Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը
Եթե հստակ որոշել եք երեխա ունենալ, հիշեք, որ երկուսով պետք է նախապատրաստվեք այդ իրադարձությանը: Միանշանակ կնոջն անհրաժեշտ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական աջակցություն հղիության և ծննդաբերության հարցում: Բայց ապագա հայրիկի մասին էլ պետք չէ մոռանալ. նա երեխայի բեղմնավորման հարցում քիչ դեր չունի:
Կատարյալ տարբերակ կլիներ, եթե տղամարդն ու կինը ենթադրվող բեղմնավորումից մեկ տարի առաջ հետազոտվեին, դադարեցնեին ալկոհոլ օգտագործելը, ծխելը, զբաղվեին սպորտով, ճիշտ սնվեին, ինչպես նաև խուսափեին սթրեսներից և լավ քնեին: Ցավոք, ժամանակակից պայմաններում այդ գործնականորեն անհնար է. փորձեք հետևել նշված խորհուրդներին գոնե երեք ամիս:
Վնասակար սովորություններ և կենսակերպ
Տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ եթե կինը չի հղիանում, ուրեմն կնոջ մեղքն է: Սակայն բժիշկները հակառակն են պնդում. 40%-ի դեպքում «մեղքը» հենց տղամարդունն է: Սերմնաբջջի որակի և քանակի վրա մեծ ազդեցություն են թողնում ապրելակերպն ու սովորությունները: Սերմնաբջիջը հասունանում է երեք ամսվա ընթացքում, այդ պատճառով էլ բեղմնավորումից երեք ամիս առաջ ապագա հայրիկները պետք է հետևեն մի քանի խորհրդի.
Բացառել թմրանյութերը, ալկոհոլը։
Ծխելը նվազեցնում է սերմնաբջիջների թե՛ քանակը, թե՛ որակը: Սակայն ալկոհոլն էլ ավելի վնասակար է. վնասվում են սերմնաբջիջը ձևավորող բջիջները (ընդ որում՝ կատարվում են նաև գենետիկական փոփոխություններ), խախտվում է բնականոն սպերմատոգենեզը:
Թմրանյութերը փոփոխում են գենետիկ նյութը, ինչպես նաև իջեցնում են սերմնաբջջի արտադրողականությունը սովորական սպերմատոգենեզից մինչև 5%:
Սննդում չօգտագործել արագ սնունդ, քաղցր գազավորված ըմպելիքներ և այլ վնասակար ուտելիքներ:
Ճիշտ և առողջ սնունդն ապագա հայրերի համար ավելի կարևոր է, քան սովորաբար կարծում են: Ճարպային բջիջների քանակը ուղիղ ազդեցություն ունի սեռական հորմոնների վրա` ինչքան շատ է ճարպը, այնքան ավելի քիչ են արտադրվում այդ հորմոնները: Բացի այդ, վնասակար նյութերը, որոնք տղամարդու օրգանիզմ են ներթափանցում ուտելիքի միջոցով, կարող են զգալիորեն վատացնել սերմնաբջջի որակը:
Սպորտով զբաղվել։
Գիտնականները պարզել են, որ սպորտով կանոնավոր զբաղվող տղամարդկանց սերմնաբջջի քանակը և ճկունությունն զգալի բարձր է, քան այն տղամարդկանց օրգանիզմում, ովքեր մարմնամարզությամբ չեն զբաղվում: Սպերմայի որակը կարող է լավացնել անգամ առավոտյան կանոնավոր մարզանքը, սակայն ակտիվորեն սպորտով զբաղվող տղամարդկանց խորհուրդ է տրվում բացառել ստերոիդների ընդունումը. դրանք նվազեցնում են սերմնաբջիջների արտադությունը և բարձրացնում են դրանց դեգեներացված ձևերի քանակը:
Հնարավորինս նվազեցնել սթրեսը, վեճերը և վիճաբանությունները:
Բժիշկների կարծիքով սթրեսը տղամարդկանց անպտղության հիմնական պատճառն է: Բացասական լարված մթնոլորտն ընտանիքում նույնպես ազդում է բեղմնավորման վրա: Ապագա հայրիկների և մայրիկների համար կարևոր են ներդաշնակ և հանգիստ հարաբերությունները: Լավ է, երբ զույգը որոշում է երեխա ունենալ` գիտակցելով դրա պատասխանատվությունը և հոգատարությամբ ու սիրով է վերաբերվում միմյանց, խուսափում է ընտանեկան վեճերից:
Եթե սթրեսային իրավիճակներից խուսափել չի հաջողվում, ապա կարելի է զբաղվել մեդիտացիայով, յոգայով կամ այլ փիլիսոփայական միջոցներով ներքին ներդաշնակության հասնելու համար:
Տղամարդու առողջական վիճակը
Տղամարդու նախապատրաստումը բեղմնավորմանը հենց այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առողջությանը: Բեղմնավորմանը կարող են խոչընդոտել մի շարք գործոններ, որոնք ներկայացնում ենք ստորև։
• Միզասեռական համակարգի հիվանդություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող , ինչպես նաև միզասեռական համակարգի այլ հիվանդությունները կարող են ազդել բեղմնավորման կարողության վրա, իսկ որոշներն էլ փոխանցվում են երեխային և մորը: Այդ պատճառով էլ շատ կարևոր է այցելել բժշկի (ուրոլոգի) և հանձնել անհրաժեշտ անալիզներ:
• Այլ հիվանդություններ և բուժամիջոցների հետևանքներ
Վտանգավոր են ոչ միայն հիվանդությունները, այլև դրանց բուժման թողած ազդեցությունը: Տարատեսակ ճառագայթահարումներից, անտիբիոտիկների, ինչպես նաև այլ դեղամիջոցների ընդունումից հետո խորհուրդ է տրվում սպասել երեք ամիս և նոր միայն բեղմնավորել: