Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ինչո՞ւ է պետք դրանք իրականացնել սահմանված ժամկետներում

Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ինչո՞ւ է պետք դրանք իրականացնել սահմանված ժամկետներում

Հղիության ընթացքում իրականացվող սքրինինգը հետազոտությունների համալիր է, որը թույլ է տալիս ծնողին և բժշկին ստանալ ամբողջական տեղեկատվություն դեռևս չծնված երեխայի առողջության վերաբերյալ: Հղիության ընթացքում պարտադիր է առնվազն երեք անգամ իրականացնել սքրինինգային հետազոտություն:

Առաջին սքրինինգ

Ուշադրության կենտրոնում է անատոմիական կառույցների գնահատումը և քրոմոսոմային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Հետազոտությունը ներառում է ՈՒՁՀ-ն և արյան հետազոտությունը, որն իրականացվում է հղիության 11-ից 13/6-րդ շաբաթականների ընթացքում: Այս ժամանակաշրջանում պտղի չափը 45-84 մմ է:

Առաջին ուլտրաձայնային հետազոտության ընթացքում բժիշկը գնահատում է պտղի անատոմիական կառույցների զարգացումը: Քրոմոսոմային հիվանդություն ունեցող պտուղն իր անատոմիայով հաճախ (բայց ոչ միշտ) տարբերվում է: Նորմալ զարգացումից հնարավոր շեղումները բացահայտվում են ուլտրաձայնային հատուկ ցուցիչների շնորհիվ, և շեղումներ ունեցող պտուղները ներառվում են քրոմոսոմային հիվանդությունների բարձր ռիսկային խմբի մեջ:

Առաջին սքրինինգը չի սահմանափակվում ուլտրաձայնային հետազոտությամբ: Կինը նաև հանձնում է երակային արյան նմուշ` երկու հատուկ հորմոնների ուսումնասիրման նպատակով. PAPP-A (պլազմային սպիտակուց A) և HCG (մարդու խորիոնային գոնադոտրոպին), որոնք արտադրվում են պտղաձվի խորիոնային հյուսվածքից` հղիության վաղ ժամանակաշրջանից սկսած: Այս հորմոնների մակարդակները հավանական շեղումներ ունեցող պտուղ կրող հղիների մոտ տարբերվում են։ Այսպիսով, առաջին սքրինինգի ընթացքում գնահատվում է պտղի անատոմիական կառույցների զարգացումը և քրոմոսոմների քանակի կամ կառուցվածքի հետ կապված քրոմոսոմային հիվանդությունների հավանական ռիսկը:

Երկրորդ սքրինինգ

Ուշադրության կենտրոնում են անատոմիական կառույցները և ներքին օրգանների զարգացումը։ Ուսումնասիրությունն իրականացվում է հղիության 18-ից 22-րդ շաբաթականների ընթացքում: Այս ժամկետներն ունեն հիմնավորում: Փաստն այն է, որ հղիության 22-րդ շաբաթականում պտուղն արդեն հասնում է 500 գ զանգվածի: Երկրորդ սքրինինգի ժամանակ իրականացվող ուլտրաձայնային հետազոտության նպատակն է ոչ միայն ֆոտաչափական պարամետրերի ուսումնասիրությունը, այլև կենսական օրգանների անատոմիական բնութագրերը:

Պտուղն արդեն բավականաչափ մեծ է լինում, որպեսզի ավելի հստակ գնահատվի նրա անատոմիական կառույցների զարգացումը: Այսպիսով, օրինակ, սիրտը դառնում է ավելի մեծ. եթե առաջին եռամսյակում դրա տրամագիծը ընդամենը 6-8 մմ է լինում, ապա երկրորդ եռամսյակում՝ 18-22 մմ: Նման չափսերի դեպքում ավելի հեշտ է մանրամասն գնահատել սրտի անատոմիան, բացահայտել զարգացման բնածին արատները:

Երկրորդ եռամսյակի արյան կենսաքիմիական ուսումնասիրությունը կատարվում է բժշկի ցուցմամբ` առաջին սքրինինգային հետազոտության ժամանակ ստացված կասկածելի ցուցանիշների կամ դրանց բացակայության դեպքում։

Երրորդ սքրինինգ

Ուշադրության կենտրոնում պտղի մոտ առավել ուշ դրսևորվող բնածին արատների բացառումն է։ Երրորդ սքրինինգն իրականացվում է հղիության 30-ից 34-րդ շաբաթականների ընթացքում: Կան մի շարք բնածին արատներ, որոնք ուշ են դրսևորում: Սրանք պտղի այն հիվանդություններն են, որոնք դրսևորվում են հղիության միայն 28-րդ շաբաթականից հետո, հետևաբար կարող են հայտնաբերվել միայն երրորդ եռամսյակի ՈՒՁՀ-ի ժամանակ: Դա կարող է լինել, օրինակ, հենաշարժողական կամ միզասեռական համակարգերի հետ կապված արատների զարգացում։

Բոլոր ՈՒՁՀ-ների ընթացքում գնահատվում է պլացենտայի հասունության աստիճանը և դիրքը, չափվում է ամնիոտիկ ինդեքսը (պտղաջրերի քանակի ուսումնասիրություն): Սքրինինգային հետազոտության բաղադրիչ մաս է կազմում նաև անոթների դոպլերոգրաֆիան:

Դոպլերոգրաֆիա

Դոպլերոգրաֆիան ներառված է ընդհանուր սքրինինգային հետազոտության մեջ, քանի որ հրաշալի արտացոլում է արգանդա-պլացենտար և պտուղ-պլացենտար արյան հոսքերը և թույլ է տալիս բացահայտել արյան շրջանառության խախտումների տարբեր աստիճաններ:

Դոպլերոգրաֆիան օգնում է բժշկին համոզվելու, որ երեխան նորմալ զարգանում և բավականաչափ սնուցում ու թթվածին է ստանում: Բացի դա, վերջին սքրինինգը թույլ է տալիս բացահայտել պտղի աճի դանդաղումը, և օգնում է բժշկին ձեռնարկելու հղիությունը հաջողությամբ ավարտելու բոլոր  անհրաժեշտ միջոցները:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…