Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիան ֆունկցիոնալ խագարում է, որի դեպքում տղամարդը չի կարողանում սեռական ակտ իրականացնել սեռանդամի անբավարար պրկման պատճառով։ Նշենք, որ նախկինում գրականության մեջ ընդունված էր գործածել հիվանդության մեկ այլ անվանում՝ իմպոտենցիա, որն այսօր պաշտոնապես հանված է բժշկական ընդհանուր ցուցակից և համարվում է հնացած տերմին։ Այդ երկու հիվանդությունների հիմնական տարբերությունն այն է, որ իմպոտենցիայի դեպքում սերմնաժայթքման պրոցեսը նույնպես ձախողվում է։

Պատճառները

Սեռական անկարողության պատճառները բազմաթիվ են, համարվում է, որ այն կարող է լինել օրգանական, հոգեբանական և խառը ծագման։ Այսօր հերքված է այն պնդումը, որ էրեկտիլ դիսֆունկցիան կախված է տարիքից։ Ինչպես փորձն է ցույց տալիս, տղամարդու առողջությանն ավելի մեծ վնաս են հասցնում ծխելը, ալկոհոլը և նստակյաց ապրելակերպը։ Բացի այդ, միզասեռական համակարգի վրա վատ են անդրադառնում սոմատիկ որոշ հիվանդություններ՝ շաքարային դիաբետը, անոթային հիպերտենզիան, աթերոսկլերոզը, հորմոնային խանգարումները և փոքր կոնքի օրգանների վնասվածքները։ Էրեկտիլ դիսֆունկցիայի հանգեցնող այդ բոլոր պատճառները, նաև սեռական օրգանների վիրահատությունների հետևանքները համարվում են օրգանական։

Հանդիպում է նաև այսպես կոչված հոգեբանական կամ հոգեծին դիսֆունկցիան, որը նկատվում է հիմնականում երիտասարդների շրջանում։ Այն կապված է սեռական առաջին անհաջող փորձի հետ, որը մեծ սթրես է առաջացնում։ Բացի այդ, գոյություն ունի կատարման տագնապ (performance anxiety) հասկացությունը, երբ սեռական հարաբերության պահին տղամարդուն հուզում է իր էրեկցիայի պահպանման խնդիրը` արդյոք կկարողանա պահպանել էրեկցիան մինչև հարաբերության ավարտը, թե՞ ոչ: Էրեկցիայի պահպանման վերաբերյալ այդ անհանգստությունը նրան կենտրոնացնում է սեռական գործողության կատարման վրա և առաջացնում վախ: Քանի որ էրեկցիան կախված է նաև հույզերից, իսկ ցանկացած հույզ ունի ֆիզիոլոգիական ուղեկից, կատարման տագնապը բերում է առնանդամն արյան ավելցուկից բեռնաթափող ռեֆլեքսների ակտիվացման, և արդյունքում էրեկցիան թուլանում է:

Տղամարդկանց մեծամասնությունը, սակայն, հիվանդության պատմության մեջ ունենում է վերոնշյալ երկու պատճառները։ Դրանք գումարվելով տարիների ընթացքում՝ մեծ տարիքում հանգեցնում են էրեկտիլ դիսֆունկցիայի, չնայած որ անմիջական կապ չկա տարիների և սեռական ակտիվության պահպանման միջև։

Ախտանշանները

Ախտանշանը մեկն է՝ սեռական ակտի իրականացման անկարողություն։ Եթե այդպիսի բան է եղել, պետք չէ շտապել և դիմել բժշկի, ավելի լավ է վերլուծել նախորդ օրը, հույզերը և իրադարձությունները, որոնք կարող էին սթրես առաջացնել, սակայն եթե իրավիճակը կրկնվում է, պետք է դիմել մասնագետի՝ սեքսապաթոլոգի կամ ուրոլոգի։

Ախտորոշումը

Էրեկտիլ դիսֆունկցիան այսօր տարածված երևույթ է և ունի ախտորոշման բազմաթիվ միջոցներ։ Կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, որի միջոցով գնահատվում է առնանդամում արյան հոսքի վիճակը։ Պրոստագլանդինի ներմուծմամբ հատուկ թեստը հանգեցնում է սեռանդամի էրեկցիայի։ Այդ արվում է սեռական անդամի արյան հոսքն ակտիվ և առանց էրեկցիայի վիճակներումգնահատելու համար։

Կարդացեք՝ Ուլտրաձայնային հետազոտությունը տղամարդկանց դեպքում

Նշենք, որ արյան հոսքի վատացումը սեռական ֆունկցիայի խանգարման միակ պատճառը չէ։ Հաճախ խնդիրը թաքնված է լինում օրգանի նյարդային ապարատում։ Ուստի շատ կարևոր է սեռանդամի իններվացիայի ստուգումը։ Այդ պարզ գործողությունն անմիջապես ցույց է տալիս հիվանդության պատճառը։ Կատարվում է հետևյալ կերպ։ Բժիշկը սեղմում է սեռական անդամի գլխիկը և դիտում կամ շոշափում անալ սֆինկտերի կրճատումները։ Բնական վիճակում անալ սֆինկտերը պետք է կտրուկ և արագ կրճատվի սեղմումից հետո։ Եթե ռեֆլեքսի դանդաղում նկատվի, այլ թեստ կարվի՝ ուղղված անմիջապես նյարդի ֆունկցիայի պարզմանը։

Ախտորոշման մեկ այլ հուսալի մեթոդ է գիշերային էրեկցիաների հաշվումը։ Բնականում գիշերվա ընթացքում առողջ տղամարդն ունենում է սեռական անդամի մինչև վեց գրգռում։ Դրանք հաշվելու համար առնանդամին միացվում է փոքրիկ տվիչ։ Այն թույլ է տալիս տարբերակիչ ախտորոշում անցկացնել հոգեբանական և օրգանական դիսֆունկցիաների միջև։

Էրեկտիլ դիսֆունկցիան ախտորոշվում է նաև առնանդամի բիոթեզիոմետրիա կոչվող ժամանակակից մեթոդի օգնությամբ։ Դրա միջոցով գնահատվում է վիբրացիայի թողած ազդեցությունը սեռական անդամի վրա։ Ռեֆլեքսները բացակայությունը կվկայի իններվացիայի խանգարման մասին, որը հաճախ դիտվում է շաքարային դիաբետի կամ պոլինևրոպատիայի դեպքում։

Ինչպես նշվեց, էրեկտիլ դիսֆունկցիան կարող է և այլ հիվանդության հետևանք լինել։ Ուստի հնարավոր է, որ բժիշկը հիվանդին ուղղորդի նաև սրտի հետազոտության։

Բուժումը

Ախտանշանների բուժման վերաբերյալ ասենք, որ բոլորին հայտնի Վիագրայի հետ միասին կան նաև այլ միջոցներ՝ Լևիտրա, Սիալիս, որոնք առնանդամում մեծացնում են արյան հոսքը և ժամանակավորապես վերադարձնում սեռական ուժը։ Դրանք, սակայն, չեն վերացնում հիվանդության սկզբնապատճառը։

Վերջին ժամանակներում մեծ ճանաչում են գտել բուժման ինվազիվ մեթոդները, ինչպես նաև մերսումն ու հոգեթերապիան։

Միայն ծայրահեղ դեպքերում են պրոթեզներ և վակուումային սարքեր օգտագործվում։ Սակայն այդ բուժում չէ, սարքերը միայն հնարավորություն են ընթեռում իրագործել սեռական ակտն առանց հաջորդող սերմնաժայթքման և սեռական բավարարման։

Էրեկտիլ դիսֆունկցիան այն հիվանդություններից է, որի դեպքում ապրելակերպը և սնունդն ավելի կարևոր են, քան ինքնին բուժումը։ Կարևոր դեր է խաղում նաև կանոնավոր սեռական կյանքը, որի պակասը կամ ավելցուկը նույնպես հանգեցնում են սեռական հակման բացակայության։ Ուստի փոքր կասկածի դեպքում իսկ պետք է թողնել ծխելն ու չչարաշահել ալկոհոլը, խստիվ հետևել նշանակված դեղերի ընդունմանն ու բժշկի խորհուրդներին, աչքաթող չանել հիվանդությունները, որոնք կարող են հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի և կանոնավոր սեռական կյանք վարել։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: