Սերմնահեղուկի դոնորություն

Դոնորական սերմի բանկը ոմանց օգնում է ստանալ երկար սպասված երջանկությունը, իսկ մյուսներին էլ կլորիկ գումար վաստակել:
Ցավոք ոչ բոլոր ամուսիններին է այսօր հաջողվում երեխաներ ունենալ: 40%-ի դեպքում դա պայմանավորված է տղամարդու գործոնով: Որքան էլ որ ցանկությունը մեծ լինի, միևնույն է, նույնիսկ վերարտադրողական բժշկության ժամանակակից ձեռքբերումներն են անզոր անպտղության որոշ դեպքերի բուժման հարցում:
ԱՄԲ դոնորական սերմնահեղուկով
Ընտրության բացակայության, սակայն երեխա ունենալու մեծ ցանկության դեպքում օգնության է գալիս ԱՄԲ խոշոր կլինիկաների կրիոբանկերի դոնորական սերմնահեղուկը: Անպտուղ զույգի համար այս ճանապարհը դառնում է երկար սպասված երջանկության և ընտանիքը պահպանելու միակ հնարավորությունը:
Ոչ միշտ է, սակայն, դոնորական սերմնահեղուկի օգտագործումը կապված լինում տղամարդու անպտղության հետ: Լինում է այնպես, որ սերմնահեղուկի պահպանումը «երկարացնում է» տղամարդկանց կյանքը: Օրինակ՝ Եկատերինբուրգի բնակչուհիներից մեկն օգտվել է քաղցկեղից բուժվող իր միակ որդու՝ կրիոբանկում պահպանվող սերմնահեղուկից, գտել է փոխնակ մայր և որդու մահից ինը տարի անց դարձել երջանիկ տատիկ:
Գոյություն ունի դոնորական սերմնահեղուկի օգտագործման ևս մի քանի պատճառ: Դրանցից մեկն առկա լուրջ ժառանգական հիվանդությունն է, որի՝ հաջորդ սերունդներին փոխանցման հավանականությունը շատ մեծ է: Մյուսը միայնակ կնոջ ցանկությունն է, ով սեռական զուգընկեր չունի և ցանկանում է երեխա ունենալ:
Ո՞վ կարող է դոնոր դառնալ
Ոչ բոլոր տղամարդիկ են կարող սերմնաբջջի դոնոր դառնալ: Սերմնահեղուկի դոնորների ընտրության հիմնական չափորոշիչներն ամրագրված են ՎՕՏ-ի (վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների) կիրառման կարգի դրույթներում: Դոնոր կարող է դառնալ այն տղամարդը, ով՝
- 18-ից 35 տարեկան է, ունի միջին վիճակագրական արտաքին և մարմնակազմություն,
- չունի հոգեկան և ֆիզիկական առողջական խնդիրներ, այդ թվում՝ ժառանգաբար փոխանցվող,
- հիվանդ չէ հեպատիտով, սեռական կամ որևէ այլ վարակիչ հիվանդությամբ,
- ունի սերմնահեղուկի որակի լավ ցուցանիշներ՝ հաստատված սերմնահեղուկի հետազոտության (սպերմագրամա) արդյունքներով:
Անմիջականորեն դոնորության համար նախատեսված բուն նյութի նկատմամբ ներկայացվում են բարձր պահանջներ՝
- մեկ միլիլիտրում սերմնաբջիջների խտությունը՝ նվազագույնը 80 մլն,
- սերմնաժայթքման բավարար ծավալը՝ 2 և ավել մլ,
- լեյկոցիտների պարունակությունը՝ 1 մլ-ում առավելագույնը 1 մլն,
- կենսունակ սերմնաբջիջների պարունակությունը՝ 60%-ից ավել,
- փորձնական սառեցումից հետո բջիջների գոյատևումը՝ նվազագույնը 50%:
Սերմնահեղուկի ուսումնասիրումը, անշուշտ, ամենակարևորն է. այդ փուլում դուրս է մնում հավակնորդների ավելի քան 90%-ը: Սակայն եթե սերմնահեղուկն այնուամենայնիվ անցնում է խիստ ընտրությունը, ապա դոնորի նախապատրաստման հաջորդ փուլը լինում է տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկների հետ զրույցը (թերապևտ, ուրոլոգ և հոգեբան) և մի շարք լաբորատոր հետազոտություններ անցնելը:
Նյութը հանձնելուց առաջ սերմնահեղուկի դոնորը կլինիկայի հետ պայմանագիր է կնքում և նախապատրաստվում՝ սահմանափակելով սեռական շփումը, ալկոհոլը, ծխելը, պահպանելով ճիշտ սննդակարգ և խուսափելով շոգեբաղնիքից:
Առաջին չափաբաժինը ստանալուց հետո սերմնահեղուկը սառեցնում են և տեղավորում կարանտինում, իսկ դոնորին 6 ամիս անց կրկնակի հետազոտություն նշանակում: Եթե ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվում, ապա սերմնահեղուկն օգտագործում են դոնորության ծրագրերում:
Հետագայում դոնորների բժշկական զննումներն անցկացվում են տարին 1 անգամ: Մշտական ստուգում անցած դոնորներին թույլատրվում է սերմնահեղուկ հանձնել ամիսը մինչև 6 անգամ:
Դոնորների անձնական տվյալները համարվում են բժշկական գաղտնիք և չեն հրապարակվում, իսկ դոնորներն իրենց երեխաների հանդեպ ծնողական պարտավորություններ չեն ստանձնում:
Նրանք, ովքեր որոշում են օգտվել տվյալ ծառայությունից, պայմանագիր են ստորագրում այն մասին, որ պարտավորվում են չձեռնարկել դոնորին գտնելու փորձեր և երեխային պահելու ու դաստիարակելու պարտականություն են ստանձնում:
Ապագա երեխայի համար կինը կամ անպտուղ զույգը կարող է հայրիկ ընտրել ըստ ցանկալի ֆիզիկական տվյալների: Երբեմն, երբ զույգը ցանկանում է իմանալ, թե ում սերմնաբջջի միջոցով է ծնվելու երեխան, սերմնահեղուկի դոնորներ դառնում են մտերիմ ընկերները կամ հարազատները:
Սերմնահեղուկի յուրաքանչյուր դոնորի համար կատարվում է լույս աշխարհ եկած երեխաների քանակության մոնիթորինգ: Մեկ տարածաշրջանում 800 000 բնակչությանը բաժին ընկնող 20 փոքրիկների ծնունդից հետո դոնորությունը դադարեցվում է, ինչն անհրաժեշտ է արյունակցական ամուսնությունների վտանգի նվազեցման նկատառումներով: Այդ պատճառով տարբեր տարածաշրջանների շատ կլինիկաներ հաջողությամբ փոխանակում են կրիոկոնսերվացված սերմնահեղուկը:
Ձվաբջիջների բեղմնավորումը կատարվում է տարբեր ձևերով՝
- սերմնավորում դոնորական սերմնահեղուկով,
- ԱՄԲ բնական պարբերաշրջանում,
- ԱՄԲ ստանդարտ ծրագիր դոնորական սերմնահեղուկով: