Դեպրեսիան հղիության ընթացքում

Դեպրեսիան հղիության ընթացքում

Հղիության թեստը դրական արդյունք է ցույց տվել և այդ հրաշալի նորությունը կիսել եք մտերիմ բարեկամների հետ: Բոլորը շնորհավորում են ձեզ՝ ենթադրելով, որ ինքներդ էլ երջանիկ եք: Այո, իհարկե ուրախ եք, որ երեխա եք ունենալու, բայց լիարժեք երջանկություն չեք զգում: Ավելին, երբեմն ձեզ անգամ դժբախտ եք զգում և արդյունքում ավելի հակվում դեպրեսիայի:

Դեպրեսիայի նշանները

Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկն է: Սակայն ոչ բոլորի համար և ոչ միշտ: Ապագա մայրերի առնվազն 10%-ը հղիության ընթացքում տառապում է դեպրեսիայից: Կարող էինք շրջանցել այս խնդիրը. չէ՞ որ մեզ մշտապես ասել են, որ հղիությունը կնոջ կյանքի հրաշալի շրջանն է:

Կարող էինք հայտնի չէ, թե որտեղից առաջ եկած թախիծը վերագրել տրամադրության հաճախակի փոփոխություններին, որոնք հատուկ են հղիությանը: Որոշ կանանց համար, սակայն, տխրությունն իսկապես լուրջ խնդիր է դառնում երեխային սրտի տակ կրելու շրջանում:

Դեպրեսիայի դրսևորումները տարբեր են, այդ պատճառով էլ դժվար է նշել բոլոր բնորոշ նախանշանները: Որոշ կանայք մշտապես վատ տրամադրություն ունեն, մյուսները դյուրագրգիռ են և հաճախ են լաց լինում կամ անպետքության զգացում են ունենում: Ոմանք անգամ ինքնասպանության մտքեր են ունենում: Դեպրեսիան ազդում է ինչպես հուզական և ֆիզիկական վիճակի վրա, այնպես էլ ապագա մոր պահվածքի վրա:

Ահա նոր սկսվող դեպրեսիայի մի քանի նախանշան.

  • կենտրոնանալու անկարողություն,
  • տագնապ, վախեր,
  • դյուրագրգռություն,
  • քնի խանգարումներ,
  • քրոնիկ հոգնածություն,
  • քաղցի մշտական զգացում կամ ախորժակի բացակայություն,
  • ոչինչ այլևս չի ուրախացնում և հաճույք չի պատճառում,
  • անընդհատ տխուր եք և միայնակության զգացում ունեք և այլն:

Ինչպե՞ս հաղթահարել դեպրեսիան

Հանգստացեք, թուլացեք: Մի տրվեք ամեն բան մինչև երեխայի ծնունդն անել-ավարտելու ցանկությանը: Ձեզ թվում է, թե պետք է կարգի բերեք և անհրաժեշտ պարագաներով զինեք մանական սենյակը, մաքրեք և դասավորեք ամբողջ բնակարանը կամ որքան հնարավոր է շատ աշխատեք և հասցնեք ամեն բան ավարտել նախքան արձակուրդ գնալը, սակայն այդպես չէ: Արվելիք գործերի ցուցակում առաջին տեղում պետք է լինի ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության մասին հոգ տանելը: Երեխայի ծնունդից հետո դուք բավարար ժամանակ չեք կարողանա հատկացնել ինքներդ ձեզ: Գիրք կարդացեք, նախաճաշեք անկողնում, ավելի շատ ժամանակ անցկացրեք ընկերների հետ: Ձեր նկատմամբ խնամքը երեխայի խնամքի ամենակարևոր մասն է:

Ֆիզիկական վարժություններ կատարեք: Հղիության ընթացքում բնականաբար պետք չէ մարզվել ամբողջ ուժով, սակայն փոքրիկ ֆիզիկական վարժությունները կբարձրացնեն տրամադրությունը և կօգնեն հաղթահարել ընկճվածությունը: Լողը, զբոսանքները և ապագա մայրերի խմբում դասերը հանձնարարելի են հղիության ընթացքում: Հղիության ընթացքում օգտակար վարժությունների մասին տեղեկություններ քաղեք, խորհրդակցեք հղիությունը վարող բժշկի հետ և փորձեք կատարել դրանք շաբաթական նվազագույնը երեք անգամ:

Ձեր խնդիրների մասին խոսեք մտերիմների և հոգեբանի հետ: Բաց և անկեղծ եղեք սիրած մարդու հետ: Նա կարող է աջակցել ձեզ, եթե նրա հետ անկեղծ լինեք: Եթե չունեք երկրորդ կես, ձեր վախերի և տագնապների մասին խոսեք մտերիմ ընկերների, բարեկամների: Դիմեք մասնագիտական, հոգեբանական խորհրդատվության, նրանք կօգնեն ավելի հեշտ հաղթահարել դեպրեսիան:

Դիմեք հոգեբանական մասնագիտական աջակցության: Եթե երկու շաբաթվա ընթացքում փորձել եք ամեն բան, սակայն չեք կարողացել հաղթահարել ընկճախտը, ապա հոգեբանին դիմելն անհրաժեշտություն է: Շատ դեպքերում հոգեբանական խորհրդատվությունը միակ ճիշտ տարբերակն է լինում, քանի որ դեպրեսիան պարզապես թույլ սթրես չէ կամ տրամադրության ժամանակավոր փոփոխություն, որից հնարավոր լինի ազատվել ինքնուրույն:

Հոգացեք ապագայի մասին

Հետազոտությունները վկայում են, որ նախածննդաբերական և հետծննդաբերական դեպրեսիան փոխկապակցված են, սակայն դա չի նշանակում, որ ընկճվածությունը, որից տառապում եք հղիության ընթացքում, ինքնաբերաբար շարունակվելու է նաև երեխայի ծնունդից հետո: Դեպրեսիան բուժելի է և այժմ հանուն երեխայի և հանուն ընտանեկան երջանկության նրանից ազատվելու ժամանակն է:

Հոգացեք ձեր ապագայի մասին հենց այսօր և աջակիցներով շրջապատեք ձեզ, նրանց մեջ կլինեն ձեր ընկերները, հարազատ մարդիկ, ձեր սիրելին, բժիշկը և հոգեբանը: Այդ դեպքում օգնություն կստանաք ճիշտ ժամանակին և կխուսափեք հետագայում սպառնացող խնդիրներից:

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է