Վուլվիտ (ամոթույքաբորբ)

Վուլվիտն արտաքին սեռական օրգանների բորբոքումն է: Բնորոշվում է քորի, այրոցի առաջացմամբ, առատ արտադրությամբ, սեռական շուրթերի հիպերեմիայով և այտուցով, միզարձակման ժամանակ ցավային զգացողություններով:
Վուլվիտի դեպքում ծլիկի, սեռական փոքր և մեծ շուրթերի, հեշտոցի նախադռան և գեղձի, կուսաթաղանթի շրջանում առաջանում է ախտահարում: Վուլվիտի հարուցիչ են հանդիսանում պայմանական-ախտածին միկրոօրգանիզմները (աղիքային ցուպիկ, ստրեպտոկոկ, ստաֆիլակոկ, սնկեր), հազվադեպ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտածին հարուցիչները (գոնոկոկ, տրիխոմոնադ, քլամիդիա):
Առաջացման պատճառները
Վուլվիտի առաջացմանը նպաստում են՝
- Անձնական հիգիենային չհետևելը (հատկապես ցիկլի ժամանակ):
- Կոպիտ հագուստից, հիգիենիկ միջադիրների երկարաժամկետ օգտագործումից կամ սեռական հարաբերության ժամանակ առաջացած լորձաթաղանթի մեխանիկական վնասումները:
- Արտաքին սեռական օրգանների վարակների ժամանակ հեշտոցից, ցերվիկալ ուղուց եկող արտադրության պատճառով կամ անմիզապահության դեպքում առաջացած լորձաթաղանթի գրգռումը:
- Դեղորայքի չարաշահումը (հակաբիոտիկներ), ճառագայթային թերապիան:
- Օրգանիզմում հորմոնային ֆունկցիայի և նյութափոխանակության խանգարումները (ձվարանների թերֆունկցիա, գիրացում, շաքարային դիաբետ, վիտամիների և հանքանյութերի անբավարարություն), ալերգիկ ռեակցիաները:
- Աղիներից, միզուղիներից պաթոլոգիական մուտքի (խուղակներ) առկայությունը:
Տարբերում են առաջնային վուլվիտ, երբ վարակն առաջանում է վնասումի կամ ոչ բավարար հիգիենայի պատճառով, և երկրորդային վուլվիտ, երբ վարակի աղբյուրն այլ օրգաններն են (հեշտոց, արգանդ, միզապարկ, երիկամներ): Առաջնային վուլվիտը սովորաբար հանդիպում է աղջիկների և դաշտանադադարի տարիքի կանանց դեպքում:
Վուլվիտի նշանները
Վուլվիտն ընթանում է սուր կամ քրոնիկ ձևերով: Սուր վուլվիտին բնորոշ են՝
- Սեռական շուրթերի, ծլիկի ուժեղ այտուցը, էրոզիան, շեքի շրջանի և ազդրերի ներքին մակերևույթի ախտահարումները
- Քոր և այրոց, ցավ (միզելիս, շարժվելիս, դիպչելիս ուժգնացող)
- Շիճուկային-թարախային արտադրություն: Աղիքային ցուպիկով վարակման դեպքում՝ ջրային սպիտակահոսք՝ դեղնականաչ և վատ հոտով, ստաֆիլոկոկի դեպքում՝ թանձր, դեղնավուն, կանդիդայի դեպքում՝ կաթնաշոռանման:
- Երբեմն շեքի ավշահանգույցները մեծանում են, դիտվում է ջերմության բարձրացում:
Աղջիկների դեպքում սուր վուլվիտը բնորոշվում է նաև նյարդային գրգռությամբ, քնի խանգարումով: Ժամանակին չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկ՝ հաճախակի կրկնություններով:
Ախտորոշումը
Ախտորոշման համար կազմվում է հիվանդության պատմություն, հաշվի են առնվում գանգատները, գինեկոլոգիական զննման, անհրաժեշտության դեպքում՝ կոլպոսկոպիայի և լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
Հարուցիչը որոշելու համար կատարվում է միկրոֆլորայի մանրէաբանական ցանքս՝ հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշմամբ:
Բացի այդ, հայտնաբերվում են ուղեկցող այլ հիվանություները, որոնք հնարավոր է լինեն վարակի աղբյուր կամ ընկճեն օրգանիզմի իմունային կարգավիճակը:
Բուժումը
Ժամանակակից գինեկոլոգիայում վուլվիտի բուժման համար կիրառվում է տեղային և ընդհանուր ազդեցության համալիր թերապիա: Բուժման նպատակը ոչ միայն բորբոքային պրոցեսի, այլև դրա աջացմանը նպաստող գործոնների վերացումն է:
Սուր վուլվիտի դեպքում անհրաժեշտ է անկողնային ռեժիմ: Կանայք պետք է բուժման շրջանում զերծ մնան սեռական հարաբերություններից: Հակաբակտերիալ բուժումը նշանակվում է կախված հիվանդության հարուցչից և հակաբիոտիկների հանդեպ դրա զգայունությունից: Կատարվում է նաև սեռական օրգանների տեղային մշակում:
Ալերգիկ վուլվիտի դեպքում նշանակվում են հակահիստամինային միջոցներ, հատուկ սննդակարգ:
Բուժման ենթակա են նաև ուղեկցող այլ հիվանդությունները (հորմոնային, նյութափոխանակման խանգարումներ, քրոնիկ վարակներ՝ տոնզիլիտ, պիելոնեֆրիտ):
Կանխարգելումը
Վուլվիտի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ժամանակին բուժել հիվանդությունները, վերացնել քրոնիկ վարակների օջախները: Ինչպես նաև չմոռանալ անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի կարևորության մասին, չէ որ աղջիկների ճիշտ հիգիենան հետագայում իրենց կանացի առողջության երաշխիքն է: