Էնդոմետրիում. հաստությունը և խանգարումները

Էնդոմետրիում. հաստությունը և խանգարումները

Էնդոմետրիումը, արգանդի մարմնի ներքին լորձաթաղանթն է, որով պատված է խոռոչը: Հագեցած է արյունատար անոթներով: Այն հիմնական դեր է խաղում դաշտանային ցիկլում, սակայն գլխավոր գործառույթը արգանդում պտղաձվի ամրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է:

Առանձնացվում է արգանդի լորձաթաղանթի երկու շերտ՝ բազալային և ֆունկցիոնալ: Դաշտանի ժամանակ ֆունկցիոնալ շերտը շերտազատվում է, սակայն բազալային շերտի վերականգնող ընդունակության շնորհիվ կրկին վերականգնվում է հաջորդ ցիկլում: Էնդոմետրիումն զգայուն է հորմոնների նկատմամբ: Դաշտանային ցիկլի երկրորդ փուլում այն զգալիորեն հաստանում է, արյունն ավելի առատ է մատակարարվում՝ այս կերպ արգանդը նախապատրաստելով սաղմի ներդրմանը: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ապա ֆունկցիոնալ շերտը շերտազատվում է, և դաշտան է սկսվում:

Հղիության համար կարևոր է արգանդի լորձաթաղանթի հաստությունը, որը որոշվում է ՈւՁՀ-ի միջոցով: Այն փոփոխվում է՝ կախված ցիկլի փուլից:

Վաղ պրոլիֆերացիայի փուլում (ցիկլի 5-7-րդ օրեր) հաստությունը տատանվում է 3-6մմ-ի սահմաններում՝ միջինում կազմելով 5 մմ:

Ցիկլի 8-10-րդ օրերին (միջին պրոլիֆերացիա) էնդոմետրիումը մի փոքր հաստանում է՝ կազմելով միջինում 8մմ (տատանումը՝ 5-10մմ):

Ուշ պրոլիֆերացիայի փուլում (11-14-րդ օրեր) հաստանում է մինչև 11 մմ (տատանումը՝ 7-14 մմ):

Վաղ արտազատության՝ սեկրեցիայի փուլում (15-18-րդ օրեր) տատանվում է 10-15 մմ-ի սահմաններում է և կազմում է 11մմ:

Միջին արտազատության փուլում (19-23-րդ օրեր) էնդոմետրիումը հասնում է առավելագույն հաստության՝ միջինում 14մմ (տատանումը՝ 10-15մմ):

Ցիկլի 24-27-րդ օրերին (ուշ արտազատության փուլ) էնդոմետրիումի հաստությունը մի փոքր նվազում է՝ միջինում 12 մմ (տատանումը՝ 10-14մմ):

Էնդոմետրիումի կառուցվածքի խանգարումներից են հիպերպլազիան՝ հաստացումը, և հիպոպլազիան՝ բարակումը:

Արգանդի խոռոչի լորձաթաղանթի հիպերպլազիա

Հիպերպլազիային բնորոշ է արգանդի լորձաթաղանթի գեղձերի և ստրոմների փոփոխությունները: Դա էնդոմետրիումի ավելորդ աճն է, երբ այն զգալիորեն հաստանում է՝ տարբերվելով բնական վիճակից: Հիպերպլազիային հատուկ գործընթացները ծագում են հորմոնային խանգարումների հետևանքով, որոնց բնորոշ է էստրոգենների ավելորդ քանակությունը և պրոգեստերոնի սակավությունը:

Հիվանդությունը սպառնում է հատկապես այն կանանց, ովքեր ճարպակալման հանգեցնող շաքարային դիաբետ կամ նյութափոխանակության այլ խանգարումներ ունեն: Հիպերպլազիային հատուկ գործընթացները հաճախ համատեղվում են այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են արգանդի միոման, սեռական օրգանների էնդոմետրիոզ և քրոնիկական բորբոքային պրոցեսներ:

Հաճախ էնդոմետրիումի հիպերպլազիան ընթանում է առանց ախտանշանների, սակայն հնարավոր է, որ դիսֆունկցիոնալ արգանդային արնահոսություններ դիտվեն ձվազատման բացակայությամբ ցիկլի պարագայում:

Էնդոմետրիումի հիպերպլազիայի պարագայում հղիության բացակայությունը պայմանավորված է երկու գործոնով՝

  • ձվազատման բացակայություն՝ պայմանավորված հորմոնային խանգարումներով,
  • սաղմի ներդրման անհնարինություն արգանդի պաթոլոգիական փոփոխության ենթարկված լորձաթաղանթի վրա:

Արգանդի խոռոչի լորձաթաղանթի հիպերպլազիայի բուժումը լինում է դեղորայքային, որի հիմքում ընկած է հորմոնային դեղամիջոցների ընդունումը, և վիրաբուժական, որի դեպքում էնդոմետրիումի շերտը հեռացվում է: Հիպերպլազիայի ծանր աստիճանի դեպքում կարող է հեռացվել նաև արգանդը: Հաճախ անհրաժեշտ է լինում դիմել համակողմանի բուժման՝ էնդոմետրիումի շերտի հեռացում և դրան հաջորդող հորմոնային թերապիա:

Արգանդի խոռոչի լորձաթաղանթի հիպոպլազիա

Որոշ կանանց արգանդի լորձաթաղանթի հաստությունը դաշտանային ամբողջ ցիկլի ընթացքում անփոփոխ է մնում, ինչը պայմանավորված է քրոնիկական էնդոմետրիտով, արգանդի լորձաթաղանթի արյան ոչ բավարար մատակարարմամբ:

Բարակ էնդոմոտրիումի խնդիրը հայտնաբերվում է ՈՒՁՀ-մոնիթորինգի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս գնահատել արգանդի լորձաթաղանթի հաստության և կառուցվածքի փոփոխությունները: Ցավոք էնդոմոտրիումի այստեսակ խանգարումը դժվար է ենթարկվում բուժման և ըստ էության ժամանակավոր բնույթ է կրում: Էնդոմետրիումը լավ է արձագանքում ֆիզիոթերապիային և ոչ ավանդական բժշկության որոշ տեսակների (հիրուդոթերապիա, ասեղնաբուժություն), որոնք բարելավում են արյան մատակարարումը: Էնդոմետրիումի աճի վրա լավ է ազդում եղեսպակը:

Արգանդի խոռոչի լորձաթաղանթի ցանկացած խանգարման բուժում հարկավոր է սկսել այն հայտնաբերելուց և պատճառները հեռացնելուց անմիջապես հետո: Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ և ժամանակին դիմել գինեկոլոգի:

views 91159
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն