Ձվարանների թերֆունկցիա

Ձվարանները կնոջ վերարտադրողական կարևորագույն օրգաններից են, արտադրում են հորմոններ, նպաստում, որ ձվաբջիջը հասունանա, ինչը կնոջը թույլ է տալիս հղիանալ և երեխա լույս աշխարհ բերել։
Ձվարանների ֆունկցիայի նվազումը հանգեցնում է վերարտադրողական ֆունկցիայի խանգարման։ Դրանից տուժում է ամբողջ օրգանիզմը։
Ձվարանների թերֆունկցիան կամ ձվարանի անբավարարությունն այն փոփոխությունների ամբողջությունն է, որն առաջանում է, երբ հորմոնների արտադրման և դաշտանային ցիկլին մասնակցելու գործում ձվարանների աշխատանքը նվազում է։ Այն ախտորոշում չէ և ոչ էլ հիվանդություն, համախտանիշ է, որն առաջանում է այլ դրսևորումների հետ միասին (կամ միայնակ) և արտահայտվում բնորոշ նշաններով՝ կախված առաջացման ժամանակից՝ սեռահասունացման շրջանում կամ վերարտադրողական հասունության շրջանում։
Առանձնացվում է ձվարանների հիպոֆունկցիայի երկու տեսակ՝
- առաջնային խանգարումներ, որոնք առաջանում են ներարգանդային շրջանում և պայմանավորված են ձվարանի թերզարգացմամբ,
- երկրորդային խանգարումներ, որոնք առաջանում են հորմոնային անհավասարակշռության, նյութափոխանակության տարաբնույթ խանգարումների, ինչպես նաև կարգավորող օրգանների՝ հիպոթալամուսի և հիպոֆիզի ազդեցության խանգարումների արդյունքում։
Պատճառները
Ձվարանների ֆունկցիայի նվազման պատճառները շատ են և կախված են վերջինիս տեսակից։ Հիմնական պատճառներն են՝
- ձվարանների՝ ներարգանդային շրջանում ձևավորման վրա ազդող անբարենպաստ գործոններ (հղիության ախտաբանություն),
- հղիության շրջանում մոր օրգանիզմում հորմոնային անհավասարակշռություն,
- հղիության ընթացքում մոր տարած վարակիչ հիվանդությունները,
- քրոմոսոմային անոմալիաներ,
- ժառանգական հիվանդություններ։
Ձվարանների երկրորդային հիպոֆունկցիայի պատճառներն ավելի բազմազան են՝
- ուժգին հյուծվածություն, նյարդային անորեքսիա,
- սննդակարգում ճարպերի՝ որպես սեռական հորմոնների սինթեզի աղբյուրի բացակայություն,
- վիտամինային անբավարարություն,
- սթրեսներ, նյարդային ցնցումներ,
- սեռական օրգանների տուբերկուլյոզ,
- հավելումների քրոնիկական, ինչպես նաև սուր բորբոքային պրոցեսներ,
- գլխի վնասվածք, երբ տուժում է հիպոֆիզի կամ հիպոթալամուսի հատվածը,
- ուղեղի անոթներում արյան շրջանառության խանգարում,
- Շիխանի համախտանիշ (հիպոֆիզի հատվածի սուր նեկրոզ),
- քիմիաթերապիա։
Ախտանշանները
Վերարտադրողական շրջանում ի հայտ գալու դեպքում ձվարանների հիպոֆունկցիան դրսևորվում է հետևյալ ախտանշաններով՝
- թեթև աստիճանի դեպքում արգանդը բնական չափի է, էնդոմետրիումը՝ բավարար,
- դաշտանը սակավարյուն է, ցավոտ, հնարավոր է բացակայի (երկրորդային ամենորեա),
- զարգացման դեպքում ձևավորվում են կլիմաքսի ախտանշաններ՝ դաշտանի բացակայությամբ,
- ի հայտ են գալիս հոգեբանական խնդիրներ,
- առաջանում է ջերմային առհոսք, ճնշման տատանումներ,
- արգանդը փոքրանում է,
- հեշտոցի լորձաթաղանթը չորանում է,
- էնդոմետրիումն ատրոֆիայի է ենթարկվում,
- առաջանում է անպտղություն։
Ձվարանների բնածին անբավարարության ախտանշանները՝
- սեռահասունացման ուշացում 15-17 տարեկանից հետո,
- կաթնագեղձերի ուշ կամ թերի զարգացում,
- դաշտանային ցիկլի խանգարումներ (ամենորեա, օլիգոմենորեա)։
Ըստ ծանրության աստիճանի՝ առանձնացնում են ախտանշանների դրսևորման երեք աստիճան։
Ծանրության թեթև աստիճանի դեպքում՝
- երկրորդային սեռական նշանների թերի զարգացում (թևատակերի և ցայլքի թույլ մազակալում),
- կաթնագեղձերի թերզարգացում,
- արգանդի հիպոպլազիա (արգանդը զարգացած չէ, փոքր է, էնդոմետրիումը ձևավորված է, բայց հյուծված),
- դաշտան կա, բայց կանոնավոր չէ, ցավոտ է։
Ծանրության միջին աստիճանի դեպքում ՝
- արտաքին սեռական օրգանները տեսանելիորեն զարգացած չեն,
- արգանդը և հեշտոցը փոքր են,
- իգական տիպի մազակալումը թույլ է կամ չկա,
- կրծքագեղձերը զարգացած չեն,
- դաշտան չկա։
Ծանր դեպքերում՝
- արգանդի և սեռական օրգանների հիպոպլազիա (կոշտ են և փոքրացած),
- արգանդի դիրքը սխալ է,
- կաթնագեղձերը զարգացած չեն,
- չկա մազակալում,
- արտաքին սեռական օրգաններն ամբողջովին մանկական են,
- հեշտոցի լորձաթաղանթն ատրոֆիայի ենթարկված է,
- դաշտան չկա։
Ախտորոշումը
Ախտորոշման հիմքը երկրորդային սեռական հատկանիշների, դաշտանի բացակայության, անհամաչափ մարմնակազմության փաստն է։
Ախտորոշման հիմքը՝
- արգանդի և հավելումների ՈւՁՀ,
- ձվարանային հորմոնների մակարդակի որոշում,
- հիպոֆիզի և հիպոթալամուսի հորմոնների մակարդակի որոշում,
- անհրաժեշտության դեպքում հորմոնային ֆունկցիոնալ թեստերի անցկացում,
- լապարասկոպիա և այլն։
Բուժումը
Ձվարանների հիպոֆունկցիայի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է գինեկոլոգ-էնդոկրինոլոգը։ Թերապիայի մեթոդների ընտրությունը կախված է հիպոֆունկցիայի տեսակից և առաջացման ժամանակից, ինչպես նաև ծանրության աստիճանից։
Երկրորդային հիպոֆունկցիայի դեպքում բուժումն ուղղվում է ձվարանների վրա ազդող գործոնների վերացմանը, թերապիայի սկզբունքները հիմնականում նման են առաջնային հիպոֆունկցիայի բուժման սկզբունքներին։
Ձվարանների առաջնային հիպոֆունկցիայի և սեռական հատկանիշների թերզարգացածության դեպքում անհրաժեշտ է՝
- սննդակարգի կարգավորում,
- հարակից հիվանդությունների բուժում,
- բուժական մարմնամարզություն և թերապիա՝ ուղղված փոքր կոնքում արյան շրջանառության կարգավորմանը,
- փոխարինիչ հորմոնաթերապիա՝ սեռական օրգանների ճիշտ ձևավորման և գործելու նպատակով։
Հղիանալու նպատակով անցկացվում է խթանիչ թերապիա։ Ճիշտ ժամանակին սկսած թերապիայի դեպքում բոլոր փոփոխություններն արագ վերանում են, կինը կարողանում է երեխա ունենալ և բնականոն կյանք վարել։