Սրտխառնոցը դաշտանի ժամանակ
Վերարտադրողական շրջան
18115
Սրտխառնոցը դաշտանի ժամանակ
Շատ աղջիկներ սրտխառնոց են ունենում մինչ դաշտանը և դրա ընթացքում: Արդյո՞ք դաշտանն ինքնին կարող է սրտխառնոց առաջացնել, թե՞ դա պարզապես զուգադիպություն է:
Այսօր կպարզենք, թե ինչ կապ կա դաշտանի և սրտխառնոցի միջև, և կհուշենք, թե ինչպես կարելի է թեթևացնել այդ վիճակը:
Արդյո՞ք սրտխառնոցի և դաշտանի միջև գոյություն ունի կապ
Ի՞նչն է առաջացնում սրտխառնոց դաշտանի ընթացքում
Ինչպե՞ս ազատվել դաշտանի ընթացքում առաջացած սրտխառնոցից
Կա՞ կապ սրտխառնոցի և դաշտանի միջև
Ցավոք, դաշտանի ընթացքում սրտխառնոցը ընդհանուր ախտանիշ է: Եվ դա, իրոք, առավել հաճախ կապված է կրիտիկական օրերի հետ:
Ի՞նչն է առաջացնում սրտխառնոց դաշտանի ժամանակ
Փաստն այն է, որ դաշտանի ընթացքում արգանդը պետք է կծկվի: Հայտնի է, որ դաշտանն առաջանում է, որպեսզի արգանդը ազատվի «հին» էնդոմետրիումից (արգանդի ներքին շերտ), իսկ հաջորդ ցիկլում հայտնվի նորը: Հին էնդոմետրիումը արգանդից դուրս է գալիս դաշտանային արյունով: Բայց մեր օրգանիզմում ամեն ինչ մանրակրկիտ մտածված է: Որպեսզի «հին» էնդոմետրիումի կտորները չմնան ներսում, արգանդը դաշտանի ընթացքում փոքր-ինչ սեղմվում է: Կծկումները պայմանավորված են փոքր մոլեկուլներով, որոնք կոչվում են պրոստագլանդիններ: Այս մոլեկուլները արտանետվում են արյան մեջ և հաճախ ազդում են ոչ միայն արգանդի, այլ նաև ստամոքս-աղիքային համակարգի վրա:
Ազդելով ստամոքսի վրա և փոքր-ինչ կծկելով այն՝ պրոստագլանդինները հանգեցնում են ստամոքսահյութի ավելորդ արտադրության: Ստամոքսահյութի մեջ շատ աղաթթու կա, որը մեզ անհրաժեշտ է լավ մարսողության համար: Թթվի առատության պատճառով առաջանում է սրտխառնոց, այրոց, փսխում և լուծ: Սովորաբար դա տեղի է ունենում դաշտանի առաջին օրը, իսկ հաջորդ օրն ախտանիշներն անհետանում են:
Դաշտանի ընթացքում սրտխառնոցի մեկ այլ պատճառ կարող է լինել դաշտանային ցավը: Որովայնի ստորին հատվածում ցավի զգացումը կարող է ռեֆլեքսների միջոցով անհանգստություն առաջացնել ստամոքսում:
Սրտխառնոց կարող եք ունենալ ոչ միայն դաշտանի պատճառով: Կարող են լինել նաև այլ պատճառներ: Օրինակ՝ սննդային թունավորում, վիտամինային անբավարարություն և շաքարի անհավասարակշռություն մարմնում: Հետևաբար, կարևոր է հետևել, թե ինչ եք կերել նախորդ օրը, ինչպիսի ինքնազգացողություն եք ունեցել: Եթե ամեն ինչ լավ է եղել, ամենայն հավանականությամբ, պատճառը դաշտանն է: Յուրաքանչյուր ցիկլի ընթացքում սրտխառնո՞ց եք ունենում: Եթե այո, ապա դա ձեր օրգանիզմի առանձնահատկությունն է: Դուք պարզապես պետք է սովորեք հաղթահարելու այն: Կան մի քանի արդյունավետ եղանակներ:
Ինչպե՞ս թեթևացնել սրտխառնոցը դաշտանի ընթացքում
Եթե դաշտանի ժամանակ սրտխառնոց եք ունենում, ապա ավելի լավ է նախապես պատրաստվել դրան: Ահա որոշ միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնելու սրտխառնոցը։
1. Նախապես պատրաստվել դաշտանին: Փորձել չափազանց մեծ քանակությամբ չսնվել դաշտանի ժամանակ և ուտել առողջ սնունդ: Ժամանակին գնալ քնելու և հուզականորեն չծանրաբեռնվել: Ստամոքսն անմիջապես արձագանքում է մեր հույզերին: Հանգիստ ռեժիմում նրա համար ավելի հեշտ է հաղթահարել սթրեսը դաշտանի ժամանակ:
2. Կոճապղպեղով ու անանուխով թեյ: Կատարյալ համադրություն: Կոճապղպեղը չեզոքացնում է աղաթթուն, իսկ անանուխը հանգստացնում է ստամոքսի հարթ մկանները:
3. Երիցուկի թեյը նաև հանգստացնում է մկաններն ու նյարդերը, թեթևացնում է ստամոքսի կծկումները սրտխառնոցի ժամանակ:
4. Եթե բնական մեթոդները բավարար չեն, կարող եք փորձել այրոցի դեմ հատուկ դեղեր`հակաթթուներ: Դրանք նվազեցնում են աղաթթվի արտադրությունը: Նախապես անպայման խորհրդակցեք գաստրոէնտերոլոգի հետ: