Ինչպես ճիշտ օգտագործել պահպանակը և ինչ անել, եթե պատռվել է

Ինչպես ճիշտ օգտագործել պահպանակը և ինչ անել, եթե պատռվել է

Ինչպես բեղմնականխման մյուս միջոցները, պահպանակները ևս չեն կարող 100% արդյունք ապահովել՝ պաշտպանելով հղիանալուց: Լիովին վստահ լինելու համար ստիպված կլինեք առհասարակ հրաժարվել սեռական կյանքից:

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու վստահելի միջոցներից է մեկ սեռական զուգընկեր ունենալը, զուգընկեր, ով իր հերթին սեռական կյանք կվարի միայն ձեզ հետ: Այդուհանդերձ, բեղմնականխման միջոցների շարքում ամենահուսալին պահպանակն է: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ չնչին սխալի դեպքում անգամ այն կարող է հուսախաբ անել՝ պատռվելով կամ ընկնելով սեռական հարաբերության ընթացքում:

Ինչպես ընտրել համապատասխան չափսի պահպանակ

Պահպանակի չափսը կարևոր դեր ունի հուսալիության հարցում: Եթե այն փոքր լինի, հնարավոր է, որ պատռվի, իսկ եթե մեծ լինի, ապա կարող է սահել ընկնել կամ հեշտոցում մնալ: Քանի որ պահպանակն առավել հաճախ ընտրում են տղամարդիկ, ապա այս հատվածում դիմում ենք հենց նրանց:

Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց մեծամասնությունն ունի ստանդարտ չափսի սեռանդամ՝ 13-ից մինչև 15-16 սմ էրեկցիայի վիճակում: Եթե դուք էլ եք պատկանում նրանց շարքին, ապա կարող եք ընտրել ստանդարտ, դասական չափսի պահպանակ: Այդուհանդերձ, երբեմն անգամ դասական չափսի դեպքում պահպանակը կարող է նեղ կամ լայն լինել: Այս պարագայում ուշադրություն դարձրեք պահպանակի՝ տուփի վրա նշված լայնությանը. դասական պահպանակների դեպքում այն 52-54 մմ է: Եթե ստանդարտ չափսը նեղ է, ապա հաջորդ անգամ գնիր համեմատաբար լայնը՝ 54-57 մմ, սովորաբար տուփի վրա նշված է XXL կամ King size:

Լատեքս, թե պոլիուրետան

Պահպանակների մեծամասնությունը պատրաստվում է լատեքսից, որը բավականին հուսալի է, պաշտպանում է հղիությունից և սեռավարակներից, ինչպես նաև մատչելի գին ունի: Այդուհանդերձ,  հազվադեպ առաջացնում է ալերգիա և կարող են ցանի, կարմրության և հեշտոցի չորության պատճառ դառնալ՝ անհարմարություն պատճառելով զուգընկերուհուն: Այս պարագայում կարելի է պոլիուրետանից պատրաստված պահպանակներ օգտագործել, որոնք ևս հուսալի են, սակայն համեմատաբար թանկ արժեն:

Որտեղից գնել և ինչպես պահպանել

Ցանկալի է պահպանակները գնել միայն դեղատնից, քանի որ միայն այնտեղ կան հարմար պայմաններ դրանց երկարատև պահպանման համար: Սուպերմարկետից կամ խանութից գնված պահպանակները միգուցե ենթարկված լինեն տաք օդի անբարենպաստ ազդեցությանը կամ արևի ուղիղ ճառագայթներին: Սխալ պահպանման դեպքում հնարավոր է, որ պահպանակը պատռվի սեռական հարաբերության ընթացքում:

Ցանկալի չէ պահպանակը պահել դրամապանակում կամ գրպանում, քանի որ անընդհատ շփումը դրա հետ կամ բարձր ջերմաստիճանը կարող է ազդել բեղմնականխիչի ամրության վրա: Լատեքսից պահպանակները կարելի է պահպանել 0-ից մինչև +25С ջերմաստիճանում, մութ, խոնավ տեղում, օրինակ՝ տնային դեղատուփում կամ դարակում: Պարտադիր ստուգիր պիտանելիության ժամկետը: Մի գնիր այնպիսիք, որոնց տուփի վրա նշված չէ արտադրողի անունը, խմբաքանակի թիվը և պահպանման ժամկետը:

Ինչպես օգտագործել պահպանակը

Պահպանակը հագնելիս նախ և առաջ պետք է երկու մատով սեղմել ծայրի հատվածը (որտեղ որ սերմնահեղուկն է կուտակվում), որպեսզի օդ չմնա այնտեղ, հակառակ դեպքում հնարավոր է, որ սեռական հարաբերության ժամանակ պայթի: Եթե պահպանակը սահուն չի բարձրանում վերև, նշանակում է, որ սխալ եք պահում այն. պետք է եզրի փաթույթը սահուն բացվի և պատի սեռանդամը:

Պահպանակը պետք է հանել անմիջապես սեռական հարաբերությունից հետո: Ընդ որում՝ պետք է պահել ձեռքով, որպեսզի այն չմնա զուգընկերուհու հեշտոցում: Հաշվի առեք, որ կրկնակի պահպանակը չի մեծացնում ապահովությունը: Ընդհակառակը, երկու պահպանակների շփումը կարող է պատռվելու պատճառ դառնալ:

Եթե հավելյալ քսուքի կարիք կա, ապա պետք է օգտագործել միայն այն տեսակները, որոնք չեն փչացնի պահպանակը: Չի կարելի որպես քսուք օգտագործել յուղ պարունակող նյութերը, օրինակ՝ վազելին, մանկական քսուք, ձեռքի լոսյոն և այլն: Պահպանակը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Երբեք կրկնակի մի օգտագործեք: Միշտ հագեք այն նախքան սեռական հարաբերությունն սկսելը, քանի որ հակառակ դեպքում կարող եք վարակվել մի շարք սեռավարակներով:

Ինչ անել, եթե պահպանակը պատռվել է

Ցավոք հաճախ պահպանակները պատռվում են նաև ճիշտ օգտագործման դեպքում: Դրանից խուսափելու նպատակով ավելի լավ է ընտրել 0,06 մմ-ից հաստ տեսակները, բայց եթե այնուամենայնիվ պատռվել է, ապա ստորև նշված ցուցումները կօգնեն ճիշտ քայլեր ձեռնարկել և նվազեցնել տհաճ հետևանքների վտանգը: Կարևոր չէ, թե որ պահին եք նկատել պահպանակի պատռված լինելը: Եթե անգամ այն պատռվել է նախքան սերմնաժայթքումը, միևնույնն է վարակվելու կամ հղիության վտանգ կա:

1. Պետք չէ ներլվացում անել: Դրանով չեք նվազեցնի հղիանալու հավանականությունը, քանի որ սերմնաբջիջների մի մասն արդեն իսկ ներթափանցել է արգանդի մեջ և հնարավոր չէ «լվանալ» այն: Բացի այս, տարբեր միջոցներով ներլվացումը կարող է բորբոքումների և հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

2. Ոչ մի օճառ: Օճառը ալկալինային ռեակցիա է առաջացնում և կարող է զգալիորեն նվազեցնել սեռավարակների նկատմամբ դիմադրողականությունը և կմեծացնի հեշտոցի բորբոքային հիվանդությունների առաջացման վտանգը:

3. ԿՕԿ-երը չեն օգնի: Հակաբեղմնավորիչ հաբերը չեն օգնի խուսափել հղիությունից, եթե սեռական ակտն արդեն իսկ կայացել է:

4. Պետք է արագ գնալ դեղատուն պատահածից հետո 2 ժամվա ընթացքում և ձեռք բերել արտակարգ բեղմնականխման միջոցներ (Պոստինոր, Էսկապել) և սեռավարակներից պաշտպանող դեղորայք: Սեռավարակները կանխելու նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել քլորհեքսիդինի լուծույթ և քլորհեքսիդին պարունակող հեշտոցային մոմիկներ (օրինակ Հեքսիկոն): Կինը պետք է մոմիկը ներհրի հեշտոցի մեջ և որոշ ժամանակ պառկի, որպեսզի մոմիկը դուրս չհոսի և արդյունավետորեն ազդի: Տղամարդը պետք է սեռանդամը մշակի Հեքսիկոնի լուծույթով: Այս ամենը պետք է անել 2 ժամվա ընթացքում: Եթե անգամ ամեն բան ճիշտ եք արել, ապա միևնույնն է պետք հետազոտվեք:

5. Հետազոտվեք: Եթե սեռական հարաբերություն եք ունեցել անծանոթի հետ կամ համոզված չեք, որ զուգընկերն առողջ է եղել, ապա ավելի լավ է սեռական հարաբերությունից 2-3 շաբաթ անց հետազոտվեք գոնորեայի, տրիխոմոնիազի, քլամիդիոզի, սիֆիլիսի, ՁԻԱՀ-ի և հեպատիտ B ու C-ի հայտնաբերման համար:

Ինչ անել, եթե պահպանակը մնացել է հեշտոցում

Պետք չէ խուճապի մատնվել: Հեշտոցում մնացած պահպանակն ինքնին չի կարող վնասել առողջությանը և չի կարող ավելի խորն անցնել ու հայտնվել արգանդում: Այն դուրս հանելն այնքան էլ դժվար չէ: Ուղղահայաց դիրք ընդունեք, ինչպես միզելիս, և ուժ տվեք մի քանի վայրկյան: Եթե դրանից հետո պահպանակը դուրս չի եկել, ապա գոնե մի փոքր իջել է ցած, իսկ դա նշանակում է, որ կարող եք 2 մատով դուրս քաշել այն: Եթե ոչինչ չի ստացվում, ապա դիմեք գինեկոլոգի, և նա անցավ կհեռացնի պահպանակը:

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …