Ինչ է լիպոման
Հիվանդություններ/միջամտություններ
12364
Ինչ է լիպոման
Լիպոման ճարպային հյուսվածքի բարորակ գոյացություն է, որը տեղակայված է մաշկի և մկանների միջև: Այն կարող է հայտնվել ցանկացած հատվածում, բայց առավել հաճախ լինում է թևատակերի, պարանոցի, ուսերի կամ իրանի շրջանում: Ավելի հազվադեպ, լիպոմա հայտնաբերվում է մկանների միջև կամ ներքին օրգաններին: Այս տեսակի ուռուցքը շատ տարածված է: Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր հազարերորդ մարդ կարող է լիպոմա ունենալ: Սովորաբար սա մեկ հանգույց է, և մարդկանց միայն 20 %-ի մոտ է զարգանում բազմակի նորագոյացություններ:
Ինչու է հայտնվում լիպոման
Բժիշկները չգիտեն, թե ինչու է ճարպային հյուսվածքի մեջ հանգույց առաջանում: Ենթադրվում է, որ դա կարող է կապ ունենալ վնասվածքների, աուտոիմուն հիվանդությունների, հորմոնալ կամ նյարդային պաթոլոգիաների հետ: Որոշ հետազոտողներ նշում են, որ լիպոմայի ռիսկը մեծանում է 40-60 տարեկան մարդկանց մոտ, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածության դեպքում: Կան հիվանդություններ, որոնց դեպքում հաճախ առաջանում է լիպոմա: Դրանցից է Դերկումի հիվանդությունը: Սա հազվագյուտ պաթոլոգիա է, որի ժամանակ մարդու ամբողջ մարմնին առաջանում են բազմաթիվ լիպոմաներ:
• Գարդների համախտանիշ
Ժառանգական հիվանդություն է, որի դեպքում պոլիպները (լորձաթաղանթի վրա առաջացող աճերը) հայտնվում են խոշոր և փոքր աղիքներում, իսկ բարորակ ուռուցքները` այլ օրգաններում:
• Մատելունգի հիվանդություն
Պաթոլոգիան տեղի է ունենում այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են ալկոհոլը: Այս դեպքում առաջանում են լիպոմաներ մարմնի համաչափ հատվածների վրա:
Ինչպես տարբերակել լիպոման
Եթե ներքին օրգաններում նորագոյացություն է հայտնվել, մարդը կարող է իրեն նորմալ զգալ: Նման ուռուցքը հետազոտության ընթացքում հաճախ պատահաբար հայտնաբերվում է մեկ այլ պատճառով:
Ենթամաշկային լիպոման կարելի է տարբերակել հետևյալ կերպ՝
• գոյացությունը տեղակայված է անմիջապես մաշկի տակ,
• նորագոյացությունը փափուկ է, մատով սեղմելիս հեշտությամբ տեղաշարժվում է
• չափը սովորաբար լինում է մինչև 5 սանտիմետր, բայց կարող է ավելի մեծ լինել
• շատ հաճախ չի ցավում,
բայց երբեմն լիպոման ճնշում է հարակից նյարդերը կամ արյան անոթները, և հայտնվում են տհաճ զգացողություններ
• Եթե ուռուցիկ մասը շատ արագ է աճում և շատ է ցավում, դա, ամենայն հավանականությամբ, լիպոսարկոմա է․ սա ճարպային հյուսվածքի չարորակ ուռուցքի անունն է: Լիպոման երբեք չի վերածվում քաղցկեղի:
Ինչ անել, եթե լիպոմա է հայտնվել
Եթե մարմնի վրա փափուկ ուռուցիկ հանգույց է հայտնվել, ավելի լավ է դիմել վիրաբույժի։ Նա ստուգում կանցկացնի, անհրաժեշտության դեպքում կառաջարկի բիոպսիա: Բայց դա անհրաժեշտ է միայն այն դեպքում, եթե մասնագետը կասկածում է լիպոսարկոմա, այլ ոչ թե լիպոմա: Երբ բժիշկը ճշգրիտ ախտորոշում կատարի, նա խորհուրդ կտա բուժման երկու եղանակներից մեկը: Ի դեպ՝ դեղահաբերը չեն կարող օգնել:
Ինչպես է լիպոման հեռացվում
Փափուկ, ցավ չպատճառող հանգույցը հեռացնելու կարիք չկա, եթե մարդը գանգատներ չունի և չի խուսափում ոչ էսթետիկ տեսքից: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հեռացնել, կարող են կիրառել բուժման հետևյալ մեթոդները․
Լիպոսակցիա
Սա ճարպը հանգույցից դուրս մղելու տեխնիկա է: Բժիշկը անզգայացնող ներարկում է կատարում և հատուկ հաստ ասեղի միջոցով հեռացնում լիպոմայի պարունակությունը: Այս մեթոդը օգտագործվում է մեծ ու փոքր ուռուցքների համար: Բայց դա ժամանակավոր է. որոշ ժամանակ անց հանգույցը նորից կարող է աճել:
Վիրահատություն
Տեղային անզգայացմամբ վիրահատություն է կատարվում: Մաշկը զգուշորեն կտրվում է, բացվում է լիպոման, և մաքրվում է խոռոչը: Դրանից հետո ճարպը պարունակող պարկուճը հեռացվում է, և վերքը կարվում է: Նման վիրահատությունից հետո տվյալ հատվածում լիպոմա այլևս չի առաջանում։ Սակայն գոյացության տեղում կարող է առաջանալ կապտուկ կամ սպի: