներին, առհասարակ, ցանկալի է հեռու պահել քաղցր ըմպելիքներից:
10.Այսպիսով՝ այն, ինչ քաղցր է, վնասակա՞ր է:
Ո՛չ, ոչ բոլորը: Այսպես կոչված՝ ավելացված շաքարը համարվում է վնասակար․ այն սննդի մեջ բնականաբար չի լինում: Քաղցր մրգերի և բանջարեղենի մեջ հայտնաբերված ածխաջրերը վնասակար չեն համարվում: Շագանակագույն շաքարը և ֆրուկտոզան սովորական շաքարից զգալի օգտակար չեն:
11.Ի՞նչ անել, եթե  շատ եք  սիրում գազավորված ըմպելիք: Ամբողջությամբ հրաժարվե՞լ:
Ո՛չ: Պարզապես պետք է պահպանել հավասարակշռությունը օգտակարի և հաճելիի միջև:
Հուսով ենք, որ այս նյութն ընթերցելուց հետո դուք չեք դադարի հաճույք ստանալ կոլայից, սակայն կպահեք չափը և գուցե սկսեք սպորտով զբաղվել: 
 
views 8383
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում