Էկզոցերվիցիտ և էնդոցերվիցիտ

Էկզոցերվիցիտ և էնդոցերվիցիտ

Էկզոցերվիցիտը արգանդի վզիկի հեշտոցային մասի բորբոքումն է, էնդոցերվիցիտը՝ արգանդի պարանոցային խողովակի լորձաթաղանթի բորբոքումն է:

Ցերվիցիտների կանխարգելումը

Ընտանիքի պլանավորման, հղիության, արտադրական ձեռնարկություններում դիսպանսերային հաշվառման ժամանակ անհրաժեշտ է կնոջն ստուգել թաքնված վարակները հայտնաբերելու նպատակով:
Էկզոցերվիցիտ և էնդոցերվիցիտ, վագինիտ հայտնաբերելիս անհրաժեշտ են լրացուցիչ քննություններ (արգանդի վզիկի մակերեսի քսուքի բջջաբանական հետազոտություն) արգանդի վզիկի ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով:

Ցերվիցիտների տեսակները

Էնդոցերվիցիտը ըստ ընթացքի լինում է սուր և քրոնիկական, ըստ բորբոքման տարածվածության` օջախային և տարածված:

Տարբերում են՝ սուր ոչ ինքնատիպ ցերվիցիտ ու վագինիտ, և քրոնիկական ոչ ինքնատիպ ցերվիցիտ:

Ցերվիցիտների պատճառագիտությունը

Ոչ ինքնատիպ ցերվիցիտն ու վագինիտը պայմանավորված են պայմանական ախտածին մանրէների ազդեցությամբ (Е.coli, ստրեպտոկոկներ, ստաֆիլակոկներ, էպիդերմայի ստաֆիլակոկ, մանրէանմաններ, կորինեբակտերիում և այլն):

Առողջ կնոջ օրգանիզմում աէրոբ մանրէները գերակշում են անաէրոբներին 10:1 հարաբերությամբ: Բնականոն մանրէային հավասարակշռությունը խոչընդոտում է ախտածին մանրէների ներխուժմանը, որոնք հեշտոցի ու արգանդի վզիկի բորբոքման պատճառ կարող են դառնալ: Էնդոէկզոցերվիցիտ կարող են հարուցել սեռավարակները (քլամիդիա, միկոուրեապլազմա, տրիխոմոնադներ և այլն): Տարիքային որոշ փոփոխությունների շրջանում էստրոգենների սակավությունը հանգեցնում է ատրոֆիկ կոլպիտի և ոչ ինքնատիպ ցերվիցիտի:

Ցերվիցիտների ախտածագումը

Հայտնի է, որ արգանդի վզիկը սեռական ոլորտը հարուցիչների ներթափանցումից պաշտպանող կենսաբանական պատնեշներից մեկն է: Արգանդի վզիկի անատոմիական-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները (պարանոցային նեղ խողովակը`իր լորձային խցանով, որը պարունակում է մանրէասպան հատկությամբ օժտված IgA, լիզոցիմ և այլ նյութեր) պաշտպանում են հարուցիչների ներթափանցումից:

Պաշտպանական մեխանիզմները խաթարվում են պարանոցի ծննդաբերական վնասվածքների, վիժումների (էկտրոպիոն), ախտորոշիչ վտանգավոր միջամտությունների դեպքում, երբ վարակն ազատ թափանցում է սեռական ուղիներ, իսկ բորբոքումն սկսվում է ամենից առաջ հենց էնդոէկզոցերվիցիտով:

Էկզոցերվիքսի հիմնական գործառույթը պաշտպանությունն է: Էնդոցերվիքսի հիմնական գործառույթը հյութազատությունն է (սեկրետի արտադրությունը): Պարանոցային խողովակը գլանաձև էպիթելով է պատված, և այդտեղ առկա ճեղքերն ու փոսերը կոչվում են պարանոցային գեղձեր: Դրանք հյութ են արտադրում, որի բնույթը փոխվում է` կախված դաշտանային ցիկլի փուլից: Նայած հարուցիչն ինչ տեսակի է և ուր է ներդրվում, բորբոքումը զարգանում է էնդո կամ էկզոցերվիցիքսում:

Ցերվիցիտի ու վագինիտի կլինիկական պատկերը

Սուր ոչ ինքնատիպ ցերվիցիտին ու վագինիտին հատուկ է լորձային և թարախային առատ արտադրությունը, հեշտոցի քորը, երբեմն որովայնի ստորին հատվածների ցավերը: Հայելիներով զննելիս հեշտոցի ու արգանդի պատին դիտվում են կետավոր արյունազեղումներ, լորձաթաղանթի կարմրություն, այտուց: Ծանր դեպքերում կարող են երևալ խոցեր: Քրոնիկական ցերվիցիտն ու վագինիտն ուղեկցվում են աննշան արտադրությամբ, բայց արգանդի վզիկն այտուցված է լինում:

Էնդոցերվիցիտի կլինիկական պատկերը

Սուր էնդոցերվիցիտ՝ հիվանդները գանգատվում են հեշտոցից եկող լորձաթարախային արտադրությունից, երբեմն որովայնի ստորին հատվածների ու գոտկատեղի ձգող ցավերից: Արգանդի վզիկը հայելիներով զննելիս և կոլպոսկոպիայի ժամանակ պարանոցային խողովակի արտաքին բացվածքի շուրջ դիտվում է կարմրություն (կարմրած, այտուցված լորձաթաղանթի աննշան արտափքում), առատ լորձաթարախային կամ թարախային արտադրություն, էրոզիվ մակերես:

Քրոնիկական էնդոցերվիցիտը զարգանում է սուր էնդոցերվիցիտը չհայտնաբերելու և չբուժելու դեպքում, որին հատուկ է բորբոքման տարածումը ստորադիր շարակցահյուսվածքային և մկանային տարրերի վրա: Արգանդի վզիկի հեշտոցային մասի վրա կեղծ էրոզիաներ են գոյանում, դրան նպաստում են արգանդի պարանոցի խողովակից ախտաբանական արտազատուկները (էպիթելը թրջվում և պոկվում է, ներթափանցում է երկրորդային վարակը):

Հայտնվում են ներսփռանքներ` հետագա գերաճով և կազմափոխություններով: Վզիկը կոշտացած և գերաճած է լինում, ինչին նպաստում են կեղծ էրոզիաների բուժման հետևանքով գոյացած բշտերը:

Ցերվիցիտների ախտորոշումը

Ներկա պայմաններում լաբորատոր հետազոտությունների շնորհիվ էկզոէնդոցերվիցիտների ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում և ներառում է՝

  • մանրադիտում,
  • մանրէաբանական հետազորություն,
  • բջջաբանական հետազորություն,
  • հեշտոցի արտազատուկի рН-մետրիկ հետազորություն,
  • ՊՇՌ և իմունոֆերմենտային հետազոտություն,
  • ընդլայնված կոլպոսկոպիա:

Պարտադիր հետազոտություններ

Պարանոցային խողովակի, հեշտոցի և միզուկի արտազատուկի մանրադիտում մանրէների նկատմամբ` (ներառյալ տրիխոմոնադները, գարդներելլաները, գոնոկոկերն ու սնկերը), հետազոտվող նյութի մանրէաբանական ցանքս` հարուցչի անջատմամբ և հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշմամբ, քսուք` բջջաբանական քննության համար:

Լրացուցիչ հետազոտություններ։ Արյան ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն, արյան քննություն RW, սեռավարակների ախտորոշում (հերպես, պապիլոմավիրուս, քլամիդիոզ, միկոպլազմա, ուրեապլազմա), կոլպոսկոպիա. փոփոխված տեղամասերի հայտնաբերում` բորբոքմանը հատուկ առանձին և տարբեր չափերի (0,1—0,5 սմ), էպիթելից բարձր, դեղնակարմրավուն` շրջապատված սպիտակ երիզով գոյացություններ, փոփոխված տեղամասերից բարձր երևացող բարակ, տձևացած անոթներ, որոշ օջախներ միաձուլված են` մեծ տեղամասեր զբաղեցնելով, որտեղ երևում են լայնացած անոթների հանգույցներ, ինչպես նաև կետավոր արյունազեղումներ, օջախային կամ տարածված կարմրություն:

Անամնեզը և ֆիզիկական հետազոտությունը

Դաշտանադադարի փուլում գտնվող կանանց շրջանում հիվանդությունը հաճախ հայտնաբերվում է ատրոֆիկ կոլպիտի տեսքով:

Լաբորատոր հետազոտություններ
• Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է կատարել մի քանի լաբորատոր հետազոտություն: Մանրադիտումը հնարավորություն է տալիս որոշել մանրէների ընդհանուր քանակը, դրանց պատկանելությունը պայմանական օբլիգատներին կամ լակտոբակտերիաներին:
• Մանրէաբանական հետազորությունը հնարավորություն է ընձեռում պարզել մանրէների տեսակային պատկանելությունը, ձևը, հակաբիոտիկների հանդեպ զգայունությունը: Բջջաբանական եղանակի օժանդակությամբ հնարավոր է պարզել ախտահարված հյուսվածքների կազմությունը բջջային մակարդակով և գնահատել բուժման արդյունքների տեղաշարժերը ժամանակի ընթացքում: Ընդլայնված կոլպոսկոպիան հնարավորություն է տալիս գնահատել բուժման արդյունքները տարբեր հարուցիչների պարագայում` ըստ բորբոքման կոլպոսկոպիկ պատկերի յուրահատկությունների:

Ըստ Վ. Ի. Կրասնոպոլսկու տվյալների` արգանդի վզիկի ոչ ինքնատիպ բորբոքման ժամանակ տարբերում են մի քանի առանձնահատկություն՝

  • կախված հարուցչի տեսակից` արտազատուկը տարբեր տեսք ու բաղադրություն ունի,
  • գլանաձև և բազմաշերտ տափակ էպիթել` վառ կարմիր կետերի տեսքով, որոնք մազանոթների գագաթներն են,
  • շիլլերի փորձը բորբոքային գործընթացի լավ ինդիկատոր է (դարչնագույն ֆոնում բաց գույնի բծերի կամ յոդանեգատիվ տեղամասերի տեսքով),
  • իսկական Էրոզիաները տիպիկ դեպքերում իրենց մակերեսին թարախային փառ են ունենում:

Գործիքային հետազոտություններ

Արգանդի վզիկի ընդլայնված կոլպոսկոպիան և փոքր կոնքի ՈՒՁՀ-ն պարտադիր պետք է կատարել: Դա արվում է զուգորդող ուռուցքային գործընթացի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար:

Տարբերիչ ախտորոշումը

Էկզո-էնդոցերվիցիտները տարբերում են արգանդի վզիկի էկտոպիայից, արգանդի վզիկի քաղցկեղից, ինքնատիպ ցերվիցիտից (գոնոռեային, սիֆիլիսային, տուբերկուլոզային և այլն):

Ցերվիցիտների բուժումը

Բուժման նպատակներն են՝ 
• բորբոքման գործընթացի կասեցումը պատճառական գործոնների վրա ազդելով,
• նախատրամադրող գործոնների վերացում (նյարդաներզատական և այլ գործառույթային շեղումներ),
• զուգորդող հիվանդությունների բուժում:

Դեղորայքային բուժումը

Ներառում է հակամանրէային, հակատրիխոմոնադային, հակասնկային, հակաքլամինադային և այլ պատրաստուկներ:

views 56987
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում