Ռոմանտիզմն արթնացնում է բնազդնե՞րը

Ռոմանտիկան կարևոր դեր է խաղում ավելի շատ կանանց համար, քան տղամարդկանց: Ի՞նչ է ռոմանտիկան կանանց համար՝ անհրաժեշտ ձևականությո՞ւն, թե՞ հզոր սեռական խթան:
Այս հարցին պատասխանում է Մաաստրիխի համալսարանի (Նիդերլանդներ) կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Մարիկե Դեվիտի գլխավորությամբ իրականացված հետազոտությունը:
Սեքսի թեմայով հետազոտությունների ծովում կա սեռական ցանկության առաջացման տեսություն՝ «ինտենսիվ մոտիվացիոն մոդել»: Այդ մոդելի համաձայն` սեռական ցանկությունն ի հայտ է գալիս սեռական խթանի (օրինակ՝ մերկ մարմին) օգնությամբ, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է մարմնական գրգռման: Զգալով մարմնի արձագանքը՝ ուղեղը միանում է գրգռման պրոցեսին և ուժգնացնում այն՝ մարդուն ստիպելով ցանկանալ սիրով զբաղվել:
Սեռական խթանը, որից սկսվում է գրգռումը, տարբեր է տղամարդկանց և կանանց դեպքում: «Սեռական հակումն ուսումնասիրող նախորդ հետազոտություններում, երբ կանանց առաջարկել են պորնոգրաֆիական ֆիլմ դիտել, ֆիզիկական գրգռվածություն է նկատվել, սակայն հուզականորեն նրանք ոչինչ չեն զգացել: Այդուհանդերձ կանայք, ովքեր ռոմանտիկ սյուժեով ֆիլմ են դիտել, արձագանքել են ոչ միայն ֆիզիկապես, այլև հուզականորեն»,- բացատրում է Մարիեկե Դեվիտը: Սա թույլ է տվել մտածել, որ կանանց համար սեռական խթանը գործում է, երբ սեքսուալ կապը ռոմանտիկ ենթատեքստ ունի: Այս հիպոթեզն էլ հենց հիմք է ծառայել հետազոտության համար, որի ընթացքում 86 տղամարդ և 78 կին դիտել է երեք ֆիլմ՝ առաջինում հետևել են սեռական հարաբերությամբ զբաղվող զույգի, երկրորդ տեսանյութը եղել է ««Տիտանիկ» և «Անպարկեշտ առաջարկ» վերցված ռոմանտիկ կադրերով, երրորդ տեսնյութը՝ Անգլիայի պատմության մասին պատմող վավերագրական ֆիլմի հատված: Դիտելուց հետո հետազոտության մասնակիցները պատասխանել են, թե սեռական գրգռվածություն զգացե՞լ են յուրաքանչյուր տեսանյութի դիտումից և ինչ ուժգնությամբ:
Արդյունքները ցույց են տվել, որ կանանց դեպքում ինտիմ մտերմության մեծ ցանկություն են առաջացրել «Տիտանիկ» և «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմերի հատվածները: Տղամարդիկ ուժգին սեռական ցանկություն են զգացել սեքսով զբաղվող զույգի տեսանյութը դիտելիս:
Մարիեկե Դեվիտը բացատրում է, որ կանայք ռոմանիկ հույզերն օգտագործում են որպես սեռական ֆանտազիաների և հաջորդող մարմնական գրգռման խթան: Միգուցե այդ երևույթի արմատները թաքնված են մարդկային բնության մեջ: Տղամարդիկ ի սկզբանե հակված են սերնդի ակտիվ շարունակմանը և մի քանի զուգընկերուհիների բեղմնավորմանը ու ռոմանտիկ խթանի կարիք չունեն, իսկ կանայք հոգացել են ընտանիքի և սերունդների մասին, այդ պատճառով էլ մտերմության հուզական տարրը նրանց համար ավելի կարևոր է, քան մարմնականը:
Այդուհանդերձ կանայք սիրով զբաղվելու ցանկությամբ բոլորովին էլ չեն զիջում տղամարդկանց և մեծ հաճույք են ստանում: «Անհրաժեշտ ռոմանտիկ մթնոլորտ ապահովելու դեպքում միգուցե կանայք ավելի մեծ հաճույք ստանան սեռական հարաբերությունից, քան տղամարդիկ: Պարզապես կանանց համար գրգռվելու հարցում որոշիչ դեր է խաղում հուզական մտերմությունը»,- ամփոփում է Մարիեկե Դեվիտը: