Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից
Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից
Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։ Այնուհետև 12-16 տարեկան հասակում՝ սեռական հատունացման ժամանակ, հարկավոր է այցելել ուրոլոգի՝ պրոֆիլակտիկ ստուգման նպատակով և շարունակել այցերը 3 տարին մեկ։
Ամենից հաճախ տղամարդիկ դիմում են ուրոլոգի՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, շագանակագեղձի ադենոմայի և այլ քրոնիկ հիվանդությունների գանգատների դեպքում (դժվարամիզություն, ցավ, անհարմարության զգացողություն, քոր, այտուց…):
Շագանակագեղձի ադենոման հիմնականում առաջանում է տղամարդու ծերացման հետևանքով: Մինչև 40 տարեկանը շագանակագեղձի ադենոման հազվադեպ է գրանցվում, 60 տարեկանին մոտ հասակում գրանցվում է շատերի մոտ, իսկ 80 տարեկանում՝ տղամարդկանց մեծ մասի մոտ։
Հաճախ 80 տարեկան հասակում ունենալով շագանակագեղձի ադենոմա՝ տղամարդը կարող է չունենալ գանգատներ և չկասկածել ադենոմայի մասին, քանի որ այն կարող է շատ փոքր լինել և չազդել կյանքի որակի վրա։
Բոլոր դեպքերում շագանակագեղձի ադենոման դատավճիռ չէ: Պարզապես պետք է մնալ բժշկի վերահսկողության տակ, հետևել դրա աճին և անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել։
Ինչպե՞ս է մարդու ապրելակերպը ազդում վերարտադրողական գործառույթի վրա:
Նստակյաց ապրելակերպն ազդում է վերարտադրողական գործառույթի վրա, նվազեցնում է տեստոստերոնի արտադրությունը: Արդյունքում ավելի քիչ սերմնաբջիջներ են արտադրվում, ինչպես նաև նվազում է դրանց շարժունակությունը։ Ուստի խորհուրդ է տրվում պահպանելու ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև հրաժարվելու ծխելուց, ալկոհոլից, քանի որ արդեն ապացուցվել է, որ թունավոր նյութերը նվազեցնում են սերմնահեղուկի որակը:
Նաև խորհուրդ է տրվում նվազեցնելու սննդակարգում կենդանական ճարպի քանակը՝ փոխարենն ավելացնելով բուսական սնունդը: Առողջ կենսակերպը և կանոնավոր կերպով պրոֆիլակտիկ հետազոտությունների իրականացումը թույլ կտան բարձրացնել վերարտադրողական գործառույթը և պահպանել առողջությունը։
Կարևոր է նաև պաշտպանված սեռական հարաբերություններ ունենալը, ինչը թույլ կտա խուսափել վարակներից, որոնք հանգեցնում են մինչև իսկ անպտղության։ Առաջին իսկ գանգատների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի՝ բարդություններից խուսափելու համար։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին