Մեղվի խայթոց
Այլ նյութեր
12373
Մեղվի խայթոց
Մեղուներ կան այնտեղ, որտեղ ինչ-որ բան ծաղկում է. մարգագետիններում, դաշտերում, անտառներում, հրապարակներում և զբոսայգիներում: Իսկ այգեգործները փորձում են մեղուներին ներգրավել իրենց դաշտ, քանի որ հենց նրանք են փոշոտում բանջարեղենը, պտղատու ծառերը և հատապտուղների թփերը: Մեղուները, իհարկե, օգտակար են, մեղվաբուծական արտադրանքը բուժիչ է, մեղուների թույնը նույնիսկ օգտագործվում է բժշկության մեջ:
Այնուամենայնիվ, մեղվի խայթոցը խնդիր է: Առնվազն ցավոտ է ու տհաճ: Բայց որոշ մարդկանց համար դա կարող է մահացու լինել:
Մեղվի խայթոցի նշաններ
Որպես կանոն, միայն երեքն են.
- սուր այրող ցավ,
- մաշկի կարմրությունը կենտրոնում՝ սպիտակ կետով. սա կծածի տեղն է,
- արագ ուռչելու հատկություն։
Մարդկանց մեծամասնության մոտ սահմանափակվում է այսքանով: Այնուամենայնիվ, տուժած որոշ մարդիկ կարող են ալերգիկ ռեակցիա ունենալ: Եվ այդ ժամանակ հիմնական ախտանիշներին կավելանան նաև մյուսները.
- կծած հատվածում ծանր, արագ առաջացող ուռուցք,
- ուժեղ քոր և ցան ամբողջ մարմնով,
- սրտխառնոց և փսխում,
- շնչառության դժվարություն, որը նման է ասթմայի նոպաների:
Առաջին օգնություն մեղվի խայթոցի դեպքում
Մեղվի խայթը ունի խազեր․ եթե միջատը մտցնում է այն մաշկի մեջ, այն չի կարող այլևս հանել: Դրանից հետո մեղուն սատկում է, և խայթը շատ դեպքերում մնում է խայթոցի տեղում, այն պարկիկի հետ միասին, որի մեջ գտնվում է թույնը ու շարունակում տարածվել օրգանիզմում։ Հետևաբար, առաջին քայլը պետք է լինի այն հեռացնելը:
Հետագա գործողությունները հետևյալն են.
- լվանալ կծած տեղը օճառով. այսպես կմաքրեք թույնի մնացորդները մաշկից
- սառույց դնել կծած հատվածում. դա կնվազեցնի ցավը և մասամբ կթեթևացնի այտուցը
- քսել ցանկացած հանգստացնող քսուք, եթե ձեռքի տակ ունեք, օրինակ՝ հիդրոկորտիզոն. դա կթուլացնի փքվածությունն ու քորը
- ավելի շատ ջուր խմել. այս կերպ թույնն ավելի արագ կհեռացվի օրգանիզմից
- եթե ալերգիկ ռեակցիայի նշաններ են հայտնվում, վերցրեք հակահիստամինային դեղամիջոց՝ սուպրաստին, տավեգիլ, զիրտեկ, նիկսառ և այլն
- եթե ալերգիկ ռեակցիան արագ է զարգանում, և կյանքին սպառնում է վտանգ, անհապաղ զանգահարեք շտապօգնություն
Մեղվի խայթոցի հետևանքները
Անաֆիլաքսիսը ծանր, կյանքին սպառնացող ալերգիկ ռեակցիա է: Նրա ախտանիշներն են.
- պարանոցը և կոկորդը ուժեղ այտուցվում են
- խանգարվում է շնչառությունը. այն ավելի հաճախակի է դառնում, դժվարանում է շնչելը
- ճնշումը կտրուկ ընկնում է, զարկերակը դառնում է թելանման
- գլխապտույտ է առաջանում
- անձը կորցնում է գիտակցությունը:
Եթե մեղուն թռչում է մոտերքում կամ նստում ձեր վրա, կտրուկ շարժումներ մի արեք, մի թափահարեք ձեր ձեռքերը։ Այն կարող է ընկալել ձեր շարժումները որպես սպառնալիք և ստիպված կլինի պաշտպանվել: Մեղուները հենց այնպես չեն կծում:
Հնարավո՞ր է մահանալ մեղվի խայթոցից
Սա հազվադեպ կարող է պատահել։ Մահ կարող է գրանցվել, եթե թույնը առաջացնում է ծանր ալերգիա՝ անաֆիլաքսիա:
Ինչպես հեռացնել մեղվի խայթը
Խայթը քաշելն ամենահարմարն է ունելիով, նկարչական գրիչով կամ նմանատիպ այլ բաներով: Ավելին, պետք է բռնել խայթը հենց իրենից, և ոչ թե թույնի պարկիկից, այլապես մարմնի մեջ ավելի շատ թունավոր նյութ կանցնի: Եթե ձեռքի տակ չունեք այս գործիքները, փորձեք օգտագործել որևէ քարտ՝ խայթը հեռացնելու համար՝ եզրով քերելով խայթոցից հեռու, խայթոցի երկայնքով: Փորձեք կտրուկ չլինել, հեռացնել այն դանդաղ և զգուշորեն։ Եթե այն կտրվի, մաշկի տակից դուրս բերելը շատ ավելի դժվար կլինի, և մնացորդը կարող է բորբոքում առաջացնել: Վերջում անպայման ախտահանեք այդ հատվածը սպիրտի կամ բետադինի լուծույթով:
Նմանատիպ նյութեր

Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Թռչնամիսը և ձուն հղի կնոջ սննդակարգում

Կիսաչհագեցած ճարպաթթուները հղիության ընթացքում (օմեգա-3 և օմեգա-6)

Ձկնեղենը և ծովամթերքը հղի կնոջ սննդակարգում
