Ինչո՞ւ է կարևոր մինչև հղիություն պլանավորելը դիմել գինեկոլոգի

Ինչո՞ւ է կարևոր մինչև հղիություն պլանավորելը դիմել գինեկոլոգի

Հղիության պլանավորումը սկսվում է ոչ թե հղիության թեստի դրական արդյունքից, այլ դեռևս մինչև բեղմնավորումը։ Շատ զույգեր կարծում են, որ եթե որևէ գանգատ չունեն, ապա բժշկին դիմելու անհրաժեշտություն չկա։ Սակայն հղիություն պլանավորելուց առաջ խորհրդատվությունը  ժամանակակից մանկաբարձության և գինեկոլոգիայի կարևոր բաղադրիչներից է, որի նպատակն է գնահատել ապագա մայրիկի առողջական վիճակը, հայտնաբերել հնարավոր ռիսկերը և ստեղծել առավել բարենպաստ պայմաններ առողջ հղիության և նորածնի ծննդի համար։

Ի՞նչ է նախահղիության խորհրդատվությունը
Նախահղիության խորհրդատվությունը բժշկական համալիր գնահատում է, որը խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կնոջ, ով պլանավորում է հղիություն՝ անկախ տարիքից կամ նախկին հղիությունների առկայությունից։

Այցի ընթացքում բժիշկը գնահատում է ընդհանուր առողջական վիճակը, վերարտադրողական համակարգը, առկա քրոնիկական հիվանդությունները, օգտագործվող դեղամիջոցները, ընտանեկան և գինեկոլոգիական անամնեզը։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում են լրացուցիչ հետազոտություններ՝ բացառելու այն խնդիրները, որոնք հետագայում կարող են ազդել հղիության բնականոն ընթացքի վրա։

Ինչպիսի՞ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել

Հետազոտությունների ծավալը որոշվում է անհատապես, սակայն հաճախ կարող են ներառվել՝

  • գինեկոլոգիական զննում,
  • արգանդի և ձվարանների ուլտրաձայնային հետազոտություն,
  • արգանդի վզիկի զննում և, ցուցումների դեպքում, ՊԱՊ թեստ,
  • արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ,
  • արյան խումբ և Rh գործոնի որոշում,
  • վարակների սկրինինգ՝ ըստ կլինիկական ցուցումների,
  • վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատում, եթե կան համապատասխան ցուցումներ,
  • անհրաժեշտության դեպքում՝ վերարտադրողական հորմոնների գնահատում։

Բոլոր հետազոտությունները նշանակվում են անհատապես՝ խուսափելով ավելորդ կամ չհիմնավորված քննություններից։

Ինչո՞ւ է կարևոր բուժել առկա խնդիրները մինչև հղիությունը

Որոշ հիվանդություններ երկար ժամանակ կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանիշների։ Արգանդի վզիկի փոփոխությունները, որոշ վարակները, հորմոնային խանգարումները, վահանաձև գեղձի հիվանդությունները կամ քրոնիկական այլ վիճակները կարող են բացասաբար ազդել բեղմնավորման, հղիության պահպանման և պտղի զարգացման վրա։

Եթե դրանք հայտնաբերվում և բուժվում են մինչև հղիությունը, հնարավոր է զգալիորեն նվազեցնել հղիության ընթացքում բարդությունների առաջացման հավանականությունը։

Առողջ կենսակերպը նույնպես բուժման մի մասն է
Նախահղիության շրջանում կարևոր է ուշադրություն դարձնել նաև կենսակերպին։ Խորհուրդ է տրվում պահպանել առողջ մարմնի քաշ, ունենալ հավասարակշռված սննդակարգ, ապահովել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, ինչպես նաև սահմանափակել այլ վնասակար սովորությունները։

Այս շրջանում բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև սկսել ֆոլաթթվի ընդունումը, քանի որ դրա բավարար մակարդակը կարևոր նշանակություն ունի պտղի նյարդային խողովակի բնականոն զարգացման համար։

Երբ է լավագույն ժամանակը դիմելու
Իդեալական տարբերակում գինեկոլոգին խորհուրդ է տրվում դիմել հղիությունը պլանավորելուց առնվազն 3 ամիս առաջ։ Այս ժամանակահատվածը հնարավորություն է տալիս կատարել անհրաժեշտ հետազոտությունները, բուժել հայտնաբերված խնդիրները և նախապատրաստել օրգանիզմը առողջ հղիությանը։

Առողջ հղիությունը սկսվում է ճիշտ նախապատրաստումից։ Նախահղիության խորհրդատվությունը հնարավորություն է տալիս ժամանակին գնահատել կնոջ առողջական վիճակը, կանխել հնարավոր ռիսկերը և բարձրացնել առողջ հղիության ու բարեհաջող ծննդաբերության հավանականությունը։ Եթե պլանավորում եք մայրանալ, առաջին կարևոր քայլերից մեկը գինեկոլոգի հետ խորհրդակցությունն է։

views 20
Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության պլանավորում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Անպտղություն․ կնոջ և տղամարդու գործոնների համակցված ազդեցությունը

Տղամարդու առողջություն

Անպտղություն․ կնոջ և տղամարդու գործոնների համակցված ազդեցությունը

HLA համակարգը կրկնվող վիժումների և իմպլանտացիայի խանգարումների համատեքստում

Հղիության պլանավորում

HLA համակարգը կրկնվող վիժումների և իմպլանտացիայի խանգարումների համատեքստում